Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԼԻՈՆԸ ՏՐՎԵՑ ԱՆՁԱՅՆ

Դեկտեմբեր 05,2002 00:00

ՄԻԼԻՈՆԸ ՏՐՎԵՑ ԱՆՁԱՅՆ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող գույքը ՌԴ-ին փոխանցելու վերաբերյալ համաձայնագիրը երեկ երկրի օրենսդիր մարմինը հաստատեց։ Վերոնշյալ երկար-բարակ անվանումը «Գույք՝ պարտքի դիմաց» հայտնի բանաձեւն է։ Ցավոք, խորհրդարանականներից միայն երեք պատգամավոր համարձակվեց «դեմ» քվեարկել. Մյասնիկ Մալխասյանը, Սեմյոն Բաղդասարյանը եւ Մանուկ Գասպարյանը։ Սեմյոն Բաղդասարյանն իր դիրքորոշումն այսպես բացատրեց. «Ես դեմ եմ, որովհետեւ եթե սա տնտեսական պայմանագիր էր եւ տնտեսական խնդիրներ էր լուծելու, ապա, այդ դեպքում կար գոնե երկու ձեւ, որը թույլ կտար հայկական եւ ռուսական կողմերին դիտել որպես սուվերեն կողմեր։ Եթե Հայաստանում սեփականաշնորհման մրցույթ հայտարարվեր, այդ մրցույթից առաջացած գումարը կփոխանցվեր պարտքի դիմաց՝ Ռուսաստանին։ Սա մի տարբերակն է։ Երկրորդ տարբերակը՝ կարելի էր ուղղակի վաճառել ՌԴ-ին, առաջացած գումարը կրկին փոխանցելով ՌԴ-ին՝ մարելով պարտքը»։ Ըստ Սեմյոն Բաղդասարյանի, այս երկու դեպքում էլ գործողությունները կդիտվեին տնտեսական պայմանագրի սահմաններում։ Սակայն ընտրվել է երրորդ տարբերակը, որը, ըստ մեր զրուցակցի. «ընդգծված «էքսպանսիոնիստական» բնույթ էր կրում, այսինքն՝ պարտքի դիմաց գույք տվեք։ Եվ սա պնդում էր ՌԴ կառավարությունը։ Ակնհայտ է, որ գործ ունենք ընդգծված տնտեսական էքսպանսիայի տարրի հետ»։ Սեմյոն Բաղդասարյանը կատարվածի մեջ նկատում է. «սա շատ վտանգավոր նախադեպ է, եթե մեկ անգամ դա արվում է, նշանակում է՝ թույլ ես տալիս, որ դա արվի ցանկացած քանակությամբ։ Եվ դրա վերջը եթե չլինի, մենք կարող ենք մաս-մաս մեր ինքնիշխանությունը կորցնել»։ Ըստ պրն Բաղդասարյանի՝ էքսպանսիայի այլ տարրեր արդեն առկա են՝ «առաջինը՝ ռազմական բազաները կան, մենք շատ մեծ ճնշման ենք ենթարկվում ռուսաց լեզուն Հայաստանում երկրորդ պետական լեզու դարձնելու հարցում։ Եվ եթե այս դիրքից դիտենք այսօր վավերացված այդ որոշումը, ապա կտեսնենք, որ այն շատ վտանգավոր է»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել