Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԸ ՄԵՐ ՍԵՐՆ Է, ԻՍԿ ԲՈԼՈՐՍ՝ ՆՐԱ ԾԱՌԱՆ ՈՒ ԱՍՊԵՏԸ

Դեկտեմբեր 06,2002 00:00

ՖՈՒՏԲՈԼԸ ՄԵՐ ՍԵՐՆ Է, ԻՍԿ ԲՈԼՈՐՍ՝ ՆՐԱ ԾԱՌԱՆ ՈՒ ԱՍՊԵՏԸ Ակումբներ Առանց ակումբային ֆուտբոլի դժվար է նույնիսկ մարզաձեւի գոյությունը պատկերացնել։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ ակումբների առջեւ դրված խնդիրները բազմազան են, բայց նաեւ՝ կոնկրետ։ Հիմա միայն բարձրագույն կամ առաջին խմբում թիմ պահելը շատ քիչ է։ Թերեւս, ավելի կարեւորվում է ֆուտբոլը մանկապատանեկան տարիքի երեխաների շրջանում տարածելն ու զարգացնելը, որից կախված է ֆուտբոլի ապագան։ Ավաղ, մեր բոլոր ակումբները չէ, որ ունեն մարզադպրոցներ կամ ֆուտբոլային խմբեր։ Առանց այս խնդիրը լուծելու՝ մեզ մոտ ֆուտբոլի զարգացումը դեռ երկար ժամանակ կաղալու է։ Հիմա այն ակումբների մասին, որոնք ունեն մանկական թիմեր։ Դրանցում մարզվում են հարյուրավոր երեխաներ, ու դա շատ լավ է։ Սակայն ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել մի բացթողումի վրա, որը, կարծում ենք, առկա է ու վերաբերում է գրեթե բոլոր ակումբներին։ Խոսքը սելեկցիոներ մարզիչների մասին է։ Ինչպե՞ս է կատարվում երեխաների ընտրությունը։ Գուցե հայտարարություն է արվում, ու հոսքը սկսվում է։ Բայց որքան տեղյակ ենք, ոչ մի մարզիչ իրեն նեղություն չի տալիս շրջել բակերում, թաղերում, դպրոցներում, էլ չենք խոսում մարզեր այցելելու մասին, որտեղ անպայման կլինեն տաղանդավոր երեխաներ, բայց ծնողի մտքով չի անցել երեխային ֆուտբոլի տալ։ Հայաստանյան ակումբային թիմերում մեր տեսակետից հոգեբան-մասնագետների պահանջ կա։ Հայտնի է, որ հոգեբանական պատրաստվածությունը ֆիզիկականից ու տեխնիկականից պակաս կարեւոր չէ։ Ու այս բացը զգացվում է ոչ միայն ներքին առաջնությունում, այլեւ միջազգային հանդիպումներում, երբ հայ ֆուտբոլիստները չեն կարողանում հաղթահարել ընկճվածությունը ու շատ դեպքերում տուժում են հենց դրա պատճառով։ Հարկ է խոստովանել, որ պատշաճ մակարդակի չէ նաեւ ֆուտբոլիստների հետ տարվող դաստիարակչական աշխատանքը, որն անմիջականորեն ազդում է խաղային կարգապահության վրա։ Մեղմ ասած, եզակի չեն դեպքերը, երբ ֆուտբոլիստները մրցավարների հետ բանավիճելը, մրցակից թիմի խաղացողի հետ ոչ մարզական վերաբերմունքը կարծես համարում են իրենց պարտականությունների պարտադիր բաղկացուցիչ մասը։ Իսկ ամենավատն այն է, որ հաճախ այդ ամենը սադրում են մարզիչները, ակումբների պատասխանատու անձինք։ Դժվար է հիշել անգամ մի դեպք, որ նման առիթներով ակումբի ղեկավարությունը սեփական նախաձեռնությամբ համապատասխան պատժամիջոց կիրառած լինի նման կարգազանցների նկատմամբ։ Հակառակը, վերջին շրջանում ասես մոդա է դարձել թիմը դաշտից դուրս բերելը, խաղից հետո «ռազբորկաներ» սարքելը, առաջնությունը բոյկոտելու սպառնալիքներ տեղալը։ Ֆուտբոլը՝ սպորտ լինելուց բացի, նաեւ ինդուստրիա է ու բիզնես։ Ակումբ պահելը, անգամ Հայաստանի նման երկրում, խոշոր ներդրումներ է պահանջում։ Հովանավորը ներդնում է միջոցներ ու… նաեւ շահույթ ակնկալում։ Սա գաղտնիք չէ ու բնական է։ Բայց տարիներն անցնում են ու արդյունք չկա։ Դրա պատճառները շատ են ու յուրաքանչյուրն ունի իր մեկնաբանությունը։ Ֆուտբոլում էլ գործում են բիզնեսի օրենքները, ու շահելու է նա, ով գործը ճիշտ կկազմակերպի ու շատ չի շտապի։ Պարտադիր չէ, որ գործի մեջ մեծ միջոցներ ներդնողն արագ եկամուտներ ստանա։ Օրինակ բերենք «Միկան», որի հովանավորի հետ մոտ մեկուկես-երկու տարի առաջ այս թեմայով զրուցել ենք։ Ակումբը ֆինանսների պակաս չի ունեցել, բայց Մ. Բաղդասարովի սպասելիքներն էլ չեն արդարացել։ Չենք ցանկանում աղ լցնել հին վերքերին։ Բայց, կարծում ենք, կարելի է նրա վրիպումների մասին խոսել, որով գուցե կօգնենք սեփական տնտեսությունում կարգուկանոն հաստատել։ Առաջինը ակումբում ճիշտ խորհրդատուներ ընտրելն է, որոնք պետք է կազմակերպեն աշխատանքները։ Թվում է, թե դրան կոչվածները չեն մտածել վստահությունն արդարացնելու մասին, այլ «տաքուկ անկյունում» յոլա են գնացել, քանի դեռ դրա հնարավորությունը եղել է։ Հաստատ դիտավորություն չի, ավելի շուտ պատասխանատվության պակաս է կամ անկարողություն, երբ որոշվում է մարզիչ, խաղացողներ հրավիրել արտասահմանից։ Հասկանալի է, որ նրանց վարձատրությունն էլ փոքր չի եղել ու վճարողը ոչ թե խորհրդատուներն են եղել, այլ՝ հովանավորը։ Ի՞նչ եղավ։ Եկավ Վ. Գլադիլինը, իր հետ բերեց լեգեոներականների, բայց «Միկայի» խաղը չլավացավ, եթե չասենք՝ ավելի վատացավ։ Բանը հասավ այնտեղ, որ Մ. Բաղդասարովը ոչ միայն հրաժարվեց նրանց ծառայություններից, այլեւ, ըստ լուրերի, նույնիսկ քիչ էր մնում հրաժարվեր հովանավորելուց։ Իսկ այդ ընթացքում եղել էին ուսումնամարզական հավաքներ տարբեր երկրներում, առաջնության խաղեր։ Այսինքն՝ փոքր գումարներ չեն ծախսվել, որոնք, ըստ էության, փոշիացել են։ Լավ է, որ համաձայն նույն լուրերի, Բաղդասարովը վերջին պահին փոխել է որոշումը։ Իսկ սխալի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել։ Իհարկե, սեփական տնտեսությունը կարգի բերելուն զուգահեռ, պետք է պայքարել նաեւ արտաքին խանգարիչ երեւույթների դեմ։ ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի պահանջներով յուրաքանչյուր ֆուտբոլային ակումբ պարտավոր է իր մարզաբազան ունենալ՝ խաղային ու մարզումային դաշտերով, շենքային եւ այլ պայմաններով։ Բայց այս գործում էլ Հայաստանում վիճակը բարվոք չէ։ Բացառությամբ մի քանի ակումբների, մյուսները չունեն ոչինչ։ Որքան շուտ կարգավորվի այս խնդիրը, այնքան ձեռնտու կլինի նախ ակումբների, ապա ֆեդերացիայի ու, վերջին հաշվով, ֆուտբոլ մարզաձեւի համար։ Վերջում՝ նորից ակումբներ-լրատվամիջոցներ գործնական կապի, ավելի ճիշտ՝ դրա բացակայության մասին։ Երեւի բոլոր ակումբներն էլ, հատկապես բարձրագույն խմբի, ունեն լրատվական ծառայություն կամ այդ գործի պատասխանատու։ Անկեղծ լինենք. դա ընդամենը ձեւականություն է։ Ոչ մի ակումբում այդ օղակը նորմալ չի գործում։ Լրագրողների մեծ մասը կհաստատի, որ աշխատանքային, գործնական ու մշտական կապ գոյություն չունի։ Այդ ծառայություններն ու անձինք լրատվական դաշտը բաժանել են «մերոնքականների» եւ «օտարների»։ Վերջինները երբեք տեղյակ չեն պահվում կատարվողի կամ կատարվելիքի մասին։ Օրացուցային խաղերի ժամանակ նրանց օպերատորները նկարահանում են, բայց հանդիպումներից հետո, որպես կանոն, մարզիչների, ֆուտբոլիստների մասնակցությամբ ասուլիսներ չեն կազմակերպվում։ Ու չգիտես էլ, թե ում դիմես։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս իրավիճակը ձեռնտու է հենց ակումբներին։ Որքան հեռու լրատվամիջոցներից, այնքան լավ։ Բայց, Աստված չանի, եթե մրցավարին, ֆեդերացիային փնովել է պետք, կամ ղեկավարությանը ինչ-որ բան համոզել, ապացուցել, անմիջապես առանց դժվարության հիշում են ու հրավիրում։ Այն, ինչի մասին խոսվեց, ավելի կամ պակաս չափով բնութագրական է մեր ակումբներին։ Վերջիններս շատ բաներ ունեն անելու, վերափոխելու, վերանայելու։ Ու դա կօգնի նորին մեծություն ֆուտբոլին։ Շարունակելի ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել