ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՎԵՐԸՆՏՐՎԻ Այսպես են մտածում ընդդիմադիրներից շատերը Երեկ «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության համագումարը վերածվեց «16» ընդդիմադիրների հրավիրյալների կողմից ներքաղաքական իրավիճակի ու առաջիկա ընտրությունների հրապարակային քննարկումների, որոնք երբեմն ներառում էին նաեւ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի ելույթում հնչած առաջարկների արձագանքները: Իսկ վերջինս մասնավորապես առաջարկում էր «16»-ին՝ անկախ միասնական թեկնածուի շուրջ համաձայնությունից, ՀՀ բոլոր 2150 ընտրատարածքներում ձեւավորել միասնական շտաբներ, որոնք կղեկավարվեն ընտրությունների վերահսկողությունը համակարգող միասնական կենտրոնական շտաբից: «Պետք է պայմաններ ստեղծենք ու թեւերը քշտած պայքարենք արդար ընտրությունների համար: Եվ եթե փետրվարի սկզբին միասնական թեկնածուի շուրջ գանք համաձայնության, ձեւավորված շտաբների գործունեությունն էլ արդյունքներ տա, մարդիկ էլ մերված կլինեն՝ միասնական թեկնածուի միասնական շտաբում, մեխանիզմը կսկսի աշխատել ինքն իրեն: Եթե մինչ այդ միասնական թեկնածուի շուրջ էլ պայմանավորվածություն ձեռք չբերվի՝ ոչինչ: Առաջին փուլը կհամարենք համաժողովրդական հարցում, եւ, այսօրվանից պայմանավորվենք, որ դրա արդյունքներից ելնելով, անկախ մեր տարաձայնություններից՝ միավորվելու եւ պայքարելու ենք այդ՝ ժողովրդի ամենաշատ քվեն ստացած, թեկնածուի համար: Բայց մեր վաղվա պայքարի համար արդեն այսօր պետք է մեխանիզմներ ստեղծենք: Եթե կարողանանք միասնական շտաբներում ստեղծել ամուր կորիզ, ապա զանգվածային խախտումներ չեն լինի, ու, համոզված եմ, Ռ.Քոչարյանը նույնիսկ 300 հազար ձայն կեղծելով չի կարող նախագահ ընտրվել: Կա մի որոշակի շերտ, որն իր ձայնը կտա Քոչարյանին, կօգտագործվեն իշխանական լծակները, բայց լավագույն դեպքում դա կապահովի նրա ձայների մոտ 20-25 տոկոսը»: Դրանից այն կողմ, ըստ պրն Սադոյանի, «Քոչարյանը բնական ռեսուրս չունի»: «Հանրապետության» նախագահ Ալբերտ Բազեյանը նախ ընդգծեց, թե Ա.Սադոյանն այն գործիչներից է, որը լինելով 88-ի շարժման ակունքներում՝ առաջիններից մեկը հանդես եկավ իշխանության գայթակղությանը չդիմացած «Շարժման» գործիչների դեմ եւ արդեն ավելի քան 10 տարի «սկզբունքային կեցվածք» է դրսեւորում: «Իհարկե, մենք կցանկանայինք, որ առաջիկա ընտրություններից հետո այնպիսի իրավիճակ ստեղծվեր, որ Ա.Սադոյանն այլեւս ընդդիմադիր չլիներ»,- Ա.Բազեյանի այս ցանկությանը դահլիճը ծափերով արձագանքեց: Անդրադառնալով Ա. Սադոյանի՝ պետական կառավարման համակարգում փոփոխություններ կատարելու, խորհրդարանի կողմից գործադիր մարմին ձեւավորելու հարցադրմանը, պրն Բազեյանը նկատեց, թե «պետության վիճակը պայմանավորված է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով». «Ու մինչեւ մենք չկարողանանք ասպարեզից հեռացնել սուբյեկտիվ գործոնները, օբյեկտիվ գործոնների մասին խոսելն անիմաստ է: Առաջին հերթին պետք է վերականգնվի սահմանադրական կարգը, որն այսօր վտանգված է, եւ, ինչով պայմանավորված է գոյություն ունեցող կոռումպացված համակարգը: Խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Իշխանությունն ամբողջությամբ կոռումպացված է. ինքն իր դեմ պայքարել չի կարող: Դա հասարակության, քաղաքական ուժերի խնդիրն է, եւ մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ այս անգամ արդար ընտրություններով օրինական իշխանություն ձեւավորվի»: Նա վստահեցրեց. «Այն գերխնդիրը, որը հետապնդում է իշխանությունը՝ առաջին փուլով անցկացնել Քոչարյանին, տեղի ունենալ չի կարող: Լինելու է երկրորդ փուլ, եւ այդ դեպքում ամեն ինչ պետք է անել, որ ընտրությունների արդյունքը կարողանանք պաշտպանել: Ինչ վերաբերում է միասնական շտաբների ձեւավորմանը՝ մենք կողմ ենք»: Դրանից զատ «Հանրապետությունը» արդեն նախաձեռնել է ընտրակեղծիքների դեմ պայքարող «հարվածային» խմբերի ձեւավորում: Ըստ նրա, իշխանությունները ուժերի համընդհանուր մոբիլիզացիա են հայտարարել, ուստի՝ համընդհանուր մոբիլիզացիա պետք է հայտարարի նաեւ ընդդիմությունը, իսկ «արդար ընտրությունների դեպքում ընդդիմության թեկնածուի հաղթանակը լինելու է հարյուր տոկոսով»: «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանն էլ իր ելույթում պնդեց, որ, եթե իշխանություններն այս ընտրություններում «հարամություն» անեն, բացի այն, որ չեն մարսի, այլեւ ինքը կդառնա հեղափոխական, ազգն էլ՝ «հարվածային» խումբ: Ընդդիմության թեկնածուների բազմությունը նա բացատրեց ազգային մենթալիտետով, բայցեւ հայտարարեց, որ դա նաեւ դրական կողմ ունի. թեկնածուներին Հանրային հեռուստատեսությամբ հասանելիք մեկ ժամանոց եթերաժամը վերջիններս կարող են առավելագույնս օգտագործել՝ ՀՀ ողջ բնակչությանն առանձին-առանձին ներկայացնելու անցած 5 տարիներին արվածն ու չարվածը: ՀԺԿ-ից Ստեփան Զաքարյանն էլ հայտարարեց, թե «Քոչարյանի վարկանիշի տոկոսներն էլ ասում են, որ նա չի անցնելու: Եթե անգամ երկրորդ փուլ եղավ, ուրեմն Քոչարյանը դրան չի մասնակցի. նա երկրորդ փուլ անցնելու որեւէ շանս չունի»: Կարծում ենք, նախագահ ընտրվելու շանս չունի նաեւ Արշակ Սադոյանը, որին ԱԺԿ-ն երեկ պաշտոնապես առաջադրեց որպես ՀՀ նախագահի թեկնածու: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ