Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

13-ՐԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Դեկտեմբեր 04,2002 00:00

13-ՐԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ Այն դարձավ «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը, որին առաջադրեցին իր կուսակցության արտահերթ երկրորդ համագումարի 500-ից ավելի պատվիրակները: Որքա՞ն երկար Արամ Սարգսյանը կմնա հանրապետության նախագահի 13-րդ հավակնորդը՝ դժվար է ասել, քանզի համագումարի ավարտին խոստացավ. «գնալու եմ մինչեւ վերջ», «պայքարելու եմ, որ հաղթեմ հենց առաջին փուլում», իսկ մինչ այդ՝ ծրագրային ելույթում ազդարարել էր. «Մենք ու ՀԺԿ-ն այլընտրանք չունենք՝ մենք իրար հետ չենք մրցելու»: Ավելին, համագումարում ընդունված որոշման մեջ Արամ Սարգսյանին հանձնարարվեց շարունակել ընդդիմության համախմբմանն ուղղված քաղաքական ուղեգիծը: Եվ նա էլ խոստացավ, թե աշխատելու են, որ չկորցնեն որեւէ փշուր ընդդիմադիր դաշտից: Սակայն մեջբերենք համագումարում հնչած այն քննադատությունը, որ վերաբերում էր ինչպես Ռոբերտ Քոչարյանին եւ նրա աջակիցներին, այնպես էլ «16»-ի որոշ դաշնակիցներին: Նախ՝ Քոչարյանի մասին: «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը պնդեց. «Արդեն իսկ վերից վար հրահանգավորված են բոլոր տրամաչափի չինովնիկները, պաշտոնյաները՝ յուրաքանչյուրն իր կարողության սահմաններում ապահովել նախագահի ընտրություններին այս կամ այն քանակի ձայն»: Բազեյանը նաեւ հիշեցրեց «27»-ի գործով հանձնաժողովի եզրակացության այն դրույթը, թե այդ հանցագործությունը կարող էր կանխվել, եթե իրենց պարտավորությունները պատշաճ եւ հստակ կատարեին երկրի անվտանգությունն ապահովելու կոչված մարմինները. «Այս պարագայում՝ հանրապետության նախագահը կա՛մ թերացել է իր սահմանադրական պարտավորությունների կատարման մեջ, կա՛մ ցուցաբերել է հանցավոր անգործություն»: Սուրեն Սուրենյանցն արտահայտվեց ավելի կտրուկ. «Անկախ այն հանգամանքից, թե ովքեր են «27»-ի ոճրագործության կազմակերպիչները՝ դրա քաղաքական պատասխանատուներ համարում եմ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա իշխանությունն ամբողջացնող քաղաքական խմբավորումներին: Հիշենք 1998-1999 թթ. իրադարձությունները, երբ ինձ ու ձեզ հայտնի որոշ կուսակցություններ (խոսքը, մասնավորապես, ՀՅԴ-ի մասին է.- Ա. Ի.) շարունակ խոսում էին իշխանափոխությունը մինչեւ վերջ հասցնելու անհրաժեշտության մասին: Այս ակնարկը շատ էր թափանցիկ եւ ուղղված էր Վազգեն Սարգսյանի քաղաքական ազդեցության չեզոքացմանը: Պատահական չեմ համարում, որ ահաբեկչությունն անմիջականորեն իրականացնողները դաստիարակվել են միեւնույն պսեւդոազգայնական խոհանոցում: Տխուր մի օրինաչափությամբ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամրապնդումն ուղեկցվել է ահաբեկչությամբ եւ խարդավանքներով»: Արամազդ Զաքարյանը՝ հիշեցնելով Քոչարյանի խոստովանությունը, թե միայն վերջին 3 տարում է կարողացել լիարժեք աշխատել, եզրակացրեց՝ «Դրանով իսկ նա չքողարկված հիմնավորեց «Հոկտեմբերի 27»-ը: Արդարացրեց, որ «Հոկտեմբերի 27»-ն իր եւ իր նմանների համար ճիշտ էր՝ իրեն խանգարողներ կային, իրենց ճաշակի եւ ախորժակի ճանապարհին կանգնած մարդիկ կային»: Անդրադարձեր եղան նաեւ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանողներին: «Իրենց աջակցությունը հիմնավորում են երկրում տեղի ունեցող իբրեւ թե տնտեսական առաջընթացով: Ենթադրենք, թե կա որոշակի առաջընթաց: Իսկ ի՞նչ է, խաղաղության պայմաններում մենք պետք ետընթա՞ց ապրեինք,- հարցրեց պրն Բազեյանը:- Իսկ բացասական երեւույթների մասին գերադասում են չխոսել»: Անընդհատ մատնանշվում է, թե «16»-ում միավորվել են տարբեր գաղափարախոսություններ ունեցողներ: «Հանրապետության» նախագահն ուշադրություն հրավիրեց, որ նույն պատկերն է նաեւ Քոչարյանի շուրջ միավորվածների ճամբարում՝ ռամկավարներ, ձախ սոցիալիստներ եւ այլն. «Բայց նրանք պաշտպանում են նո՛ւյն նախագահին՝ անկախ իրականացվող քաղաքականությունից»: Ավելի որոշակի անդրադառնալով Քոչարյանի քաղաքական հենարաններին՝ ասաց. «Ինչպե՞ս պետք է բացատրի իր շարքային քաղաքացիներին ազգայնական եւ սոցիալիստական ուղղվածություն ունեցող Դաշնակցությունը՝ պաշտպանությունն այն նախագահի, որը վարում է վայրի լիբերալիզմի քաղաքականություն եւ վաճառում ազգային արժեքներ: Կամ ինչպե՞ս է, ասենք. «Օրինաց երկիրը» կառուցելու օրինաց երկիր օրինախախտ նախագահով: Կամ ինչո՞վ են հիմնավորում հանրապետականները Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը. այս կուսակցության մասին արդեն ավելորդ է խոսել, որովհետեւ ցանկացած իշխանության պայմաններում հարմարվում են եւ դառնում իշխանության մաս: Իսկը Հայաստանի հարմարվողականների կուսակցություն է»: Ս. Սուրենյանցն էլ շեշտեց, թե ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «ՕԵ»-ն կրում են վարվող «հակապետական ուղու» պատասխանատվությունը եւ «դադարել են քաղաքական միավոր լինելուց՝ վերածվելով ապօրինի ռեժիմի կցորդների»: Սուրեն Սուրենյանցի ելույթում պարունակվում էր քննադատություն նաեւ դաշնակից կուսակցությունների հասցեին: Նախ՝ «Սոցիալիստական Հայաստանի» մասին. «Ոմանք առաջարկում են ջնջել 1988-ով սկսված պատմության էջը եւ դնել 4-րդ հանրապետության հիմքեր: Ճիշտ հակառակը՝ մեր կուսակցությունը 3-րդ Հանրապետության արժեքների, մեր ժողովրդի ազատության եւ անկախության ձգտումների կրողն է ու Հայաստանի փրկության հույս չի փնտրում օտար մայրաքաղաքներում: Մեզ խորթ են նման սոցիալ-պոպուլիստական ելույթներն ու կարգախոսները, որոնք որեւէ կերպ չեն նպաստում Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը: Ավելին՝ նման մոտեցումները կենսունակ չեն եւ կենդանության նշաններ կարող են հաղորդել նույնիսկ քաղաքական եւ բարոյական բոլոր ռեսուրսները սպառած ռեժիմին»: Ակնարկներ հնչեցին նաեւ Շավարշ Քոչարյանի հասցեին. «Առնվազն տարօրինակ ենք համարում, որ ընդդիմության մեկ այլ հատված, կարծես թե անտեսելով ընտրական ինստիտուտների բացակայության փաստը, շարունակ խոսում է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ գործող սահմանադրությունը որակելով չարիք: Մինչդեռ յուրաքանչյուրիս համար ակնհայտ է, որ առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել սահմանադրական կարգը ու հետո միայն՝ մտածել սահմանադրությունը բարեփոխելու մասին»: Նախ եւ առաջ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու անհրաժեշտության մասին խոսեց նաեւ Ալբերտ Բազեյանը, իսկ հաջորդ քայլն «օրինազանց պաշտոնյային իշխանությունից հեռացնելն է: Այդ հնարավորությունը մենք ունենք առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում»: Հռետորները շեշտում էին, որ Քոչարյանը չունի վերջին 10 տարում ՀՀ քաղաքացիություն. մի հանգամանք, որ նախկինում «Հանրապետության» գործիչները չէին ընդունում: Ավելին՝ նաեւ նրանց ջանքերին ենք պարտական, որ Հայաստանն այժմ ունի նախագահ, որն ըստ Սահմանադրության՝ չունի այդ պաշտոնին հավակնելու իրավունք: «Իսկ այժմ մեր խնդիրը Ռոբերտ Քոչարյանից ազատվելն է, թույլ չտալը, որ մեր Հիմնական օրենքի խախտումով նա երկրորդ անգամ զավթի նախագահի պոստը»,- ազդարարեց Արտակ Զեյնալյանը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել