Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԿԱՆԴԱԼՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Դեկտեմբեր 05,2002 00:00

ՍԿԱՆԴԱԼՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է Ամենայն հավանականությամբ, գյումրեցի բժիշկներին այսուհետեւ կհուզի միայն հիվանդների առողջության հարցը: Վերջապես ավարտվեց մոտ 1 տարի տեւած սկանդալը, որը ծագել էր Ա. Թովմասյանի անվան թիվ 1 կամ գյումրեցիների խոսքերով ասած՝ «Ճերմակ հիվանդանոցի» բուժանձնակազմի եւ մարզի առողջապահության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանի միջեւ: Իսկ դրա համար առիթ էր հանդիսացել ՀՀ կառավարության՝ 2001թ. փետրվարի 24-ի որոշումը՝ Շիրակի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման մասին: Որոշումն այժմ ճշգրտորեն իրականացված է. Թովմասյանի անվան թիվ 1 հիվանդանոցը վերամիավորվել է դիմացի մայթին գտնվող Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցին, սակայն ճերմակ շենքում «ըմբոստ» բժիշկների կողմից ստեղծվել է «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ն: Կառավարության հիշյալ որոշումը մյուսներից տարբերվեց դրա նկատմամբ եղած ծայրահեղ դիրքորոշումներով. կողմնակիցները՝ Շիրակի մարզի առողջապահության վարչության պետի գլխավորությամբ, չափից ավելի ջերմ էին, քննադատներն էլ՝ չափից ավելի ըմբոստ: Չնայած օպտիմալացմանը կողմ էին մարզի գրեթե բոլոր բժիշկները, նույնիսկ ընդդիմադիրները, սակայն վերջիններիս զայրացնում էր ծրագրի իրականացման գործընթացը: Ըստ մարզի առողջապահության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանի, իրենց կատարած հաշվարկների համաձայն, օպտիմալացման շնորհիվ այս մարզում կտնտեսեն մոտ 53 մլն դոլար: «Ճերմակ հիվանդանոցի» շենքը սեյսմակայուն չէ, թերհագեցած է բժշկական սարքավորումներով, թերծանրաբեռնված է: Եվ ի՞նչն է պատճառը այսքան աղմուկի, ինչու՞ են կաշա ստեղծում»,- զարմանում էր Ռ. Խաչատրյանը: Թովմասյանի անվան հիվանդանոցի բժիշկ Լեռնիկ Մխիթարյանին (ի դեպ, վերջինս էր գլխավորում ընդդիմադիրների բանակը) իր հերթին զարմացնում էր բազմապրոֆիլային հիվանդանոցը (ունեին 5 բաժանմունք) միապրոֆիլային՝ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցին միացնելու ցանկությունը: «Մեր շենքը 3-րդ աստիճանի սեյսմակայուն է, հետերկրաշարժյան քաղաքում այս աստիճանի բոլոր շենքերն էլ օգտագործելի են, իսկ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի միջանցքներն էլ պատուհաններ չունեն, ինչը եւ հակասանիտարական է»,- վիճակը ներկայացնում է պարոն Մխիթարյանը: Մարզի առողջապահության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանի խորին համոզմամբ էլ, «սա պարզապես աթոռի պայքար էր, եւ որոշ մարդիկ չէին ցանկանում իրենց որջերից դուրս գալ»: Մի խոսքով, նման վեճերով, անգամ անձնական վիրավորանքներով բժիշկները հաճախակի էին հայտնվում էկրաններին: Մարզի առողջապահության վարչության պետը սպառնում էր չենթարկվելու դեպքում դադարեցնել նրանց հետ կնքված պայմանագիրը, առողջապահության նախարարն էլ պնդում էր, որ որոշումն ամեն գնով կատարվելու է, բժիշկներն էլ իրենց հերթին ձայներ էին հավաքում առողջապահության վարչության պետին «իմփիչմենթ» անելու համար: «Փոխհրաձգությունն» այնքան ուժեղ էր, որ «Ճերմակ հիվանդանոցի» շենքին նույնիսկ անեծքներ էին փակցված: Այս պահին հարցը կարծես թե լուծված է. մարզպետի առաջարկով ստեղծվել է ՍՊԸ՝ «Ճերմակ հիվանդանոց» անվամբ: Վերջինս ունի 9 բաժնետեր, որոնց խորհրդով դարձյալ տնօրեն է նշանակվել Գեւորգ Խումարյանը, որն, ի դեպ, մեղադրվում էր ծրագիրը ձախողելու մեջ): Գ. Խումարյանի կարծիքվ, փոփոխությունն ընդամենը կարգավիճակն է. ՓԲԸ-ն դառնում է ՍՊԸ: «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ն քաղաքապետարանի հետ պայմանագիր է կնքել նույն շենքը վարձակալելու համար, այժմ դիմում են ներկայացրել մարզպետին՝ գույքը եւ բուժսարքավորումները եւս վարձակալելու համար: Մարզի առողջապահության վարչության պետն էլ հավաստիացնում է, որ նրանց կտրամադրվի այն բուժսարքավորումները, որոնք պիտանի չեն լինի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցին: Իսկ «Ճերմակ հիվանդանոցի» բժիշկ Լեռնիկ Մխիթարյանը զայրանում է. «Մինչեւ այժմ ասում էիք հիվանդանոցը թերհագեցած է, նորմալ բուժսարքավորումներ չունի: Բա որտեղի՞ց հայտնվեցին դրանք եւ ու՞ր եք տանում: Մե՞նք ինչով աշխատենք»: Ըստ Լեռնիկ Մխիթարյանի, կոնֆլիկտի լուծման այս տարբերակը «ոսկե միջինն» է: Թունդ հակառակորդներն այս պահին համակարծիք են: Մարզի առողջապահության վարչության պետը ողջունում է այս քայլը՝ մասնավորեցման մեջ տեսնելով առողջապահական ոլորտի զարգացում: «Ստեղծեք ՍՊԸ, անունը կդնեք Ճերմակ, Սեւ, Պողոս, թե Պետրոս, ստեղծեք»,- ասում է նա՝ վստահ լինելով, որ այս քայլը չի հակասում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրին: Բժիշկներն էլ իրենց հերթին մասնավորեցման մեջ տեսնում են առողջ մրցակցություն: Հակադիր 2 կողմերի համոզմամբ էլ ռազմավարական նշանակություն ունեցող պետական բուժհիմնարկներից բացի, մյուսները ժամանակի ընթացքում կմասնավորեցվեն: Ու թեեւ առողջապահության վարչության պետը վստահեցնում է, որ Շիրակի մարզի բժիշկները անվճարունակ են մասնավոր բուժհիմնարկներից օգտվելու համար, այնուամենայնիվ, «Ճերմակ հիվանդանոցի» բժիշկներն էլ իրենց հերթին անկեղծ խոստովանում են, որ տարիներով աշխատավարձ չստացած բժշկի հույսը միշտ էլ հիվանդն է եղել: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել