ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՆԱՅԵԼ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արամ Սարգսյանի գնահատականներն իր նախորդ գործունեությանը՝ բավականին հակասական են: Նա մերթ ընդունում է, որ վարչապետ լինելու ժամանակ ինքն էր իրական իշխանությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանը «անգլիական թագուհի» էր, մերթ ժխտում է դա: Երկու դեպքում էլ հարցեր են առաջանում. եթե դե ֆակտո ինքն էր ղեկավարում հանրապետությունը, ապա ինչո՞ւ չբացահայտեց «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչներին: Եթե իշխանություն չուներ, ապա ինչո՞ւ էր մնում վարչապետի պաշտոնին: Ես հակված եմ ենթադրել, որ պրն Սարգսյանը վարչապետ լինելու ժամանակ, այնուամենայնիվ, ուներ հզոր լծակներ եւ կարող էր ի հայտ բերել ահաբեկչության կազմակերպիչներին: Սակայն նրան խանգարեց փորձառության, խորամանկության, նույնիսկ կարելի է ասել՝ նենգության պակասը, որոնք անհրաժեշտ են ցանկացած լուրջ քաղաքական գործունեության համար: Արամ Սարգսյանին խանգարեց նաեւ այն, որ սկզբնական շրջանում նրան սատարող գեներալները, Մանվելի գլխավորությամբ, թեեւ պատերազմի իրական հերոսներ են (փառք ու պատիվ նրանց դրա համար), բայց 94-ի մայիսից հետո, տնտեսական լծակներ ձեռք բերելուն զուգահեռ, հիմնովին բարոյազրկվեցին եւ դարձան կասկածելի բիզնեսմեններ: Այդ գեներալներին չափազանց հեշտ եղավ գայթակղել նոր աստղերով, նոր պաշտոններով ու նոր օբյեկտներ «ձեռք գցելու» հեռանկարով: Դղյակները, շքեղ մեքենաները, կալվածքները «ԿրԱԶ»-ի վարորդների համար հոգեբանական այնպիսի փորձություն են, որը խամրեցնում է հավատարմությունը, նվիրվածությունը եւ նմանատիպ այլ զգացմունքներ: Անդրանիկ Մարգարյանի եւ զանազան առնետավազքերի բոլոր մնացած մասնակիցների պահվածքն այն ժամանակաշրջանում ածանցյալ էր գեներալների դիրքորոշումից: Գագիկ Ջհանգիրյանի մասին էլ չենք խոսում՝ նա կատարյալ է իր ցինիզմի մեջ: Այդ բոլոր հանգամանքների բերումով վարչապետ Արամ Սարգսյանը պարտվեց եւ հեռացվեց վարչապետի պաշտոնից: Պարտվելուց հետո բռունցքներ թափահարելն այնքան էլ արդյունավետ զբաղմունք չէ: Դա ամենեւին չի նշանակում, որ որպես քաղաքական գործիչ Արամ Սարգսյանը հեռանկար չունի: Պարզապես պետք է, հավանաբար, սկսել ավելի փոքր, ավելի հանդարտ քայլերից, ոչ թե միանգամից հավակնել նախագահի պաշտոնին: Եվ կարեւորը՝ նայել նաեւ առաջ, ոչ միայն՝ հետ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ