Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարոտների շրջապտույտ

Դեկտեմբեր 05,2002 00:00

Կարոտների շրջապտույտ Ավանգարդիզմը «խեղդել» է Հայաստանը «Այժմ Հայաստանում Արեւմուտքի հետ ինտեգրվելու պրոցես է գնում, բայց՝ գռեհկացված ձեւով. մենք թափում ենք մեր արժեքներն ու փորձում հաճոյանալ դրսին,- կարծում է գեղանկարիչ Հրազդան Թոքմաջեանը,- դուք նկատո՞ւմ եք, որ գորբաչովյան ժամանակներից սկսած, ամենաակտիվ խումբը նկարչության մեջ ավանգարդիստներն են, նրանց դեմքով են Արեւմուտքում ճանաչում հայ արվեստը, նրանց են հովանավորում-ցուցադրում դրսերում»։ Զրուցակիցս գտնում է, որ ողջ 10 տարիների ընթացքում, այսպես կոչված, «3-րդ հարկի տղաները» ոչինչ չարին հայ արվեստի համար, եւ ինչ արել՝ նրանց հայրերի սերունդն է արել, «իսկ իրենք միայն փորձել են հաճոյանալ, կապկել, մոռանալով, որ մենք նկարչական ավանդույթ ունեցող ազգ ենք եւ մեր արժեքը դրանում է»։ Վերջին տասնամյակը գեղանկարիչն անցկացրել է Սիրիայի Հալեպ քաղաքում, դասավանդել Սարյանի անվան գեղարվեստի ակադեմիայում։ Ծնունդով գյումրեցի նկարիչը չի զղջում հայրենիքից հեռու ապրելու-ստեղծագործելու համար, քանի որ «այստեղ ոչ մի հետաքրքիր երեւույթ չեմ նկատում նկարչության մեջ, որից զրկված եմ»։ Իսկ այնտեղ նկարչական արվեստը ձեւավորման փուլում է, արաբ նկարիչները նոր-նոր կարողանում են դեկորատիվ արվեստից դուրս գալ ու շփվել դասական գեղանկարչության հետ։ «Իմ երեխաներից շատերն արդեն լավ ընդունելություն ունեն իրենց երկրից դուրս, եւ դա ինձ համար մեծ երջանկություն է»,- ասում է Հրազդանը, միաժամանակ ափսոսալով, որ մանկավարժական ու այլ աշխատանքներ ժամանակ չեն թողնում ստեղծագործելու։ Մինչ այժմ նկարել է 200 կտավ, հիմնականում՝ բնանկար, որի մեծ մասը վաճառված է եւ՝ ոչ այստեղ։ «Այնտեղ հայերի տներում հայ նկարիչների գործեր են կախված, երբ ցուցահանդեսներ են լինում՝ տեղացի ունեւոր հայերը բարեխղճորեն գնումներ են անում, քաջալերանքի համար, որպես ազգային պարտք»,- համեմատեց Հրազդանը, ավելացնելով, որ երեւանյան իր ցուցահանդեսում ոչ մի կտավ չվաճառվեց։ «Թեպետ չէի էլ սպասում, ես ընդամենը 10 տարիների փափագս իրագործեցի եւ գոհ եմ նաեւ դրական արձագանքներից»,- ասաց նա։ Հ. Թոքմաջեանին հարցրինք նաեւ սիրիահայ գաղութի կյանքից՝ «այնտեղ կյանքը հարթ է, հարաբերությունները՝ մեղմ, հայերն իրար խնայում են, ինտրիգներ չկան, ունեւորները մեծ զոհողություններ են անում մշակույթ ու կրթություն պահելու համար, չսովորող ու փողոցում մնացած երեխա չկա»։ Ինքը՝ Հրազդանը, բարձր աշխատավարձ չունի, բայց նկարչական ձեւավորման պատվերներն են շատ, մասնագետներն էլ՝ քիչ։ Պատմեց, որ 90-ականների սկզբին հայ նկարիչները շատ էին գնում Սիրիա ու Բեյրութ՝ ցուցահանդես-վաճառքներով, «այժմ քիչ են գալիս, Եվրոպա են գնում, որտեղ ավելի թանկ կվաճառվի, բայց այդպես էլ Մերձավոր Արեւելքում գնալով մեր արվեստից անտեղյակ են դառնում»։ Ինքը՝ Հրազդանը, դեռեւս չգիտե, թե երբ կվերադառնա, «երբ այստեղ կկարողանամ նորմալ վաստակել ու ընտանիքս պահել»,- ասաց ու կասկածեց՝ «դա ե՞րբ կլինի, ո՞վ գիտե»։ Բայց Հայաստան այցելում է ամեն տարի, կարոտն է բերում, նույնպիսի կարոտ էլ արդեն Հալեպի հանդեպ ունի. «Շատ ընկեր-բարեկամներ ունեմ արդեն, աշակերտներիս եմ կարոտում, գործիս եմ կարոտում, ընտանիքս է այնտեղ»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել