Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2003-Ի ԲՅՈՒՋԵԻՆ ԵՎՍ ԱՆՈՒՆ ԿՊՑՐԻՆ

Դեկտեմբեր 04,2002 00:00

2003-Ի ԲՅՈՒՋԵԻՆ ԵՎՍ ԱՆՈՒՆ ԿՊՑՐԻՆ «Անծրագիր», «էն չի», «հեղհեղուկ» Անցած եռօրյայի ժամանակ «Առավոտը» խնդրել էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանին որեւէ անուն կպցնել 2003-ի բյուջեին։ Վարչապետը բավարարվել էր միայն «2003-ի բյուջե» անունով։ Սակայն երեկ, սկսելով բյուջեի քննարկումները, պատգամավորները չվարանեցին անուն կպցնել մինչ այժմ անանուն բյուջեին։ Ըստ Արշակ Սադոյանի՝ դա անծրագիր բյուջե է. «նույնիսկ իմ ուղղակի հարցերին, թե սա ո՞ր գծի համար նախատեսված բյուջե է, պատասխան չի եղել»։ Արշակ Սադոյանի մոտեցումը հայտնի է՝ պետք է լինի հնգամյա ծրագիր, եւ բյուջեն էլ կազմվի հնգամյա ծրագրում՝ տարեկան բյուջե։ Իսկ ինչպե՞ս է քվեարկելու Արշակ Սադոյանը՝ կո՞ղմ, թե՞ դեմ. «Ես գտնում եմ, որ սա չի արտացոլում հանրապետության գործող նախագահի մոտեցումները, սա հեղհեղուկ, անծրագիր բյուջե է»։ Շավարշ Քոչարյանի գնահատականով՝ «իր կառուցվածքով էն չի։ Բավականին առաջարկություններ են արվել։ Եթե ընդունվի՝ կմտածենք, իսկ եթե չընդունվի՝ բնական է»։ «Բնականը», ենթադրաբար, «դեմն» է։ Պատգամավոր Ստեփան Զաքարյանը բյուջեի մասին հետեւյալն ասաց. «Ամբողջ բյուջեին եմ դեմ։ Սա՝ մեկ։ Եվ երկրորդ՝ առաջարկներ կան, որ չեն ընդունվել։ Մենք սկզբունքորեն դեմ ենք նման տեսակի բյուջեին»։ Ստեփան Զաքարյանն էլ բյուջեն «օծեց» այսպես. «այս իշխանությունները «պաստառի» քաղաքականություն վարող իշխանություն են, տակից ինչ ուզեն՝ անեն, բայց «պաստառի» վրա ասեն՝ իբր՝ արդար ընտրություն, իբր՝ էս… նույնն էլ էս բյուջեն։ Խոսում են զարգացման եւ այլնի մասին, բայց որեւէ զարգացում չեմ տեսնում այս բյուջեում»։ ՀՅԴ խմբակցության անդամ Կիմ Բալայանն այս կարծիքին է. «Դեռ ծանոթ չենք, թե մեր որ առաջարկությունն է ընդունվելու։ Մեր կողմ կամ դեմ քվեարկելը կախված է այն խնդիրներից, թե մեր առաջարկություններն ի՞նչ տեղ են գտել բյուջեում։ Կան սկզբունքային մի քանի հարցեր, որոնք ոչ մի ձեւով չենք զիջել։ Ընթացքից կերեւա»։ Կիմ Բալայանն իր հերթին բյուջեն «կնքեց». «իրոք, սոցիալական եւ աղքատության վերացման պիտակները (դրական առումով), որ այսօր ասվում է այս բյուջեի վերաբերյալ, ես կարծում եմ, որ տեղին է»։ Ինքը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, լրագրողների հարցերին պատասխանելով, ասաց, որ արված առաջարկները քննարկվել են որպես դժվար ընդունելի առաջարկ, խոսեց ճանապարհների շինարարության մասին. «մտադիր ենք դա ապագայում շարունակել «Լինսի» հիմնադրամի տրամադրած միջոցներով, 400-500 միլիոն արժեն այդ ճանապարհների առաջարկները»։ Պետական պաշտոնյաների եւ պատգամավորների աշխատավարձերի հետ կապված հարցերը խիստ երկար ու ցավոտ են շոշափվում հասարակության տարբեր շերտերի մեջ։ Իսկ վարչապետի ասելով՝ դեռեւս աշխատավարձերի բարձրացման շեմը չի քննարկվել. «Մենք այժմ կքննարկենք շեմը, բարձրացումը գտնում ենք անհրաժեշտ՝ քաղաքական պաշտոն ունեցողների աշխատավարձերի բարձրացում կատարելը, որովհետեւ ամենաանպաշտպանն այսօր քաղաքական եւ հայեցողական պաշտոն ունեցողներն են։ Եթե քաղաքացիական ծառայողները՝ հարկային, մաքսային, դիվանագիտական, զինվորական ծառայության մեջ գտնվողները, օրենքով պաշտպանված են, ունեն ապահովության միջոցներ, ապա ամենաանպաշտպանը, կարելի է ասել, վարչապետն ու նախարարներն են, փոխնախարարները, որոնք ոչ մի օրենքով պաշտպանված չեն եւ ցանկացած ամիս կամ ցանկացած տարի կարող են դուրս գալ, աշխատանքից ազատվել եւ ավելի վատ պայմանների մեջ են լինում, քան քաղաքացիական ծառայողները, որովհետեւ նորից պետք է դիմեն Քաղաքացիական ծառայության խորհրդին, ասենք՝ վարչության պետ աշխատելու համար»։ Այս դեպքում, երկրի վարչապետին լսելիս, մարդու լացը գալիս է, քիչ է մնում առաջարկենք՝ համաժողովրդական հանգանակություն կազմակերպել վարչապետի, նախարարների եւ փոխնախարարների այսօրվա եւ վաղվա սոցիալական կարիքների համար։ Վարչապետը հիշեցրեց, որ մոտ երկու տարի առաջ մոտ 50 հազար դրամ ստացող նախարարների, պատգամավորների աշխատավարձը միանգամից հասցվեց 140 հազարի (հա, ի դեպ, մեր վարչապետը «դրամներով» է խոսում)։ Անդրանիկ Մարգարյանն արդեն երրորդ տարվա բյուջեն է ներկայացնում եւ, իր ասելով, իր գլխավորած կառավարության «հաջողության գրավականը եղել է հանրապետության նախագահ-կառավարություն-ԱԺ քաղաքական ուժերի համատեղ աշխատանքի արդյունքը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել