Լրահոս
Օրվա լրահոսը

Գեորղուլասը կմնա՞ անպատիժ

Դեկտեմբեր 03,2002 00:00

Գեորղուլասը կմնա՞ անպատիժ «ԱրմենՏել» ՀՁՓԲԸ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրենն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Հայաստանից մոտ 10-12 մլն դոլար է «շվացրել»։ Ի դեպ, իր եկամտի վերջին ակորդները պարոն Նիկոս Գեորղուլասը հասցրել է փոխանցել սեփական հաշվեհամարին, Հայաստան կատարած վերջին մեկշաբաթյա այցելության ժամանակ, երբ նա արդեն OTE-ում հեռացված էր աշխատանքից։ Բաց չթողնելով «պատմական պահը»՝ երբ «ԱրմենՏելի» հույն ղեկավարները բացակայում էին մեր երկրից, իր մշտական հովանավոր Վասիլիս Մանգալասի աջակցությամբ՝ վերջին «գործն էլ է գլուխ բերել»։ Այս երկու պարոնների թեթեւ ձեռքից, ըստ ոլորտից լավատեղյակ մեր աղբյուրների, «ԱրմենՏելը» շուտով կսնանկանա։ Գեորղուլասի պաշտոնավարության օրոք «ԱրմենՏելը» իրենց բնույթով գլուխգործոց համարվող մի շարք պայմանագրեր է կնքել։ Ասենք, «Սաիբերտեկ» կազմակերպության հետ մոտ 4 մլն դոլարի սարքավորումներ գնելու պայմանագիր է կնքվել։ Նախ այն կնքվել է առանց մրցույթի, ինչը մեր օրենսդրությամբ է արգելվում, ապա, պարզվում է, որ սարքավորումների իրական արժեքը հազիվ 1 մլն դոլարի է հասնում։ Ի դեպ, սարքավորումները նախատեսված են եղել միջազգային տրաֆիկների հսկողության համար։ Անցած նոր տարին «ԱրմենՏելի» աշխատակիցները պատիվ են ունեցել հունական գինով եւ ձեթով դիմավորել։ Հույներն իրենց մտերիմ հայ գործընկերներին խոստովանել են, որ իրենք դա «կենդանիներին էլ չեն տալիս»։ Հատկանշականն այն է, որ Հունաստանից ներմուծված այդ «մթերքի» դիմաց աստղաբաշխական գումարներ են վճարվել։ Հեռախոսների, ինտերնետ եւ E1 կապի մասսայական անջատումներին զուգահեռ, մի քանի ամիս առաջ անջատվել է նաեւ Ղարաբաղի միջազգային կապը՝ տեխնիկական խափանում պատճառաբանությամբ։ Սակայն, ըստ մեր ունեցած տվյալների, միջազգային կայանի մենեջերն այդ հրահանգը ստացել է «ԱրմենՏելի» մարզային հեռախոսային ցանցի սպասարկման եւ շահագործման վարչության պետ Գագիկ Փանոսյանից։ Վերջինիս մասին պատմում են, որ չափազանց շոյվում է, երբ «իրեն լավ են նայում»։ Իսկ դրա համար, բնականաբար, մի շարք օրենքներ են շրջանցվում։ Իր վարքով եւ արկածախնդրությամբ ետ չի մնացել նաեւ «ԱրմենՏելի» տրանսպորտի վարչության պետ Վահագ Գզրարյանը, որի շնորհիվ մի քանի հարյուր մեքենաներ դուրս են գրվել ընդամենը 200-300 դոլարով։ Բնականաբար, դրանք իրացվել են մի քանի հազար դոլարներով եւ «շահույթը» համապատասխան գրպաններում է հանգրվանել։ Այդ ճակատագրին են արժանացել նաեւ տարատեսակ սարքավորումներ։ Այս ամենը «օրինականացրել» է Բաբկեն Սեդրակյանը, որին վստահվել է ներքին աուդիտորի դերը։ Վերջինս, ի դեպ, ՆԳ համակարգից ժամանակին հեռացվել է, եւ նրա դեմ հարուցված քրեական գործը քրիստոնեության 1700-ամյակի առթիվ հայտարարված համաներման արդյունքում է կարճվել։ Ինչ վերաբերում է իզի քարտերի վաճառքին, ըստ մեր՝ ոլորտից լավատեղյակ աղբյուրների, գործող հեռախոսակայանների սահմանափակ ունակությունների պատճառով դրանք ներմուծելու իրավունքը պարզապես չկար։ Սակայն Գեորղուլասը, չդիմանալով գայթակղությանը՝ սկսեց այդ քարտերի վերավաճառքը։ Պատմում են, որ մարզերի համար նախատեսվածի 10%-ն է առաքվել։ Մնացած 90%-ի համար վճարվել է գումարը՝ մոտ 14.000 դրամով եւ հեռախոսահանգույցների պետերին «առաջարկվել» է ընդամենը վերցնել այդ գումարը, թղթային ձեւակերպումներն ապահովել եւ դա մուծել իբրեւ վաճառված քարտերի դիմաց։ Իսկ այդ քարտերի իրացմամբ առավել աչքի է ընկել Գագիկ Փանոսյանի վարորդը։ Ի դեպ, այս եւ այլ փաստեր ի հայտ են եկել Հարկային տեսչության իրականացրած ստուգումների արդյունքում։ Ստուգումները դեռ շարունակվում են, եւ հույս ունենք, որ առաջիկայում նյութերն անպայման կտրամադրվեն ՀՀ դատախազությանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել