ՓՈԽԱԴԱՐՁ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ Քաղաքական դաշտի փոխակերպումները օր օրի նոր տրանսֆորմացիաների են ենթարկվում: Պառակտումներ ու միաբանումներ են լինում, նախագահական ընտրությունների նախընտրական շտաբների, մարզային եւ տեղական կառույցների ղեկավար-կոորդինատորների պայքար… Դեռ ամիսներ առաջ «Ազգային միաբանություն» կուսակցությունը իր նախընտրական տեղական կառույցներն էր փակում՝ ֆինանսներ չունենալու պատճառով, իսկ ահա այսօր դրանք վերաբացվում են, շատանում: Ըստ Կոմկուսին մոտ կանգնած որոշ աղբյուրների, վերջերս «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը ֆինանսավորվել է ՀՀ պաշտպանության նախարար, Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանի կողմից: Ամբողջ գումարի հստակ չափը դեռեւս հայտնի չէ: Կոմկուսից մեր աղբյուրների տվյալներով, Կոմկուսը այժմ կանգնած է մասնատման եզրին: Եվ պատճառը, ասվում է, այն է, որ ստացած վերոնշյալ գումարից հարյուր հազար դոլարի կարգի գումար է տրվել Կոմկուսի ղեկավարությանը՝ նախագահական ընտրություններին Արտաշես Գեղամյանի թեկնածությունը պաշտպանելու համար: Այս առնչությամբ Կոմկուսի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը անկեղծորեն զարմացավ, որ Գեղամյանին պաշտպանելու, ֆինանսավորման եւ Կոմկուսի պառակտման մասին տեղեկատվության մեր աղբյուրները հենց Կոմկուսից են: Ս. Սահակյանը հերքեց լուրերը, հիշատակելով Կոմկուսի համագումարում կատարված հայտարարությունները՝ նախագահի իրենց թեկնածու Վլադիմիր Դարբինյանի մասին եւ այն, որ Գեղամյանի նշած՝ «Ազգային միաբանության», Սոցուժերի եւ Կոմկուսի դաշինքում իրենք մաս չեն կազմելու, որ ողջ ուժերը տասնապատկելու- հարյուրապատկելու են ընդդեմ այս հակաժողովրդական իշխանությունների: Գեղամյանն էլ է իր բանավոր խոսքում պայքարում ներկա իշխանությունների դեմ, սակայն իրականում համագործակցում է: Այսօր արդեն խոսակցություններ կան նաեւ այն մասին, որ իշխանությունները Գեղամյանին պատրաստում են իբրեւ նախագահի ալտերնատիվ թեկնածու՝ Քոչարյանին անցկացնել չկարողանալու պարագայի դեպքում: Բոլոր դեպքերում, այլեւս գաղտնիք չէ եւ ոչ ոք չի մոռացել, որ Գեղամյանին հատուկ է քննադատական ճոխ ճառերով պայքարելը եւ ճանապարհի կեսից կերպարանափոխվելը: Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ