Լրահոս
Օրվա լրահոսը

Անփութությո՞ւն, թե՞ դիրքի չարաշահում

Դեկտեմբեր 03,2002 00:00

Անփութությո՞ւն, թե՞ դիրքի չարաշահում Ասպիրանտի մահվան գործը Վանաձորում, Սպայի տան դահլիճում նոյեմբերի 5-ից ընթացող 15 մեղադրյալանոց քրեական գործի դատաքննության ժամանակ տարբեր ցուցմունքներում, ամբաստանյալներին, տուժողներին ու վկաներին ուղղված հարցերից ու այդ առթիվ պատասխաններից (եւ կամ՝ մեղավոր լռությունից) պարզվեց, որ զորամասում արդեն սովորույթի ուժ էր ստացել առանձին զինվորների՝ տեւական ժամանակով, հաճախակի արձակուրդ գնալը եւ քեֆը ուզածին չափ արձակուրդում մնալը։ Այն, որ այդօրինակ երեւույթները եղել են իր թույլտվությամբ, զորամասի նախկին հրամանատար, ամբաստանյալ Անդրանիկ Սահակյանը (որն այժմ գտնվում է կալանքի տակ) ընդունում էր, սակայն նա չէր ընդունում, որ դա արվել է շահադիտական նպատակներով, այլ՝ «մարդկայնությունից ելնելով, զինվորների դրության մեջ մտնելով»։ Այս կապակցությամբ տուժող Արտյոմ Սարգսյանի հայրը՝ փոխգնդապետ Ռաֆիկ Սարգսյանը հարցրեց, թե ինչո՞ւ դասալքության մեղադրանքի միջնորդություն չի ներկայացվել հրամանատար Սահակյանի կողմից այն զինվորների նկատմամբ, ովքեր արձակուրդ են գնացել եւ չեն վերադարձել։ Նշենք, որ զինվորների միջեւ «ռազբորկաների» մի պատճառ էլ եղել է այն, որ առանձին արտոնյալներ սահմանված ժամկետում չեն վերադարձել արձակուրդից եւ զորամասում աշխատանքների ծանրաբեռնվածությունն ընկել է մյուսների վրա։ Ռ. Սարգսյանն իր հարց-դիտարկումների ընթացքում նշեց, որ եղել է նաեւ… 5 ամսով «արձակուրդ» գնալու դեպք։ Սահակյանը չառարկեց, սակայն երբ Ռ. Սարգսյանը եզրակացրեց, թե «դուք բանակից խուսափելուն նպաստել եք», Ա. Սահակյանը փորձեց ընդդիմանալ։ «Ես մեղավոր եմ եւ պատժվում եմ դրա համար»,- Անդրանիկ Սահակյանի այս ինքնազղջման առթիվ Ռաֆիկ Սարգսյանը նկատեց. «Բայց դու էդ հոդվածով չես դատվում»։ Անդրանիկ Սահակյանը, որ մեղադրվում է ՀՀ քրօրի 268 հոդվածի Ա կետով, որպես ինքնարդարացում տեղեկացրեց, որ չի իմացել զորամասում «հեղինակությունների» առկայության մասին, չի իմացել ծեծկռտուքների մասին։ Նույնիսկ հպարտացավ, որ ներկայում ամբաստանյալ Աղաբեկ Թադեւոսյանին (որը եղել է զորամասի «հեղինակությունը» եւ, ըստ գործում առկա տվյալների՝ ծեծկռտուքների հրահրողն ու կատարողը) 5 անգամ պատժել է՝ «իր վատ ծառայության համար»։ «Այդ դեպքում ինչո՞ւ նրան դարձրիք դասակի հրամանատարի տեղակալ»,- զարմացավ Ռ. Սարգսյանը։ Անդրանիկ Սահակյանը իր ցուցմունքի ընթացքում մեղադրեց ամբաստանյալ Արթուր Իգիթխանյանին (դասակի հրամանատար, որը նույնպես մեղադրվում է ՀՀ քրօրի 268 հոդվածի Ա կետով, սակայն կալանքի տակ չի գտնվում), թե ինչո՞ւ նա իրեն չի զեկուցել զորամասում կատարվածի մասին։ Նրանց միջեւ բուռն վիճաբանություն սկսվեց։ «Ես միշտ տեսնում էի, որ դու իմ ներվերն ուտում ես», իրենց աշխատանքային «հարաբերություններն» այսպես ներկայացրեց զորամասի նախկին հրամանատարը, որն իր ելույթի ընթացքում նաեւ խոստովանեց, որ այդ դեպքերի կապակցությամբ ինքը ռազմական ոստիկանության շենքում խփել է Իգիթխանյանին, թեպետ, ինքնարդարացման նպատակով, ելույթի մի հատվածում էլ նշեց. «Իգիթխանյանը հո իմ դուշմանը չի եղել, որ խփել եմ»։ Ի դեպ, Ա. Սահակյանը տեղեկացրեց, որ դիահերձումից հետո է պարզվել, որ նախկին շարքային Արտյոմ Սարգսյանը ծեծված է եղել։ Նշենք, որ նա Արտյոմի (որ գյուղակադեմիայի ասպիրանտ էր եղել) մասին խոսում էր մեծ հարգանքով եւ նրան բնութագրեց որպես կիրթ անձնավորություն, որի հետ ինքը հաշվի էր նստում։ Նշեց, որ նրա մահն ինքը բավականին ծանրությամբ է տանում։ «Տեսանք, թե ոնց ես հաշվի նստել»,- դառնությամբ հեգնեց Ռաֆիկ Սարգսյանը։ …Նոյեմբերի 28-ի դատական նիստի ընթացքում Անդրանիկ Սահակյանը վատացավ, ինչի կապակցությամբ շտապօգնություն կանչվեց եւ ցուցաբերվեց բժշկական օգնություն։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել