Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՍԱ՝ ԹԵԿՆԱԾՈՒԴ, ԱՍԵՄ՝ ԱԽՈՐԺԱԿԴ

Դեկտեմբեր 05,2002 00:00

ԱՍԱ՝ ԹԵԿՆԱԾՈՒԴ, ԱՍԵՄ՝ ԱԽՈՐԺԱԿԴ «Ամուսինս «Հանրապետական» կուսակցության ակունքներում կանգնած մարդ է եղել։ Սակայն ես չեմ ընտրելու հանրապետականների սատարած թեկնածուին՝ Ռ. Քոչարյանին»,- հայտարարում է Անահիտ Բախշյանը։ Նրա ընտրյալ թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է, մարդ, որի կերպարի նկատմամբ իր վերաբերմունքը Ա. Բախշյանն արդեն արտահայտել է «Առավոտի» սեպտեմբերի 10-ի համարում։ Նրա կարծիքով, Ր. Հովհաննիսյանը մարդ է, որից կարելի է ակնկալել պետության մեջ արդարության արժեքի բարձրացում, օրենքի գերակայություն. «Հույս ունեմ, որ Ր. Հովհաննիսյանի՝ նախագահ ընտրվելուց հետո անպայման գնահատական կտրվի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, կտիրի մթնոլորտ, որը կբացառի նմանօրինակ ահաբեկչությունները»։ Հոկտեմբերի 27-ի հետ կապված ցանկացած խնդիր որեւէ թեկնածուի առջեւ դնելը, բացի Ռ. Քոչարյանից, Ա. Բախշյանը ճիշտ չի համարում։ Ըստ նրա, գործող նախագահը, որը 1999-ի հոկտեմբերի 27-ին պետության անվտանգության երաշխավորն էր, պետք է իր վրա վերցնի պատասխանատվության սեփական բաժինը. «1999-ի հոկտեմբերի 27-ից հետո ո՛չ Ռ. Քոչարյանը, ո՛չ էլ գործող վարչապետը հաջորդ հոկտեմբերի 27-երին պաշտոնական, հրապարակային ելույթով այդպես էլ հանդես չեկան, ջերմ խոսքերով չհիշատակեցին իրենց ընկերների անունները, չասացին ովքեր էին զոհվածները այս պետության համար եւ ինչ արժեքներ են տարել իրենց հետ»։ Եվ հիմա զարմանալին, ըստ Ա. Բախշյանի, այն է, որ նույն հանրապետականները գալիք նախագահական ընտրություններին Ռ. Քոչարյանին պաշտպանելու համար իբրեւ հիմնավորում վկայակոչում են Վազգեն Սարգսյանի՝ ժամանակին Ռ. Քոչարյանի օգտին ասված խոսքերը։ «Եթե անհրաժեշտ է, հանրապետականներն իրենց այդ քայլը հիմնավորելու համար ցիտում են Վ. Սարգսյանին, իսկ երբ պետք է հիշել սպարապետին՝ որպես այս պետության եւ ազգային բանակի հիմնադիրներից մեկը, լուրջ արժեք ներկայացնող անհատ, լռում են»,- ասում է Յու. Բախշյանի կինը՝ ցավ զգալով, որ զոհվածների հիշատակը զոհաբերվեց եւ շարունակում է զոհաբերվել իշխանության գալու եւ այն ամեն գնով պահելու համար։ Ա. Բախշյանը գտնում է, որ ընտրությունները հրաշալի միջոց են պարզելու համար յուրաքանչյուր թեկնածուի կողմնակիցների ախորժակը. «Ասա ով է նախագահի քո թեկնածուն, ասեմ՝ ինչ ակնկալիքներ ունես ընտրություններից»։ Նա համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածը, ուր հիմնականում մտավորականներ են՝ կիրթ է եւ անշահախնդիր, քանի որ ինքը՝ Ր. Հովհաննիսյանն է այդպիսին։ Դրա համար էլ ի սկզբանե հեռատեսորեն պլանավորված է եղել նրան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու հարցի ձգձգումը։ Ըստ Ա. Բախշյանի, Ր. Հովհաննիսյանը լուրջ հակակշիռ է նախագահի համար, որովհետեւ ունի անբասիր անցյալ, հեղինակություն է վայելում ժողովրդի շրջանում եւ պատահական չէ, որ մարդիկ խանդավառվում են՝ իմանալով նրա մտադրության մասին։ Եվ անարդարությունը 1991 թվականից է սկսվում, երբ պարբերաբար մերժվել են նրա դիմումները՝ քաղաքացիություն ստանալու մասին։ Ա. Բախշյանը վստահ է, որ դատարանը շուտով իր արդարացի վճռով վերջ կդնի այս անօրինականությանը։ «Ր. Հովհաննիսյանը նախագահ չի դառնում, որպեսզի իր ծանոթ-բարեկամներին հետեւից տանի, պաշտոններում տեղավորի, կաշառք վերցնի ու կաշառք տա կամ արդարությունը խեղդի։ Համոզված եմ՝ նրա թիկնապահը հաստատ օրենք չի խախտի, էլ ուր մնաց՝ մարդ սպանի,- վստահ է Ա. Բախշյանը։- Եթե, վատագույն դեպքում, մեր ակնկալիքները չարդարանան, ապա դա ամենեւին էլ նրա համախոհների եւ ընտրազանգվածի պարտությունը չի լինի, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ աշխատող թիմն այսօր արդեն հաղթանակել է այնքանով, որքանով որ ունի նրա նման թեկնածու»։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել