Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաղաղվելու փորձ

Դեկտեմբեր 04,2002 00:00

Խաղաղվելու փորձ Միջոցառում՝ «Քրիստոնեությունը խաղաղության ջատագով» խորագրով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղանի նախաձեռնությամբ Երեւանի պետական կոնսերվատորիայի համերգասրահում տեղի ունեցավ միջոցառում։ Երեկոյին հյուր էին Հայաստանում ԱՄՆ դեսպանը, համաշխարհային եկեղեցիների արտասահմանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներ, մտավորականներ։ Երեկոն բացեց Մայր աթոռ ԵՀԽ հայաստանյան կլոր սեղանի նախագահ Կարեն Նազարյանը։ Մեզ մոտ գործող երեք՝ Հայ առաքելական, Կաթոլիկ եւ Ավետարանչական եկեղեցիների համագործակցության, միասնական նպատակի եւ երիտասարդության քրիստոնեական դաստիարակության խնդիրների մասին խոսեցին այդ կառույցների ներկայացուցիչները։ Ելույթներ ունեցան Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, կաթոլիկ եկեղեցու մայրապետ Արուսյակ Սանջոյանը, Ավետարանչական եկեղեցու վերապատվելի Ռընե Լեւոնյանը։ Բոլորի խոսքերում էլ խաղաղության, սիրո եւ միասնության կոչ կար՝ ուղղված հատկապես երիտասարդությանը։ Ուզում ենք հավատալ, որ հայ եկեղեցին իրապես մի օր միասնական կլինի իր ժողովրդին դուրս բերելու շրջապատող այս խավարից, որ կոչվում է անհավատություն, քանզի Հիսուսի վարդապետությունը աշխարհի տարբեր ազգերը միավորեց եւ այժմ մեկ ազգի երեք եկեղեցիների գործունեության միավորելը պիտի որ խնդիրներ չառաջացնի, երբ կա կարեւոր նպատակ։ Այս առումով վերջին շրջանում ծավալուն եւ արդյունավետ գործունեություն է ծավալել ԵՀԽ կլոր սեղանը։ Ինչպես մեկնաբանեց այս միջոցառման ծրագիրը համակարգող եւ խորհրդատու Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, բոլոր եկեղեցիների առանցքը Քրիստոսն է եւ միայն նրան ծառայելով է, որ պիտի միավորվեն եկեղեցիները եւ խաղաղություն ու սեր քարոզեն։ Խաղաղությունը պիտի լինի յուրաքանչյուրիս մեջ եւ դա, անշուշտ, հետեւանք եւ ոչ պատճառ։ Միայն Աստծո մոտ եւ ամուր հավատքով է, որ հնարավոր է ունենալ այն։ Ծրագրի մշակութային մասն իրականացրել էր «Իվանյան եւ Աճեմյան» ընկերությունը։ Մասնակցում էր կոնսերվատորիայի Սարաջյանի անվան սիմֆոնիկ նվագախումբը, ղեկավար՝ Ռուբեն Ասատրյան։ Գեղ. ղեկավար եւ բեմադրող ռեժիսոր Լեւոն Իվանյանն իր առջեւ խնդիր էր դրել լուսաբանել Քրիստոսի վարդապետության ավանդած բարոյախոսությունը եւ ի տես անել այն լույսն ու խաղաղությունը, որ բխում է նրանից։ Աշխատանքները կատարվել են 2-3 շաբաթվա ընթացքում՝ բուհերի (հիմնականում՝ թատերական) ուսանողների միջոցով։ «Այս ներկայացումը ցույց տվեց, որ մեր երիտասարդությունը հասկանում եւ գնահատում է մաքուր արվեստը, եւ կատարված աշխատանքը նրանց սիրո, կամքի ու նվիրումի արդյունք է»։ Դերակատարներն էլ ոգեւորված էին իրենց բեմադրիչով ու համոզված, որ պարոն Իվանյանն ունի մի կախարդական փայտիկ, որ նրա սիրտն է եւ դրանով նա կարող է անել ամեն ինչ։ Այն ճառագուն ուրախությունը, լույսն ու խաղաղությունը, որ երեւում էին այդ 150 երիտասարդի աչքերում, խոսուն վկայությունն էր այն փաստի, որ միջոցառումը հաջողվել էր։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել