Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աստվածաբանությունը ապրելու ձեւ մըն է»

Դեկտեմբեր 04,2002 00:00

«Աստվածաբանությունը ապրելու ձեւ մըն է» ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի հետ հանդիպեցի խմբագրության առաջարկով՝ հարցազրույց ունենալու առաջիկա ընտրություններին ուսանողների մասնակցության եւ, ընդհանրապես, վերջիններիս քաղաքական դիրքորոշումների մասին: Սակայն սրբազանին, որ ուսանողների հետ նոր էր վերադարձել Գեղարդից, մի տեսակ անպատեհ էր պատրաստ հարցերով ներկայանալ, եւ մեր զրույցն ավելի շուտ ընթացավ ավանդական դարձած նրանց ուխտագնացության թեմայի, հետեւաբար՝ ուսանողների բարոյական նկարագրի շուրջ: «Այս ֆակուլտետում ուսանող երիտասարդն առաջին հերթին կրոնական կրթություն կստանա: Աստվածաբանությունը միայն գիտական դիսցիպլին մը չէ, այն նաեւ ներշնչող հատկություն մը ունի, եւ մենք այստեղ աստվածաբանական հարցերի ու դրանց ուղղվածության ուսուցման հետ մեր ուսանողներուն կառաջնորդինք վանքեր ու եկեղեցիներ, ուր եւ ամենեն առաջ կսովորեցնենք աղոթել: Զուգահեռաբար կուսուցանինք մեր անցյալը, կբացատրինք այդ վանքերուն մեջ զարգացած հայկական մշակույթը, հայկական մտայնությունը եւ մեր բարոյական արժեքները: Կշեշտինք, թե մեր պատմության, մեր նկարագրի կազմության, մեր ազգային հասկացության մեջ ինչ դեր ունեցած է եկեղեցին եւ ինչ է անոր բարոյական արժեքը: Նախ կուսուցանենք վարդապետական աստվածաբանություն, այսինքն՝ ինչի՞ն կհավատանք իբրեւ եկեղեցի, իբրեւ ազգ եւ իբրեւ հավատացյալ: Հետո կճշտենք, թե ի՞նչ տեսակի նկարագիր կուզենք դնել մեր ուսանողներուն հոգիին մեջ: Մեզի համար գերագույն արժեքը մեր եկեղեցու հայկականությունն է: Մենք այսօր շեշտը կդնենք գրաբարի ուսուցման վրա, հին եւ նոր Կտակարաններու մեկնության վրա եւ ամենեն շատ կշեշտենք, թե մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, որով ստեղծած են մեր լեզուն, մեր արվեստները: Կփորձենք անոնց հատկանիշները բացատրել եւ հասկացնել, թե հայ մարդը միայն ծնունդով հայ պիտի չըլլա, այլ նաեւ նկարագրով պիտի հայ ըլլա: Հայկականություն ըսելով մենք շեշտը կդնենք կյանքի իմաստին վրա, թե ինչ պիտի ըլլա հայ մարդուն հիմնական հասկացողությունը՝ իր մարդ էակ ըլլալու իրականության մեջ: Ունենք «Քրիստոնեական բարոյագիտություն» դասընթաց, ուր նախ շեշտը կդրվի ոչ թե հոգեւոր, այլ մարդու ունեցած հոգեկան հատկություններուն վրա, որոնցում տիրական են տրամաբանությունը, իմացականությունը, բանականությունը, եւ ապա՝ բարոյական նկարագրի վրա, այսինքն իր եւ իր շրջանակի հարաբերություններու եւ սկզբունքներու: Աստվածաբանությունը գիտություն լինելեն զատ նաեւ ապրելու ձեւ մըն է, որուն մեջ մենք կփնտրինք մարդկային արժեքները: Մարդկային արժեքներ ըսելով կհասկնանք հիմնապես հարաբերության ձեւերը՝ մեկեն-մյուսը եւ՝ հավատքը: Որեւէ ուսանողի բնավ չենք ստիպեր, որ եկեղեցի գնա, մոմ վառե, աղոթե եւ այլն, սակայն այնպիսի դաստիարակություն մը կուտանք, որ ուսանողն ինքն իրեն կերթա: Առաջին կուրսեցիներու Օշական այցելությամբ կսկսվի ուխտագնացություններուն շարքը, որը շարունակություն կունենա ուսուցման ընթացքին: Սուրբ Մեսրոպին գերեզմանին վրա երդում մը կընեն, կխոստանան ըլլալ հավատարիմ մեր հողին, մեր հավատքին, մեր լեզվին եւ ապագային: Իրենք արդեն սովորած կըլլան ու կերգեն շարականը՝ նվիրված թարգմանիչներուն: Ուխտագնացություններեն ամենեն տպավորիչը միշտ Տաթեւը կըլլա, ուր դեռ 13-րդ դարում համալսարան ունեինք: Այստեղ կուսուցանենք, թե ինչպիսի հայտնագործություններ եղած են մեր գրականության, մեր լեզվի ուսուցման եւ, մանավանդ, գիտության բնագավառում: Գլաձորում մեր ուսուցանած աստվածաբանությունը կընդգրկե նաեւ բնագիտությունը, այսինքն ճանաչումը տիեզերքի, ճանաչումը մարդու եւ, մանավանդ, ճանաչումն այն արժեքներու, որոնք հատուկ են եղել մեր ժողովրդին: Ես կընդգծեմ հատկապես հայրենասիրությունը եւ հավատքը: Հայրենասիրությունը, որ կսովորեցնենք եւ կփորձենք անով դրոշմել մեր երիտասարդներու հոգին, մեր պարտականությունն է մեր հայրենիքի պահպանության եւ մեր հայկական արժեքներու պաշտպանության: Անոր մեջ կտեսնենք ապագայի հաջողությունը»:8230 Սրբազանը դասի շտապեց՝ հորդորելով, թե այս զրույցն ափսոս է անավարտ թողնել՝ մասնակցեք մեր ուխտագնացություններից մեկին: Ես խոստացա: ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել