Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՓԱ՜ՅՏ, ՀԱՅ ԱՆՏԱ՜Ռ, «ՀԱՅԱՆՏԱ՜Ռ»

Դեկտեմբեր 06,2002 00:00

ՀԱՅ ՓԱ՜ՅՏ, ՀԱՅ ԱՆՏԱ՜Ռ, «ՀԱՅԱՆՏԱ՜Ռ» Ամանորի նախաշեմին տոնածառացու փշատերեւների սպանդը հասնում է գագաթնակետին։ Ամեն փողոցի անկյունում ու ամեն պատի տակ «տոնածառային» շուկաներ են բացվում, իսկ չվաճառված ծառերը դեկտեմբերի 31-ից հետո հայտնվում են աղբանոցներում, որովհետեւ մատղաշ լինելու պատճառով դրանցից մի վառարան կպցնելու փայտ էլ դուրս չի գալիս։ Իսկ պատկան մարմինները, որոնց առաքելությունը ի պաշտոնե բնությունը պահպանելը պիտի լիներ, ջրից միշտ «չոր են դուրս գալիս»՝ հայտարարելով, թե ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում։ «Նորմայից» դուրս կտրված ծառերի համար հայրենի բնապահպանները երբեք էլ պատասխան չեն տալիս, քանի որ չվաճառված ծառերը նրանց բախտից «ներկրված են լինում» հարեւան հանրապետություններից եւ ոչ թե կտրված Հայաստանի անտառներից։ Խմբագրության ստացած հերթական ահազանգը վերաբերում էր ոչ թե փշատերեւ ծառերի հատմանը, այլ ընդհանրապես անտառի անխնա ոչնչացմանը՝ Ճամբարակ-Շամշադին հատվածում։ Ականատեսները վկայում են, որ յուրաքանչյուր ժամվա ընթացքում մայրուղով փայտանյութ բարձած մի քանի տասնյակ մեքենա է անցնում՝ հատկապես 28-ով սկսվող պետհամարանիշներով։ Ավելին, ըստ վերջիններիս, Շամշադինի անտառը նույնիսկ ոչնչացվում է հատուկ «տեխնոլոգիայով». սկզբում այրում են խոտը, որից ծառերը սեւանում-վնասվում են, իսկ հետո համապատասխան «լիազորություններով» օժտված մարդիկ (երբեմն էլ վերեւից հրահանգ ստացած զինվորականներ) որոշում են, թե ինչպես պետք է ազատվել «խոտան» ու «հիվանդ» ծառերից։ «Հայանտառ» ՓԲԸ-ի տնօրեն Հրաչ Հովակիմյանը հաստատեց, որ 3 ամիս է, ինչ սկսվել են փայտանյութի ստացման աշխատանքները։ Նա տեղեկացրեց, որ ըստ պլանային առաջադրանքի՝ նախատեսված է ստանալ 70 հազար խմ փայտ։ Ըստ նրա, վերջին օրերին կտրվել է 17 հազար խմ փայտ, որից 14 հազարը իրացվել է Երեւան քաղաքում։ Հ. Հովակիմյանը, բնականաբար, հերքեց մեզ հասած լուրերը, դեռ մի բան էլ հայտարարեց, որ անտառը ոչ միայն չի ոչնչացվել Հայաստանի որեւէ հատվածում, այլ համալրվել է նոր ծառերով. Շամշադինում, Վանաձորում, Ճամբարակում (Կրասնոսելսկ) տնկվել են ծառեր (215 հա տարածքի վրա), որոնք ունեցել են 90% կպչողականություն։ «Առավոտին» ահազանգած քաղաքացիների պնդումը (որ անտառներում հաճախ միտումնավոր ծառերը այրել են, որպեսզի հետո դրանց վերջը տան) պրն Հովակիմյանը «դեզինֆորմացիա» որակեց։ «Եթե այրվել է, ապա միայն խաշամը, մեղավորներն էլ սարվորներն են եղել»,- ասաց նա։ Նաեւ հավաստիացրեց, որ փայտ տեղափոխող բոլոր մեքենաները ունեն դրա իրավունքը։ Ինչեւէ, ամենեւին էլ դժվար չէ ապացուցել, որ փայտանյութ բեռնած բոլոր մեքենաները «պաշտպանված» են համապատասխան փաստաթղթերով, դժվար չէ դրանք ձեռք բերելը, եթե, իհարկե, «մարդ» ունես համապատասխան տեղում։ Դեռ նախորդ ռեժիմի ժամանակ յուրաքանչյուր գերատեսչություն համապատասխան պաշտպանական մեխանիզմներ ուներ մշակած, որոնց «շնորհիվ» իր տնօրինած ոլորտում կատարվող ամեն գործողություն «օրինականացնում» էր ու անհրաժեշտ փաստաթղթային հիմնավորում ապահովում։ Էլ ուր մնաց հիմա, երբ բոլոր հարցերը լուծվում են ախպերական-ընկերական մակարդակներով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել