Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՐԾԻՑ ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍԸ»՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 03,2002 00:00

«ԳՈՐԾԻՑ ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍԸ»՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Զարմանալի զուգադիպությամբ ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման փուլում հնարավորություն տրվեց ՀՀ քաղաքացիներին «Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննությանը հետեւելու։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան սկսեցին այցելել քաղաքացիներ՝ այս կամ այն թեկնածուի նախընտրական շտաբից։ Նրանք ավելի շուտ անհաջող քարոզչություն են իրականացնում, դրանով իսկ վարկաբեկելով իրենց, այսպես կոչված, թեկնածուներին։ Այս մարդկանց կատակով անվանում են «գործից անջատված մաս», որովհետեւ նրանք տարրական իրավական գիտելիքներ, դռնբաց դատական նիստերին հետեւելու կուլտուրա չունեն, էլ չենք խոսում այն մասին, որ դահլիճից դուրս իրենց իրավունք են վերապահում «շփվել» վկաների հետ, իրենց մակարդակը ցույց տալով հայհոյախառն արտահայտությունների միջոցով։ Երեկ, համենայնդեպս, անեծքների տարափ տեղաց ՆԳ նախկին աշխատակից, դատակոչված վկա Ավետիք Մինասյանի հասցեին։ Վերջինս պատասխանում էր Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանի հարցերին։ Ի դեպ, նկատենք, որ Ավետիք Մինասյանի պատասխաններից այն տպավորությունն էինք ստանում, որ նրա հետ աշխատանք է տարվել եւ նրան ներարկվել էր «չեմ հիշում» կարգի «դոնորական արյուն»։ Վեց տարվա աշխատանքային ստաժ ունեցող 3-րդ պահակակետի ոստիկանը չէր հիշում անգամ իր ղեկավարների անուն-ազգանունները, չուներ տարրական գիտելիքներ պահպանությունն իրականացնելու մասին։ Եվ ասենք, որ անհաջող էր ընտրված նրա մարտավարությունը։ Հավանաբար դա էր պատճառը, որ փաստաբանն անիմաստ համարեց շարունակել հարցերը եւ հանդես եկավ միջնորդությամբ, առաջարկելով դատարանին դատակոչել վկաներից նախեւառաջ ԱԺ-ն պահպանող ոստիկանական «աստղաբույլին»։ «Ազնիվ խոսք, չեմ կարողանում հիշել»,- ասաց Ավետիք Մինասյանը, չկարողանալով պատասխանել, թե ԱԺ նախասրահում վերանորոգումը երբ է եղել։ Խոսքն այն մասին էր, որ հուլիսին ընդհանուր վերանորոգում էր եղել։ Այս վկան հայտնեց, որ իր պահպանած տարածքի պատուհանները նայում էին դեպի Բաղրամյան փողոց եւ ինչ կատարվում էր բակում, հնարավոր էր տեսնել։ Պահակակետի այս ոստիկանի խնդիրն էր ԱԺ մուտք գործողի անցաթուղթը զննելը։ Երեք ահաբեկիչները մուտք էին գործել մեկ անցաթղթով, ժամը 17.05-ին, երբ անցաթղթի վրա գրված էր եղել 15.00։ Փաստաբան Ա. Սարգսյանը նկատեց, որ միայն Վռամ Գալստյանի ինքնաձիգի պահունակները եղել են 4 հատ, գրպանում եւ դրանց քաշը, ընդհանուր առմամբ, 4,5 կգ էր։ Տարօրինակ էր հատկապես փաստաբանի՝ «այս ամենը կասկած չի՞ առաջացրել» հարցի պատասխանը. «Ոչինչ չեմ տեսել, կարող է ասեն պուլիմյոտ էլ են անցկացրել»։ Թե վկա Արմեն Գասպարյանին, թե Ավետիք Մինասյանին լսելուց հետո, մենք էլ մեր հերթին տպավորություն ենք ստանում, որ պահակակետի այս քնած ոստիկանների պարագայում չի բացառվում, որ ահաբեկիչները պուլիմյոտներ էլ անցկացրած լինեին։ Չնայած ոստիկանը բացառեց, որ իր գործունեության 6 տարիների ընթացքում եղած լիներ որեւէ դեպք, որ մեկը ապօրինի մտներ ԱԺ։ Որպես օրինակ բերվեց գումարտակի հրամանատար Մանուչարյանի մուտք գործելը ԱԺ՝ քաղաքացիական համազգեստով։ Սերժանտը չհիշեց, թե որ կողմից եւ երբ էր նա մտել Ազգային ժողով։ Նա չհիշեց նաեւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի եւ ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանի մուտքը ԱԺ։ Վկան չէր հիշում նաեւ, թե իրենց համակարգից ովքեր են եղել ինքնաձիգով կամ դեպքից հետո ում են տրամադրել ինքնաձիգ։ «90%-ով երեւի Գագիկ Հակոբյանի ձեռքում եմ տեսել ինքնաձիգ»,- շարունակեց նա։ Աշոտ Սարգսյանի եւ վկայի միջեւ տեղի ունեցած հարցուպատասխանից առավել հետաքրքիր հատվածը ներկայացնում ենք ձեզ։ Աշոտ Սարգսյան.- Ըստ քրեական գործի նյութերի, Արթուր Հակոբյանը հրահանգել է փակել ԱԺ դարպասները։ Դուք չեք մտել ոչ մի սենյակ, տեսանելի է եղել ձեզ ահաբեկիչների մտնելը։ Մասնավորապես՝ Դերենիկ Բեջանովի։ Նա զենքո՞վ էր։ Ավետիք Մինասյան. – Չեմ տեսել զենքով, եղել եմ միջանցքում, ժողովուրդը շատ էր, միգուցե այդ պահին է եղել, խառնաշփոթ վիճակ էր։ – Կամ դուք լքել եք ձեր պահակակետը, կամ տեսել եք՝ վախեցել։ – Չեմ հիշում։ – Դուք լրագրողներին ճանաչում եք։ Որեւէ մեկին հիշո՞ւմ եք, որ դուրս է եկել պայթյունից առաջ կամ հետո։ – Չեմ հիշում։ – ՍԴ-ից որեւէ մեկին ճանաչո՞ւմ եք, որ անցներ ձեր կողքով, օրինակ, Հրայր Թովմասյանին (Ընտրական օրենսգրքի համահեղինակներից)։ – Գուցե տեսնեմ՝ դեմքը հիշեմ, չեմ հիշում։ Ըստ Հրայր Թովմասյանի նախաքննության ժամանակ տրված ցուցմունքի, նա գտնվել է Մուրադ Մուրադյանի աշխատասենյակում, որը կենտրոնական մուտքի աջ թեւի վրա էր, առաջին հարկում։ Նա նշել էր, որ ատրճանակով միլիցիոներ է տեսել։ Վկան նորից պնդեց, որ մնացել է իր պոստում եւ չի լքել այն։ Կապված Անդրանիկ Մանուկյանին օգնություն ցույց տալու հետ, այս վկան ասաց, թե նրան աստիճաններով են իջեցրել եւ ոչ… վերելակով։ Չգիտես ինչու, պաշտպանության տակ առնելով վկա, նախկին գործընկերոջը՝ Արմեն Գասպարյանին, նա ասաց, որ խոսակցություն իրենց միջեւ տեղի է ունեցել։ Ա. Գասպարյանն ասել էր, որ հեռախոսով փորձել է խոսել, սակայն կապ չի եղել։ Մի սենսացիոն հայտարարություն արեց այս վկան, որը հետագա քննության առարկա հավանաբար դառնա։ Նա հայտնեց, որ ոճրագործության օրը իրենք զենքերը հանձնել են, բայց ինչպե՞ս են հանձնել։ Ըստ վկայի, «իրիկունը ժամը 10-11-ի մոտերքը, պոստում եմ հանձնել…»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել