Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԺ-ն վեր է ածվել տուրիստական բյուրոյի»

Դեկտեմբեր 04,2002 00:00

«ԱԺ-ն վեր է ածվել տուրիստական բյուրոյի» Արդյունքը՝ ոչ մի դրական քայլ Խորհրդարանական այս եռօրյան անցնող 2002-ի վերջին հերթականն է։ Ազգային երեսփոխաններին այլ բան չի մնում, քան սեփական անձերի, սեփական կուսակցությունների կամ էլ իրենց կողմից սատարվող ուժի լոբբինգով զբաղվելը։ Հայտարարությունները թեպետ սովորական էին, սակայն օրվա վերջում ամեն ինչ երեւում է ավելի թափանցիկ, եւ պարզապես զայրույթից պայթում ես, երբ որեւէ պատգամավոր յոթ հարյուր եւ ավելի մղոն հեռու լինելով ազգային գաղափարախոսությունից եւ ազգի խնդիրներից, դեմքին ծիծաղելիորեն ծանրակշիռ արտահայտություն տալով, խոսում է այդ թեմաներով։ Ուրիշներն էլ իրենց չափով են խաղում՝ միմյանց երեսին կեղտ շպրտելով եւ միմյանց հայհոյելով՝ հող են նախապատրաստում ապագա խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլի սեփական քարոզչության համար։ Այսքանը՝ հընթացս, պարզապես որպես լրագրողական վերաբերմունք։ Անցնելով որոշ հայտարարությունների լուսաբանմանը, արձանագրենք, որ խորհրդարանի ընդդիմադիր մասը հանդես է գալիս բավականին կազմակերպված եւ աշխատանքային մթնոլորտում։ Ասենք՝ Շավարշ Քոչարյանը, հայտարարություն է անում «Ընտրական օրենսգրքում» ընդդիմության առաջարկած փոփոխությունների վերաբերյալ, պնդելով՝ իշխանությունները չեն ընդունում իրենց առաջարկած խիստ սկզբունքային եւ կարեւոր փոփոխությունները, հետեւաբար՝ նրանք վտանգում են ազատ եւ արդար ընտրությունների հնարավորությունը։ «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի ղեկավար Գրիգոր Հարությունյանն էլ, վերցնելով էստաֆետը, շարունակում է. «Ես ցավում եմ, որ քաղաքական ուժերը, որոնք սատարում են գործող նախագահին, համոզված լինելով, որ մեր կողմից արված առաջարկությունները ճիշտ են, տեղի տվեցին նախագահական նստավայրի ճնշումներին (իմ անձնական կարծիքն է սա) եւ հետ կանգնեցին կարեւորագույն գործից (խոսքն «Ընտրական օրենսգրքում» առաջարկված փոփոխությունների մասին է.- Մ. Ե.)»։ ՀԺԿ անդամ Ստեփան Զաքարյանն էլ, առիթն օգտագործելով, հայտարարեց, թե հերյուրանք են այն պնդումները, թե ընդդիմությունը միասնական չէ, եւ, որպես ասվածի ապացույց, ներկայացրեց «Հանրապետություն» կուսակցության նույն օրը տեղի ունեցած համագումարը։ Գագիկ Կոստանդյանը, իր վրա վերցնելով ԱԺ-ին գնահատական տալու իրավունքը, հայտարարեց. «ԱԺ-ն վեր է ածվել տուրիստական բյուրոյի, ԱԺ նախագահին եւ բազմաթիվ պատգամավորների Մագելանն անգամ նախանձով կնայեր, քանզի վերջիններս բազմաթիվ շրջագայություններ են կատարել երկրագնդի շուրջը։ Արդյունքը՝ զրո, ոչ մի դրական քայլ։ ԱԺ-ն վեր է ածվել կառավարության կցորդի»։ Հրանտ Խաչատրյանը մի քանի «հայտնի» բաների մասին խոսելով հայտարարեց. «Հայտնի է, որ մենք ձգտելու ենք այս ընտրություններում ապահովել այնպիսի օրինականություն, որ ով էլ որ ընտրվի ՀՀ նախագահ, նրա վրայից բացակայի ոչ լեգիտիմության մեղադրանքը»։ Որպես առաջին ահազանգ՝ պրն Խաչատրյանը խոսեց իրենց կողմից պաշտպանվող թեկնածուին՝ Արամ Կարապետյանին առաջադրող նախաձեռնող խմբերից միայն մեկին գրանցելու փաստի մասին։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել