ԿԱՍԿԱԾԵԼԻ ՀԵՆԱՐԱՆ Ընտրությունները բարենպաստ շրջան են զանազան մանր-մունր կազմակերպությունների համար՝ այլեւայլ միավորներ շահելու ակնկալիքով իրենց գոյության մասին հիշեցնելու: Կա այդպիսի մի կազմակերպություն՝ Ազատամարտի վետերանների միություն, որը ստեղծվեց, քանի որ իշխանությունները ցանկանում էին հակակշիռ ստեղծել Երկրապահ-կամավորականների միությանը: Սակայն ԵԿՄ-ի եւ իշխանությունների հարաբերություններն արագ կարգավորվեցին եւ փոխվեց ԱՎՄ-ն «աճեցնելու» վերաբերյալ քաղաքական որոշումը: Այդ օրվանից ԱՎՄ-ն արագորեն սկսեց անկում ապրել: Հիմնականում կանանցով եւ պատանիներով համալրված վետերան ազատամարտիկների շարքերը լքեց Շուշիի հերոսը՝ Կոմանդոսը: ԱՎՄ-ն տրոհվեց մի քանի մասի: Կազմակերպության անունը սկսեց բացառապես հայտնվել իրավապահների ամփոփագրերում՝ մեկ ԱՎՄ տարբեր բեկորներն էին իրար դատի տալիս, մեղադրում կնիքը սեփականացնելու եւ նյութական չարաշահումների մեջ, մեկ ԱՎՄ տարբեր շրջանի գործիչներն էին դառնում կասկածելի քրեական պատմությունների առանցքը: Ամենավերջին իրադարձությունն էլ այն էր, որ ԱՎՄ առաջնորդներից Սարիթաղի Վրեժը, որ ոչ շատ վաղուց էր վերադարձել կալանավայրից, նորից հայտնվեց օրենքի պաշտպանների ուշադրության ներքո եւ այս անգամ առանձնացավ նրանով, որ դատարանում միջնորդեց իր ոտքերի տակ հող շաղ տալ: Գործող նախագահին պաշտպանողների շարքե՞րը բավականաչափ ստվար չէին, թե՞ սա ինքնագործունեություն էր՝ այնուամենայնիվ, կնիք չունեցող ԱՎՄ-ի մի թեւը դարձյալ պետք եկավ: Երեկ իշխանամետ բոլոր հեռուստաալիքները ցնծությամբ ազդարարում էին, թե «Արցախյան ազատամարտը շահած հայորդիները» որոշել են իրենց ձայնը տալ Ռոբերտ Քոչարյանին: Առիթն այս կուսակցության արտահերթ 3-րդ համագումարն էր: Այստեղ հիմնական ելույթն ԱՎՄ նախկին 4 համանախագահներից միայնակ մնացած Համլետ Հովսեփյանինն էր (ի դեպ, նա ներկա էր նաեւ Քոչարյանին քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրողների հավաքին): Եվ ԱՎՄ ղեկավարն անհարկի պարծեցավ, թե իրենք նամուսով եւ թասիբով, ավանդական հայացքներով կուսակցություն են: Քոչարյանին պաշտպանողների նախասիրած բնորոշումներով արտահայտվելով՝ Համլետ Հովսեփյանը երկրում առկա թերությունները համարեց գործող նախագահին փոխանցված ժառանգություն եւ «կույր» անվանեց նրանց, ովքեր չեն տեսնում եւ ուրախանում առկա տեղաշարժերով. «2-3 տարվա ընթացքում դեպի դրական է փոխվել ամեն ինչ (ուշադրություն դարձրեք, որ գործող նախագահի պաշտպանները մշտապես ակնարկում են, թե միայն 1999-ից հետո, այսինքն՝ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի սպանությունից հետո է երկիրն առաջ ընթացել.- Ա. Ի.): Երկիրը վերածվել է շինարարական հրապարակի, կառուցվում են կամուրջներ, շենքեր, ճանապարհներ, փակված ու քանդված գործարաններ են վերակենդանացվում եւ շահագործվում օր օրի: Եվս մեկ տարի՝ եւ աղետի գոտի հասկացությունը կվերանա»: Անկեղծ ասած, եթե հավատ ընծայենք Քոչարյանի խոստումներին՝ «աղետի գոտի» հասկացությունը պիտի վերացած լիներ դեռ 2001-ին: Ախ հա՜, մինչ այդ կային գործող նախագահին «խանգարողներ»: Հազիվ երկու տարվա կյանք ունեցող այս կազմակերպության նախագահն իր «ծանրակշիռ» եւ «հեղինակավոր» կարծիքն ասաց ընդդիմության մասին, պատվիրելով նրանց զերծ մնալ ծայրահեղական հայտարարություններից, դադարեցնել միայն վատը տեսնելու սովորությունը, չարությամբ եւ նախանձով չլցվել իշխանությունների հանդեպ, քանի որ «միշտ էլ չարի վերջը կա»: Եթե չենք սխալվում՝ Համլետ Հովսեփյանը դատախազության նախկին աշխատակից է: Թե ինչ հիմնավոր համոզմունք կա այդ հաստատության կոռումպացվածության մասին՝ ավելորդ է մեջբերելը: Բայց նա քննադատում էր այլոց, թե գիտեն բոլոր այլ թեկնածուների կենսագրությունը եւ անցած ուղին, եւ վստահ է, որ նրանք խաբում են, երբ պնդում են, թե իրենք ազնիվ են կամ շիտակ. «Մենք լուսնից չենք իջել եւ չենք մտածում, որ դուք էլ այլմոլորակայիններ եք, որ պետք է գաք ու փրկեք երկիրը», «ուղղակի չենք հավատում նրանց, քանի որ այդ մարդիկ կարող են 5 րոպեում փոխել դավանանքը, դառնալ մեկ այլ թիմից»: Ավելի որոշակի՝ անդրադարձավ «Սոցիալիստական Հայաստանին», դատապարտելով վերջինիս համագումարում հնչած ելույթները. «Ժողովրդի անունից հանդես են գալիս, առանց ամաչելու, կոչեր անելով՝ ստեղծել բանա՜կ, ազատագրել երկիրն օկուպանտների՜ց: Ովքե՞ր են այդ օկուպանտները: Սոցիալական ծանր վիճակում գտնվող պետությունում այդպիսի կոչերը կարող են շա՛տ ծանր հետեւանքներ ունենալ, որ դավաճանները հետո դո՛ւք կկոչվեք»: Հետագա մեջբերումներից ձեռնպահ կմնանք, քանզի որքան էլ մեզ համար իրոք անընդունելի լինեն «Սոցիալիստական Հայաստանի» համագումարում հնչած որոշ կոչեր, այնուամենայնիվ, պիտի դրանք քննադատողներն ունենան դրա բարոյական իրավունքը, գոնե շահեկանորեն առանձնանան այդ կոչերն անողներից, ինչն ԱՎՄ-ի կարճ, բայց անփառունակ ընթացքի մասին ոչ մի կերպ չենք կարող ասել: Հիմա հարց է առաջանում. արդյոք Ռոբերտ Քոչարյանն արդեն այն վիճակո՞ւմ է, որ ստիպված է օգտվել անգամ նման վարկաբեկված կառույցների աջակցությունից: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ