Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԵՏՈՒ ՉԷ՞ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Դեկտեմբեր 04,2002 00:00

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԵՏՈՒ ՉԷ՞ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ Արդեն 2 տարի է՝ Հայաստանում գործում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը: Այն մինչեւ ԱԺ-ում ընդունվելը հինգ տարվա ընթացքում մշտապես եղել է քննարկումների եւ աշխատանքային գործընթացի մեջ: Որքան էլ տարօրինակ է, զանազան շրջանակներում անցկացված քննարկումներից ոչ մեկին չեն մասնակցել Հանրային (կամ նրա իրավանախորդների) հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչները, հետեւաբար, օրինագիծը կատարելագործելու ուղղությամբ որեւէ առաջարկություն կամ դիտողություն նրանց կողմից չի հնչել: Օրենքն ուժի մեջ է մտել 2000 թվականից եւ համաձայն ՀՀ Նախագահի 19.01.2001թ. ՆՀ -798 հրամանագրի, ձեւավորվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, իսկ ՀՀ կառավարության 04.07.01թ. թիվ 592 որոշումով ստեղծվել է «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ172ն (ՀՀՀԸ) եւ 20.07.01թ. թիվ 661 որոշումով՝ «Հայաստանի Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ172ն (ՀՀՌԸ): Այս ընկերությունների համար հիմնադիր համարվող պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները վերապահվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին: Սակայն Հայաստանի ՀՀՌԸ խորհրդի ուշ ձեւավորումը բոլորովին էլ չի խոչընդոտել, որ «2001թ. ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով «հեռուստառադիոհաղորդումների համար» հատկացվի 1.988.689.0 հազար դրամ, որից. ՀՀՌԸ խորհրդին՝ 22.500.0 հազար, հեռուստահաղորդումների պատրաստման գծով պետական պատվեր՝ 177.511.5 հազար, ռադիոհաղորդումների պատրաստման գծով պետական պատվեր՝ 146.162.0 հազար։ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն, «Հեռուստառադիոընկերության խորհուրդը պետք է մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը ՀՀ Ազգային ժողով ներկայացնի Հանրային հեռուստառադիոընկերության նախորդ տարվա գործունեության մասին ծրագրային եւ ֆինանսական հաղորդում: Հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնում է Խորհրդի նախագահը, որն ընդունվում է ի գիտություն։ Այդ մասին հրապարակվում է մամուլում: ՀՀՌԸ խորհուրդը մինչ օրս ԱԺ չի ներկայացրել օրենքով նախատեսված հաղորդումը, ասել է թե ՀՀՀՌԸ գործունեության մասին տեղեկատվություն ստանալու հնարավորությունից զրկված է ոչ միայն օրենսդիր մարմինը, այլեւ ողջ հանրությունը, որի հարկերի հաշվին հեռարձակվում են հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումները: ԱԺ գիտության եւ կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը դիմել է Խորհրդին հաղորդումը ներկայացնելու պահանջով, որին հետեւել է Խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի հետեւյալ պաշտոնական պատասխանը (թիվ 01-37 գրություն). «ՀՀՀՌԸ խորհուրդը իր գործունեությունը եւ օրենքով ամրագրված իրավասություններն սկսել է իրականացնել 2002թ. հունվարի 1-ից, իսկ 2001թ. ընթացքում Խորհրդի իրավասությունների գերակշիռ մասն իրականացրել է Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունը, որը նաեւ կազմել է ոլորտի 2001թ. նպատակային ծրագիրը եւ ներկայացրել համապատասխան բյուջեն։ Ուստի ՀՀՌԸ չի կարող ներկայացնել Խորհրդի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում, որովհետեւ չի կազմել եւ չի իրականացրել համապատասխան ծրագրերը»։ Հարկ է նշել, որ 2001թ. ընթացքում ՀՀՀՌԸ խորհուրդը իրականացրել է իր գործունեությունը, պետբյուջեից ստացել է վերոնշյալ գումարը, իրավունք է ունեցել ստանալ արտաբյուջետային եկամուտներ, այդ թվում՝ գովազդային մուտքեր, կատարել է զգալի կառուցվածքային փոփոխություններ, որոնց մասին Խորհուրդը համաձայն օրենքի 36-րդ հոդվածի պահանջի, պետք է թեկուզ հակիրճ հաղորդում ներկայացներ Ազգային ժողով, ինչը չի արել: Սա դեռ բոլորը չէ։ Օրենսդիրը դեռեւս քննության չի առել «Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագիծը։ Ստացվում է, որ Հանրային խորհուրդն արդեն երկու տարի է՝ գործում է առանց կանոնակարգ-օրենքի՝ խախտելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջը: Առաջին անգամ կառավարության միջոցով ՀՀՀՌԸ խորհուրդը ԱԺ է ներկայացրել մի կանոնակարգ, որը, սակայն, գործող մայր օրենքի չորրորդ գլխի կրկնությունն էր։ Լրամշակված երկրորդ տարբերակը ներկայացվել է 15.05.02թ., որը, սակայն, դեռեւս չի քննարկվել խորհրդարանում: Ու՞մ է ձեռնտու այս վիճակը՝ միանշանակ չէ, քանի որ թերացել են եւ՛ ՀՀՀՌԸ խորհուրդը, եւ՛ ՀՀ կառավարությունը, եւ՛ Ազգային ժողովը: Խորհրդի նախագահը հրապարակայնորեն՝ Եվրախորհրդի փորձագետների, ՀԿ-ների եւ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ անցկացված կոնֆերանսում (6-7 հոկտեմբեր, 2001թ., Երեւան) ներկայացրած իր զեկուցման մեջ հայտնել է այս երկու փաստաթղթերի մասին ունեցած իր գնահատականը: Նշենք մի հատված զեկուցումից. «Բազմաթիվ են խնդիրները նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության առնչությամբ: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Այստեղ չենք կարող ակնկալել օրենսդրից դոզավորված բարյացակամություն՝ ըստ իրեն հարմար պահի ու ժամկետի, այստեղ ավելի կարեւոր հարց է օրակարգում՝ երկրի ամենաազդեցիկ լրատվամիջոցի նկատմամբ իշխանության հարցը: Տարբեր են դրան հասնելու՝ առաջարկվող ուղիները: Այս փուլում դրանք ձեւակերպվել են որպես Հանրային հեռուստառադիոընկերության Խորհրդի կողմից խորհրդարանին ներկայացվող տարեկան հաղորդում եւ կանոնակարգի ընդունում որպես օրենք: Այստեղ ամենահետաքրքիր մասն, իհարկե, խորհրդի նախագահին պատգամավորների կողմից հարցեր ուղղելու պրոցեդուրայի սահմանումն է, եւ ի սկզբանե պարզ է, որ մեր պատգամավորական կորպուսի մեծ մասին հետաքրքրելու են ոչ թե ընկերության ֆինանսական վիճակը կամ ստեղծագործական չափանիշները, այլ բացառապես քաղաքական հարցեր: Անկեղծ ասած, աչքի առաջ ունենալով այս հեռանկարը, նպատակահարմար չեմ գտնում որեւէ կերպ պաշտոնապես արձագանքել նորամուծությանը, եւ ընդհանրապես Խորհրդի ու նաեւ Ազգային հանձնաժողովի կողմից որեւէ առաջարկի ներկայացումն առաջիկա առնվազն մեկուկես տարիների ընթացքում համարում եմ անիմաստ զբաղմունք»: Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը նույնպես Ազգային ժողով չի ներկայացրել իր գործունեության մասին հաղորդում, բայց ԱԺ-ում ընդունվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը: Մի մտահոգություն եւս։ Հանրային հեռուստառադիոընկերություն ունենալու եւ պետության կողմից այն հիմնադրելու գաղափարը սկզբունքորեն ընդունվել է մի նպատակով. որպեսզի այն իսկապես հանրային լինի։ Այդ նպատակով է օրենքով սահմանվել ՀՀՀՌԸ-ի ծրագրային քաղաքականությունը, այս կառույցին տրվել է ամբողջ երկրի տարածքով սփռվող առնվազն մեկ հեռուստաալիք եւ մեկ ռադիոալիք։ «Առնվազն մեկ ալիք»-ը ենթադրում է, որ ՀՀՌԸ-ն կարող է ունենալ մի քանի ալիք կամ, այլ կերպ ասած, զբաղեցնել մետրային եւ դեցիմետրային բազմաթիվ հաճախություններ։ Ցավոք, օրենքում որոշակի չեն նշվել պետության կողմից ՀՀՀՌԸ-ին հաճախություններ հատկացնելու դեպքերը եւ կարգը, սակայն օրենքում հստակ նշված են ծրագրային քաղաքականության այն ուղղությունները, որոնց իրականացման դեպքում ՀՀՀՌԸ-ն կարող է տնօրինել մեկից ավելի հաճախություններ։ Այսօր արդեն «Հ1» լոգոն առկա է ոչ թե մեկ, այլ երկու ալիքներում: Մեկն այն է, որն ավանդաբար գործում է մինչ օրս, իսկ մյուսը՝ 48-րդ դեցիմետրային հաճախությունը, որը հիմնականում հայտնի է «Ազգային երաժշտական ալիք» անվանմամբ։ Ի՞նչ իրավական հիմքերի վրա է գործում վերջինս, ի՞նչ նպատակների ու ծրագրերի են ուղղված հեռարձակվող բացառապես երաժշտական հաղորդումներն ու հաղորդաշարերը, պարզ չէ: ՀՀՌԸ խորհուրդը դիմել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ Երեւան քաղաքում ալիքների դեցիմետրային տիրույթում հեռուստակապուղի հատկացնելու խնդրանքով։ Չնայած նշված տիրույթում ազատ կապուղիների բացակայությանը՝ ՀՌ Ազգային հանձնաժողովը հիմք ընդունելով նախարարության եզրակացությունը, իր 28.02.02թ. թիվ 28 որոշումով, 48-րդ հեռուստակապուղին 2 ամիս ժամկետով՝ փորձնական կարգով, տրամադրել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը (ՀՀՀԸ)։ Այսպիսով, ս.թ. փետրվար ամսին կայացրած վերը նշված որոշումով 48-րդ կապուղին ՀՀՀԸ հատկացվել է երկու ամիս փորձնական ժամանակով։ Մինչդեռ ՀՀՀԸ172ն այն զբաղեցնում է ութ ամսից ավելի։ Փաստորեն, մոտ 6 ամիս, 2001թ. գարնանային եթերաշրջանից սկսած, ապօրինի հիմունքներով՝ ՀՀՀԸ172ն 48-րդ հաճախությունով իրականացնում է առեւտրային գործունեություն, բացարձակապես չիրագործելով այն ծրագրային քաղաքականությունը, որը պարտադրված է օրենքով: Այս խնդիրները կարգավորման կարիք ունեն։ Հանրությանը պատկանող հանրային հեռուստառադիոեթեր ունենալու Հայաստանին ներկայացրած Եվրախորհրդի պահանջները այս պայմաններում ուղղակիորեն չեն կարող կատարվել։ Վաղուց հասունացել է հանրային հեռարձակման դաշտում հանրության մասնակցությունն ապահովելու կարիքը։ ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ԱԺ փորձագետ Հ.Գ. 2003 թ. պետբյուջեով նախատեսված է հեռուստառադիոհաղորդումների համար հատկացնել 2 մլրդ 897 մլն դրամ, որից հանրային հեռարձակմանը տրամադրվող գումարը 168.2 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվանը։ Սա ավելին է, քան հանրապետության ամբողջ գիտության համակարգին հատկացվող գումարը։ Փաստորեն, Տիգրան Նաղդալյանի այն պնդումը, թե 48-րդ, այսինքն՝ երկրորդ հաճախությամբ հանրային հեռարձակումն իրականացվում է բացառապես կոմերցիոն միջոցների հաշվին, չի համապատասխանում իրականությանը։ Այն իրականում ֆինանսավորվելու է նաեւ պետբյուջեի հաշվին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել