Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության պատժիչ ֆունկցիան

Դեկտեմբեր 05,2002 00:00

Պետության պատժիչ ֆունկցիան Առանձին «իրավաստեղծ» անձինք գտնում են, որ բավարար է տուժողին «քաղհայցով դատարան դիմելու իրավունքի» նախատեսումը։ Այս մոտեցումն անընդունելի է, քանի որ նախ՝ յուրաքանչյուր ոք ունի դատական կարգով պատճառված վնասի վերականգնման իրավունք, ապա՝ ինչո՞ւ իրավախախտի գույքը չի բռնագանձվում հօգուտ իրական տուժողի, երբ պետությունն իր օգտին գանձում կատարելու համար ունի անհամեմատ ավելի լայն հնարավորություններ եւ նմանատիպ հանցագործությունների (գողություն, խարդախություն եւ այլն) հետեւանքով հազվադեպ է նյութական վնաս կրում, իսկ եթե հաշվի առնենք պետության քաղաքացիական իրավունքի սուբյեկտ լինելու հանգամանքը, ստացվում է, որ օրենսդիրը մեկ սուբյեկտի (պետության) շահերը գերադասում է իրական վնաս ստացած մեկ այլ սուբյեկտի (քաղաքացու) շահերից, որը նույնպես անընդունելի է։ Բոլոր առումներով քրեորեն հետապնդելի արարքի հետեւանքով պատճառված վնասի վերականգնման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում, ավելին՝ այն պետք է պարտադրվի սահմանվող պատժի շղթայում, թեկուզ եւ հարկադիր աշխատանքի պայմանով (օրինակ, սահմանամերձ գոտիներում վնասի վերականգնման նպատակով տրամադրված հողամասի մշակում)։ Այլապես ստացվում է, որ անձը դատապարտվում է որոշակի արարքի համար, սակայն չեն վերացվում հետեւանքները։ Անվիճելի է, որ տնտեսական ուղղվածություն ունեցող քրեորեն հետապնդելի արարքների կանխման, պատժի արդյունավետության, սոցիալական արդարության վերականգնման հարցերի լուծման գլխավոր միջոցը պատճառված ողջ վնասի աներկբա վերականգնումն է, որը օրախնդիր է։ Օրենսդրորեն նման լուծման երաշխավորումը կնպաստի դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության ձեւավորմանը, խիստ կնվազի նման հարցերի լուծմանը կրիմինալի մասնակցությունը։ Քրեական նոր օրենսգրքի նախագծի ձեռքբերումներից է նաեւ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների համար՝ սահմանված պատժի մեկ երրորդի կրումից հետո այն ավելի մեղմով փոխարինելու հնարավորությունը։ Այս նորմը նախագծի գրեթե միակ, հիմնարար սյունն է, որի կիրառումով կարելի է առաջին անգամ դատապարտվածին նորից հասարակություն վերադարձնել, որով նորը տարբերվում է հին Քրեական օրենսգրքից։ Սակայն պարզվում է, որ մեր առանձին «օրենսգետների» այն դուր չի գալիս եւ փորձ է արվում այդ ժամկետը դարձնել երկու երրորդ, որը եւ հիմք է տալու դատարանին (դատավորին), իր հայեցողությամբ, սահմանված պատիժը կամ փոխարինել ավելի մեղմ պատժով, կամ դատապարտյալին պայմանական վաղակետ ազատել։ Նման մոտեցումն անհիմն է իրավաբանական առումով եւ վնասարար՝ կաշառակերության, կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարի տեսանկյունից։ Պարզ է, որ նման փոփոխման դեպքում դատարանի որոշումը ուղիղ համեմատական է ստացած կաշառքին՝ պայմանական վաղակետ է՝ շատ վճարի, պատժի մեղմացում՝ մի քիչ շատից պակաս։ Նախագծում սահմանված մեկ երրորդի պահպանման անհրաժեշտությունն ակնհայտ է նաեւ այն առումով, որ առայսօր դատական պրակտիկայում առանձնապես ծանր հանցագործություններ երկրորդ անգամ գրեթե չեն կատարվում նույն անձի կողմից, երեւույթ, որն առկա է թեթեւ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում, ի վերջո ապացուցված ճշմարտություն է՝ երկարատեւ ազատազրկման արդյունքը հանցագործի ծնունդն է։ Եթե այս ամենին ավելացնենք, որ ավելի մեղմ պատժի սահմանման դեպքում չի փոխվում անձի դատապարտյալ լինելու կարգավիճակը եւ ընդամենը դադարեցվում է նրա մեկուսացումն ընտանիքից, հասարակությունից, ապա պարզ կդառնա նախագծում սահմանվածը ավելի խստացնելու միտումի անհիմն լինելը, իսկ երբ փորձ է արվում այն հիմնավորել սոցիալական արդարության վերականգնման անհրաժեշտությունով՝ միտումը դառնում է անհեթեթ։ Ըստ ամենայնի, մեր օրենսդրության «մշակներից» ոմանք առաջնորդվում են հիմնազուրկ, իր սնանկությունը բազմիցս ապացուցած, «պատժի խստացումը՝ որպես հանցագործության կանխարգելման հիմնական միջոց» դիտելու վաղնջական սկզբունքով, որն այսօր կարող է հարիր լինել միայն ամազոնյան ջունգլիներում գոյատեւող, մեզ անհայտ հասարակությանը։ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել