ՀՌԱՀ-ն էլի՞ կձգձգի մրցույթը Տնտեսական դատարանի դատավոր Անատոլի Մաթեւոսյանը երեկ վաստակած եւ արժանի ծափերի արժանացավ՝ բավարարելով «Նոյյան Տապանի» հայցը, որը վիճարկում էր Ազգային հանձնաժողովի գործողությունները, ավելի ստույգ՝ նոյեմբերի 8-ին կապուղիների մրցույթին մասնակցելու համար դիմումների վերջնաժամկետին ցուցաբերած անգործությունը՝ «ՆՏ»-ի դիմումն ու մրցութային փաստաթղթերը չընդունելը, դրանցում առկա թերությունների մասին սահմանված կարգով չնախազգուշացնելը եւ համապատասխան նշումով ստացական չտալը: Դատավորը նաեւ պարտավորեցրեց ՀՌԱՀ-ին 15 օր անց ընդունել «ՆՏ» հայտը, պայմանով, որ վերջինս էլ իր դիմումի մեջ նշի այն կապուղին, որի մրցույթին ցանկանում է մասնակցել (փաստորեն, այս առումով հանձնաժողովի գործողությունները դատարանը համարեց ճիշտ): Երեկ հայտնի դարձավ, որ «ՆՏ»-ն հայտ է ներկայացնելու 58 կապուղու համար, որով այժմ հեռարձակվում է CNN-ը: Հիշեցնենք, որ սա միակ կապուղին է, որի համար հայտ չի ներկայացրել «Ա1+»-ը: ՀՌԱՀ ներկայացուցիչ իրավաբանները երեկ պատրաստ չէին պատասխանել «Առավոտի» այն հարցին, թե արդյոք իրենք բողոքարկելո՞ւ են տնտեսական դատարանի վճիռը ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատին: Եթե ՀՌԱՀ-ն իրոք որոշի ձեռնպահ մնալ այդ քայլից եւ ընդունի, որ սխալ էր արել «ՆՏ»-ի դիմումը չվերցնելով՝ վճիռն ուժի մեջ կմտնի սահմանված ժամկետում, նոր դիմումում հեռուստաընկերությունն ի վերջո կնշի կապուղին, սահմանված կարգի համաձայն՝ կպահանջվի եւս 10 օր, որ պարզվի, թե արդյոք այդ դիմումում կա՞ն այլ թերություններ, եւ մրցույթը կկայանա թերեւս հունվարի առաջին տասնօրյակում: Սակայն Ազգային հանձնաժողովը մինչ այժմ չի արել եւ ոչ մի գործողություն, որ հիմք կտար հուսալու, թե նրանք վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունն էլ չեն օգտագործի մրցույթը դարձյալ ձգձգելու համար: Դա դրսեւորվեց նաեւ երեկ: Ասենք, ՀՌԱՀ ներկայացուցիչները չցանկացան հաշտության համաձայնագիր կնքել նաեւ դատարանում: Նրանք առարկեցին, երբ «ՆՏ»-ն միջնորդություն ներկայացրեց հանել 27, 31, 39, 51 կապուղիների համար մրցույթ անցկացնելու՝ որպես հայցի ապահովման միջոց կիրառված արգելքը: Հիշեցնենք, որ այս կապուղիները ներկայումս զբաղեցնող հեռուստաընկերությունների արտոնագրի ժամկետը լրանալու է հունվարին, եւ Օրենսդրությունը ՀՌԱՀ-ին չի ընձեռում իր որոշմամբ նրանց արտոնագրի ժամկետը երկարաձգելու հնարավորություն: Ուստի հանձնաժողովը, եթե շահագրգիռ է, որ պահպանվեն օրենքով սահմանված ժամկետները՝ պիտի կողմնակից լիներ, որ վերացվեր այդ արգելքը: Ի դեպ, «ՆՏ»-ն միջնորդության մեջ նշել էր՝ «Մեր տեղեկությունների համաձայն, ՀՌԱՀ-ը, յուրովի մեկնաբանելով այդ արգելքը, պատրաստվում է չեղյալ (կամ չկայացած) համարել մրցույթը, ետ վերադարձնել արդեն ընդունված փաստաթղթերը, նպատակ ունենալով անհայտ ժամկետներում հայտարարել նոր մրցույթ»: Նույն տեղեկությունը, որը հերքում էին ՀՌԱՀ ներկայացուցիչները, իրազեկ անձանցից ստացել է նաեւ «Առավոտը»: Ա. Ի. Հ. Գ. Միջազգային կազմակերպությունները շարունակում են ուշի ուշով հետեւել այս խնդրի զարգացումներին: Երեկ դատաքննությանը ներկա էին ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի, USID-ի ներկայացուցիչները: