Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԺԻՇԿՆԵՐԸ ՉԵ՞Ն ՆԿԱՏԵԼ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԸ

Դեկտեմբեր 04,2002 00:00

ԲԺԻՇԿՆԵՐԸ ՉԵ՞Ն ՆԿԱՏԵԼ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԸ N զորամասի շարքային Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործի դատաքննության ընթացքում ցուցմունք տվեցին Վանաձորի կայազորի հոսպիտալի բժիշկները։ Ինֆեկցիոն բաժանմունքի պետ Հասմիկ Սաքանյանը, որին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրօրի 268 պրիմ հոդվածի Ա կետով, մեղադրվում է այն բանում, որ «ինչպես հարկն է չի զննել Արտյոմ Սարգսյանին եւ վերջինիս ստացած բազմաթիվ վնասվածքները սխալ է ախտորոշել, եւ բուժումը սխալ է ընթացել»։ Սաքանյանը հայտնեց, որ Արտյոմին քննել է որպես թունավորվածի, քանի որ վերջինիս գանգատները (սրտխառնոց, ջերմության բարձրացում եւ այլն), ինչպես նաեւ իր կողմից կատարված զննումները դա էին ապացուցում։ «Միջին ծանրության ինտոքսիկացիոն ջրազրկում 2-րդ աստիճանի»,- կատարեց վերջինս իր ախտորոշումը։ Հարցերին ի պատասխան էլ (թե ինչպե՞ս է, որ չի նկատել Արտյոմի մարմնական վնասվածքները) արդարացավ. «Ես մանրազնին չեմ զննել, այլապես չէի կարող չնկատել մարմնական վնասվածքները։ Եթե ես աղիքային ինֆեկցիա եմ կասկածում, հնարավոր չէ, որ հագուստի ներսը նայեի»։ Այն, որ հիվանդին ընդունելուց եւ իր ենթակայության տակ գտնվողներին համապատասխան հանձնարարություն տալուց հետո մեկնել է այլ զորամաս՝ բացատրեց այսպես. «Հոսպիտալի կողմից հրաման եմ ստացել N զորամաս գործուղվելու մասին» (տուժող Արտյոմ Սարգսյանի հայրը՝ փոխգնդապետ Ռաֆիկ Սարգսյանը նկատեց, որ այդ ընթացքում, փաստորեն, ինֆեկցիոն բաժանմունքում մնացել են 1 սանիտար եւ 1 բուժքույր)։ «Դուք՝ որպես բուժող բժիշկ, որ կոչված էիք հսկողություն իրականացնել, կարո՞ղ էիք չկատարել ձեր հրամանատարի հրամանը»,- հարցրեց Սաքանյանի պաշտպան Կարինե Գասպարյանը։ «Որպես զինծառայող ես պարտավոր էի կատարել իմ հրամանատարի հրամանը,- պատասխանեց Սաքանյանը եւ միաժամանակ հայտնեց,- ես գլխավոր բժշկին ասացի, որ ունեմ ուշադրության արժանի հիվանդ եւ չեմ կարող կատարել հրամանը»։ Ըստ վերջինիս պնդման, իրեն տրվել է ընդամենը 20 րոպե ժամանակ, որից հետո ինքը թերապեւտիկ բաժանմունքի պետին տեղյակ է պահել իր հեռանալու մասին եւ խնդրել ուշադրություն դարձնել հիվանդներին։ Ախտորոշիչ բաժանմունքի կոորդինատոր Անահիտ Բաբայանը, որը մեղադրվում է ՀՀ քրօրի 103 հոդվածով, նույնպես հավաստեց, որ Արտյոմ Սարգսյանը գանգատվել է ջերմությունից, սրտխառնոցից։ Սոնոգրաֆիկ հետազոտության ընթացքում դժվար տեսանելի են եղել ներսի օրգանները, ինչը պատճառաբանեց ստամոքսաաղիքային հիվանդության առանձնահատկություններով։ Նշեց, որ առավոտյան հիվանդի վիճակը ծանր չի եղել, իսկ երեկոյան բողոքել է ոտքի ցավից։ «Դուք ասացիք, որ Արտյոմի վիճակը բավարար էր։ Այդ դեպքում՝ ի՞նչն էր պատճառը, որ հիվանդին 2-րդ հարկ չբարձրացրիք, այլ ապարատը իջեցրիք հիվանդի մոտ»,- հարցրեց Ռաֆիկ Սարգսյանը։ Բաբայանը պատճառաբանեց, որ վերեւ չբարձրացնելու նպատակը եղել է հիվանդության՝ հնարավոր վարակի կանխումը։ «Ինչո՞ւ, ընդունարանո՞ւմ է ավելի շատ մարդ լինում, թե՞ վերեւում»,- չհամոզվեց Ռ. Սարգսյանը։ Նրա հաջորդ հարցին. «Ասում եք, որ օրգանիզմի վիճակը չերեւաց, այդ դեպքում ինչպե՞ս եք հիվանդության պատմության մեջ նշել, թե օրգանիզմի որ մասը ինչ վիճակում էր»՝ պատասխան չտրվեց։ Տուժողի հոր հաջորդ հարցին. «Դուք ասացիք, որ Արտյոմին ներերակային սրսկում էին անում։ Բա չհարցրի՞ք ինչի համար է»։ Ա. Բաբայանը պատասխանեց. «Ինձ ասացին ջերությունը իջեցնելու համար է»։ Ի դեպ, ցուցմունքի ընթացքում Բաբայանը տեղեկացրեց, որ հիվանդի արյունահոսությունը վերսկսվել է մեծ քանակի հեղուկներ ներարկելուց հետո եւ չհասկացվեց, թե այդ մեղադրանքով ով էր ակնարկվում։ Իսկ երբ նշեց, որ հիվանդը կորցրել է 2600 մլ արյուն (որը վտանգավոր է կյանքի համար), Ռ. Սարգսյանը հիշեցրեց. «Դա 12 ժամ անց է ասվել։ Այդ եզրակացությունը տրվել է փորձաքննությունից հետո»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել