ՆՐԱՆՑ ՎԵՐՋԻՆԸ՝ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ Ավարտվեց վերջին եռօրյան Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը թեպետ նախագահի թեկնածու չի առաջադրվել, սակայն կարելի է փաստել, որ սկսել է նախընտրական քարոզարշավը՝ դառնալով ամենահասանելի եւ հարցերին «ամենապատասխանող» քաղաքական գործիչը։ Լրագրողներն էլ, պարզապես իրենց մասնագիտական պարտքը կատարելով ե՛ւ նախորդ օրը, ե՛ւ երեկ, շարունակ հարցեր էին տալիս գործադիր իշխանության ղեկավարին։ Դրանք, իհարկե, ճակատագրական հարցեր չէին, սակայն եթե վարչապետն ուզում է խոսել, այլ ելք չի մնում, քան հարցեր տալը։ Արշակ Սադոյան՝ երրորդ խոսափող Կառավարությանը հարցեր տալու վերջին օրն անցավ խիստ նախընտրական տրամադրության մեջ։ Արշակ Սադոյանը փորձեց վարչապետին հարցախեղդ անել՝ կա՞ ուղեղային մի կենտրոն էս երկրում, որտեղ հավաքվում են եւ երկրի հարցերը քննարկում։ «Այս իշխանությունները հեռանալու են, այդ հեռանալուց հետո որքանո՞վ եք դուք պատասխանատու։ Դուք մասնակցո՞ւմ եք այդ քննարկումներին»։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ընդունելով Արշակ Սադոյանի մարտահրավերը, մոտեցավ ԱԺ ամբիոնին եւ հատ-հատ ասաց. «Պրն Սադոյան, իհարկե, դուք եք նախագահության թեկնածու առաջադրվել, ես չեմ առաջադրվել, որպեսզի ձեր նման ելույթ ունենամ, եւ, ի տարբերություն ձեզ եւ ձեր թիմակիցների, ովքեր հարցերը լուծում են չգիտեմ ո՞ր ռեստորաններում, ո՞ր դաչաներում, ՀՀ-ում գոյություն ունի կառավարություն, եւ կառավարությունն այդ հարցերը լուծում է»։ 3-րդ խոսափողից կրկին հնչեց Արշակ Սադոյանի ձայնը. «Հարգելի վարչապետ, ձեր պատասխանից ես հասկացա մի բան, որ հանրապետության նախագահը որեւէ առնչություն չունի այս հարցերի հետ, կառավարությունն է այս խնդիրները լուծում, ուղեղային կենտրոն, այսպես ասած՝ մի որոշակի խմբի հավաք, չկա, որտեղ հայեցակարգային, ծրագրային մոտեցում լինի, դրա պատճառով էլ այս երկիրը շարժվում է այսպիսի հեղհեղուկ ընթացակարգով, հոսանքով գնում է եւ այս բոլոր դժվարություններն այդ հոսանքով գնալու պատճառով են»։ Անդրանիկ Մարգարյանին պարզապես մեկ ձիով քայլ էր հարկավոր երրորդ խոսափողի հարցերը լուծելու համար. «Ես ուղղակի կցանկանայի հուշել, որ «Ընտրական օրենսգրքում» մի կետ գրվեց, որ նախագահի թեկնածուները պարտավոր են ՀՀ Սահմանադրությունն իմանալ»։ «Գոնե»,- տեղից շշնջաց Տիգրան Թորոսյանը։ Նրանց, ովքեր նախագահի թեկնածու չեն եւ պարտավոր չեն իմանալ երկրի Սահմանադրությունը, հուշենք, որ ըստ Սահմանադրության՝ երկրի գլուխը նախագահն է։ «Օրինաց երկիր» եւ Հմայակ Հովհաննիսյան «Օրինաց երկիր» խմբակցությունը երեկ Հմայակ Հովհաննիսյանի թեման դարձրել էր իր թիվ մեկ խնդիրը։ Պատգամավորի նախորդ օրվա հայտարարություններն այն մասին, որ ինքն անասուն չէ, եւ իրեն չեն կարող անասնագողության հետեւանքով վերցնել կամ չվերցնել այս կամ այն կուսակցություն, նաեւ՝ «Կրեդիտ-Երեւան» բանկի քայքայման գործընթացը «ՕԵ» անդամ Արամայիս Բարսեղյանի անվան հետ կապելու մեղադրանքները, «ՕԵ»-ն որոշել էր հակադարձել։ Նիստը վարող Տիգրան Թորոսյանը պարզապես կրակն էր ընկել «ՕԵ»-ի կողմից շարունակ հնչող «Հմայակ Հովհաննիսյան», նաեւ երբեմն հնչող՝ «Առավոտ» օրաթերթ» բառակապակցություններից։ Առաջինը Մհեր Շահգելդյանն էր. «Հմայակ Հովհաննիսյանը, անցնելով հանդուրժելիության սահմանները, սկսեց պատվիրված քաղաքական վարկաբեկման արշավ «ՕԵ» կուսակցության դեմ»։ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ օրը չորեքշաբթի է, կառավարությանը հարցեր ուղղելու օրն է եւ ոչ թե հայտարարությունների։ Պրն Շահգելդյանն իր հարցը որակեց որպես հռետորական։ Քիչ անց էստաֆետը վերցրեց Արծրունի Աղաջանյանը։ Վերջինս խոսեց մեր օրաթերթում նախորդ օրը տպագրված «Ուղեղների նախընտրական լվացում» հոդվածից, որում խոսվում էր Նոր Նորքի թաղապետի առաջիկա ընտրությունների եւ ջեռուցման կտրոնների անմիջական կապի մասին։ Հարցին պատասխանող նախարար Վարդան Խաչատրյանն ազնվորեն խոստովանեց, որ մեր թերթի մասին ոչինչ ասել չի կարող. «իսկ եթե համայնքի ավագանին որոշել է բնակչությանն օգնել, դա պետք է ստուգվի, նայվի, այդ իրավունքը երեւի ունի»։ Ստեփան Բարսեղյանը, իր հերթին, հավելյալ հարց ուղղեց, որը եւս կարելի է ինչ-որ չափով հռետորական համարել։ Նա, ըստ ամենայնի, փորձելով ցրել Հմայակ Հովհաննիսյանի կողմից նախորդ օրը հնչեցված մեղադրանքների տպավորությունը «Կրեդիտ-Երեւան» բանկի քայքայման մասին, հարց ուղղեց կառավարությանը՝ ո՞վ է քանդել բանկը։ Տիգրան Թորոսյանը, իր վրա վերցնելով կառավարության դերը, ասաց, թե վերոհիշյալ բանկը մասնավոր է, եւ կառավարությունը պարտավոր չէ նման հարցերի պատասխանել։ Աշնանային նստաշրջանի վերջին եռօրյայի հարցուպատասխանի շոուն անցավ գերլարված։ Պատգամավորները խոսափողը շփոթել էին նախընտրական փրկօղակի հետ։ Հերթագրված 23 պատգամավորներից յուրաքանչյուրը ձգտում էր «հարգելի հեռուստադիտողների» աչքին շարունակ երեւալ։ Շատ ջանքեր պահանջվեցին ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանից՝ գործընկերներին սթափության եւ փոխադարձ հարգանքի դաշտ տեղափոխելու համար. «այո, հասկանալի է, վերջին հարցուպատասխանն է, սակայն այսօր էլ կարող ենք մեր նյարդերն ամուր պահել եւ վիրավորական արտահայտություններ թույլ չտալ»։ Տիգրան Թորոսյանի կոչը մնաց որպես բարի ցանկություն, քանզի օրենսդիրն ու գործադիրն իրար արժեին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ