Զոհվածների հարազատներն անտեսված են Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքների զոհված ազատամարտիկների հարազատները, հավաքվելով նախագահի նստավայրի դիմաց, կառավարությունից եւ նախագահից պահանջում էին վերականգնել 1998-ից դադարեցված որոշումը, ըստ որի, զոհվածների ընտանիքները հոսանքի վարձը պետք է վճարեին 50% զեղչով։ Այսօր նրանք այլեւս ի վիճակի չեն վճարել վարձը եւ նրանցից շատերի բնակարաններն օրերով հոսանքազրկված են։ Ըստ ցուցարարների, այս որոշման դադարեցումից հետո, նրանց հոսանքի վճարման համար հատկացվել է ամսական 1500 դրամ, որը երկու ամիս հետո նույնպես դադարեցվել է։ Ցուցարարները պնդում էին, որ չեն կարողանում վճարել նաեւ ջրի եւ տան վարձերը, որովհետեւ աշխատանք չունեն եւ մի կերպ իրենց գոյությունն են պահպանում։ Պաշտպանության նախարարության սոցիալական բաժինը նրանց հատկացրել է փաստաթուղթ, որը թույլ է տալիս օգտվել զոհվածների ընտանիքների համար նախատեսված բոլոր զեղչերից եւ արտոնություններից, սակայն նրանք պատրաստ են այդ փաստաթուղթը ետ վերադարձնել, քանի որ այսօր գործում է միայն հեռախոսավարձի ամսական վճարի զեղչը։ Զոհվածների հարազատներից շատերը երբեմն ինքնակամ չեն օգտվում իրենց հատկացված նպաստներից։ Նրանցից շատերը մինչեւ օրս չունեն երթեւեկությունից օգտվելու մշտական տոմսեր, որովհետեւ վարորդները ամեն անգամ նրանց հասցեին զանազան վիրավորանքներ են շպրտում։ Նույնիսկ վերջերս «18» համարի ավտոբուսի վարորդը որդեկորույս մայրերից մեկին այնպես էր վիրավորել, որ վերջինս կորցրել է հավասարակշռությունը, վայր է ընկել ավտոբուսից, կոտրել ձեռքը եւ դարձել հաշմանդամ։ Այսօր զոհվածների ընտանիքներին նշանակված է 4000-8500 դրամ ամսական կենսաթոշակ, որը չի բավականացնի նույնիսկ մեկ ամսվա հաց գնելուն։ Ըստ բողոքողների, իրենց որոշ նպաստներ կամ օգնություններ բաժանելուց հաշվի են առնում նաեւ այն փաստը, թե արդյոք զոհված ազատամարտիկը թաղված է Եռաբլուրո՞ւմ, թե՞ մեկ ուրիշ գերեզմանատանը։ Ցուցարարներն ասում էին, որ անտեսված են բոլորի կողմից եւ բացի կենսաթոշակներից, ապրելու այլ միջոց չունեն։ Միայն յուրաքանչյուր ամանորի նրանց ընտանիքներին բաժանվում են ծանրոցներ, իսկ թաղապետարանը հատկացնում է անվճար ջեռուցում ստանալու կտրոն, սակայն ոչ բոլոր շենքերն են ջեռուցվում։ Նրանք մեծ գոհունակությամբ էին խոսում իրենց նախկին թաղապետ Վահան Զատիկյանի մասին, որը նույնիսկ իր սեփական միջոցներն է հատկացրել զանազան խնդիրներ լուծելու համար։ Բացի հոսանքի հին զեղչերը վերականգնելուց, ցուցարարները պահանջում էին նաեւ, որ իրենց համար հավասար կենսաթոշակներ կամ նպաստներ նշանակվեն՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքային հարաբերությունները, ո՛չ ընտանիքի անդամների թիվը եւ ո՛չ էլ զոհվածի գերեզմանի տեղը։ Նոյեմբերի 22-ին զոհվածների հարազատները դիմում էին գրել նախագահին իրենց պահանջները բավարարելու համար, սակայն դիմումի պատասխանը դեռ չեն ստացել։ Երեկ նախագահի աշխատակազմում նրանց տեղեկացրին, որ իրենց դիմումի կրկնօրինակները ուղարկվել են «Էլեկտրացանցեր» ՓԲԸ, կառավարության աշխատակազմ եւ պաշտպանության նախարարության սոցիալական բաժին, որպեսզի նրանք որոշում կայացնեն։ Իրենց հարցերի լուծումը չստանալով նախագահի աշխատակազմից՝ ցուցարարները շարժվեցին դեպի Ազգային ժողով։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ