Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ օղակը

Դեկտեմբեր 05,2002 00:00

Թույլ օղակը OPT-ում կա այդպիսի խաղ՝ սադիստ հաղորդավարուհու հետ, որի նպատակն է հնարավորինս ստորացնել խաղի մասնակիցներին: Դժվար է, իհարկե, վերծանել մարդկային հոգեբանության այս առեղծվածը, երբ մարդը կամովին մասնակցում է իրեն ստորացնելու արարողությանը: Դա հոգեբույժի գործ է: Բայց ինձ միշտ զարմացրել է, թե ինչու են այդքան շատ «Թույլ օղակը» սադոմազոխիստական հաղորդմանը մասնակցելու հայտ ներկայացրածները: Երեւի խնդիրն այն է, որ Ռուսաստանը հսկա երկիր է, եւ մի քանի հարյուր սադոմազոխիստ այնտեղ հաստատ կճարվի: Այլ բան է Հայաստանը: Փոքր երկիր է՝ փոքրաթիվ բնակչությամբ: Ամեն մարդ հաշվարկված է: Եվ ահա այդ փոքր երկրում բնակչության մի մասը միանգամայն կամավոր կերպով եւ նույնիսկ ուրախությամբ մասնակցում է բավականին կասկածելի հաղորդմանը: Դա, իմ կարծիքով, լուրջ ախտանշան է, որը վկայում է ազգիս ծայրահեղ հիվանդ վիճակի մասին: Խոսքն այսպես կոչված «թոք-շոու»-ի մասին է, որը ԱԼՄ հեռուստաընկերությամբ վարում է դրա տերը՝ Տիգրան Կարապետյանը: Վերջինիս, ի տարբերություն Մարիա Կիսելյովայի, չի կարելի մեղադրել միտումնավոր սադիզմի մեջ: Հակառակը՝ պրն Կարապետյանն անկեղծորեն համոզված է, որ բարի գործ է անում՝ ամբիոն տրամադրելով քաղաքական ընդդիմությանը եւ, այսպես կոչված, «ժողովրդի ներկայացուցիչներին»: Նրա պաշտամունքի առարկան՝ Ռոբերտ Քոչարյանը, ընտրություններից առաջ փակեց «Ա1+» եւ «Նոյյան Տապան» անկախ հեռուստաալիքները, եւ ահա պրն Կարապետյանը, իր կարծիքով, լրացնում է այդ բացը: Այնպես որ, Տիգրան Կարապետիչը համարյա հերոս է, արժանի է «ԱԼՄ հոլդինգի» առաջ իր բրոնզե արձանը տեղադրելուն: Նա իսկապես մեր հերոսն է եւ մեր ժամանակի խորհրդանիշը: Ո՞վ ասաց, որ հերոսն ու խորհրդանիշն իր խելքով պետք է Սպինոզա լինի: Կամ գոնե մոտավոր պատկերացում ունենա, թե ինչի մասին է խոսում: Ո՞վ ասաց, որ «թոք-շոու» վարողը պետք է հետաքրքիր մարդ լինի եւ մասնագիտական ունակություններ ունենա: Պետք չէ այդ ամենը: Կարեւորն այն է, որ ընդդիմադիր գործիչները պարզապես վազում են նրա մոտ: Հո «Օրակարգ» չե՞ն վազի, մանավանդ որ, այնտեղ նրանց ոչ ոք չի սպասում: Իսկ պրն Կարապետյանի մոտ հերթ են կանգնում: Նախագահի թեկնածուներ, կուսակցապետեր, «հասարակ քաղաքացիներ»՝ բոլորն այստեղ են: Եվ բոլորը շնորհակալ են Տիգրան Կարապետիչին, որը չի թաքցնում իր անհուն սերը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, բայց ընդդիմադիրներին թողնում է եթեր: Իսկ կարող էր եւ չթողնել՝ ալիքի տեր ու տիրակալն ինքն է: Ճիշտ է, երկար խոսել ընդդիմադիր գործիչներին նա թույլ չի տալիս եւ մտնում է նրանց հետ տաք-տաք բանավեճերի մեջ, երբ ինչ-որ մեկը շատ է նեղացնում իր կուռքին: Երբեմն ԱԼՄ-ի տերը նույնիսկ պատժում է ընդդիմադիրներին, զրկում է նրանց շոուին մասնակցելուց, նույնիսկ դուրս է շպրտում իր թիկնապահների միջոցով: Բայց դե ընդդիմադիրներն էլ հպարտ ժողովուրդ չեն: Ենթադրենք, ստացան մի երկու ապտակ ուղիղ եթերում: Ենթադրենք նույնիսկ՝ ներկայացան կատարյալ ապուշների տեսքով՝ երբ «թոք-շոու»-ն այդպիսի Սպինոզա է վարում, դա մեխանիկորեն է ստացվում: Այնպես որ, եթե որեւէ մեկից պիտի նեղանանք, ապա միայն մեզնից: Տիգրան Կարապետյանը սադիստ չէ: Նա այնպիսին է, ինչպիսին կա: Իսկ ահա մենք մազոխիստ ենք: Այն էլ՝ կամավոր: Թույլ օղակ ենք, մի խոսքով: ԳԵՆՈՖԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել