ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է «Ա1+»-Ի ՀԱՐՑԵՐԻՆ Երեկ տեղի ունեցավ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի առաջին գաղտնի նիստը: Ու թեեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն առայժմ արձակուրդում չէ եւ շարունակում է նախարարի իր պարտականությունները կատարել, նա էլ մասնակցեց շտաբի առաջին նիստին: Մեր հարցին, թե նիստին մասնակցում է որպես շտաբի ղեկավա՞ր, թե՞ նոր միայն պետք է ընտրվի, կամ նշանակվի, Սերժ Սարգսյանը կոնկրետ չպատասխանեց. միայն նկատեց, որ շտաբի գործունեությունը օրենքով չի կարգավորվում. «Բայց ես գնալու եմ արձակուրդ, որպեսզի որեւէ խնդիր չառաջանա»: Կարելի՞ է ենթադրել, որ նախարարը լուրջ է գնահատում հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, որ սառեցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի ու պաշտպանության նախարարի իր պարտականությունները եւ մտնում քաղաքականություն: Այս հարցադրմանն ի պատասխան նախարարն ասաց. «Ես ուղղակի շատ եմ կարեւորում Քոչարյանի ընտրությունը, դրա համար էլ զբաղվում եմ նախընտրական գործունեությամբ: Բայց դա չի նշանակում, որ ես քաղաքական դաշտում եմ: Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա՝ ես միշտ էլ լուրջ եմ մոտեցել: Իհարկե, լուրջ է վիճակը»: Ռ.Քոչարյանի նախընտրական շտաբի ստեղծման լուրերի հետ միաժամանակ, նաեւ շրջանառվում էր շտաբի ղեկավարի անուն՝ արտադրական ենթակառուցվածքների եւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի անունը: Ինչո՞ւ հանկարծ շտաբի ղեկավար է նշանակվում Ս.Սարգսյանը: Վստահության պակասն է՞ր պատճառը. «Ոչ, ինչ է, նախագահը չի՞ վստահում Հովիկ Աբրահամյանին: Վստահության հարց չկա: Ինձ թվում է, տարօրինակ կլիներ, եթե ես չլինեի շտաբի ղեկավար: Այն ժամանակ էլ կասեիք՝ ինչո՞ւ ինքը չի»: Ու չնայած պաշտպանության նախարարը բանակը թողած՝ նախընտրական գործունեությամբ զբաղվելը համարում է նորմալ, այնուամենայնիվ, նրան հիշեցրինք, որ իր նախորդին՝ գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանին, Ռ.Քոչարյանը կոչումից զրկեց հենց քաղաքականությամբ զբաղվելու համար: «Վաղարշակ Հարությունյանը դարձավ կուսակցության անդամ: Ես զինվորական չեմ եւ կուսակցության մեջ չեմ. առաջացել է քաղաքական խնդիր, ես էլ քաղաքական թիմի անդամ եմ. դա ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ»: Ինչ վերաբերում է այդ պատճառով նախկին նախարարին կոչումներից զրկելուն, ապա Ս.Սարգսյանն իրեն իրավունք չի վերապահում նախագահի գործողությունները գնահատել՝ այնուամենայնիվ, նկատելով. «Եթե մարդ քաղաքականությամբ է ուզում զբաղվել, պետք է պագոնները հանի, կիտելը հանի, քաղաքացիական հագնվի ու գնա զբաղվի: Մարդ մի բան պիտի ընտրի. կամ զինվորական գործը՝ կոչումներով հասնի մարշալի, կամ կուսակցությունը՝ ու զբաղվի քաղաքականությամբ»: Նկատենք, որ «Զինվորական ծառայության մասին» օրենքի համաձայն, բարձրաստիճան զինվորականին 2 ամսվա ընթացքում կամ նոր պացրում: Իսկ Վ.Հարությունյանը 2000թ. հուլիսից այլեւս բանակում չէր, կադրերի տրամադրության տակ՝ եւս: «Կիտել» էլ պաշտոնանկությունից հետո չէր կրում: Հետաքրքիր է, ինչո՞ւ նախագահը հանկարծ Վ. Հարությունյանի կուսակցական լինելը հիշեց միայն 2002-ին՝ հայտնի հարցազրույցից հետո: www.a1plus.am