Հայրենիքի հանդեպ պարտքը՝ վճարովի 2001 թ. հանրապետության նախագահը (1700-ամյակի կապակցությամբ) համաներում հայտարարեց, որը տարածվում էր նաեւ զինվորական ծառայությունից խուսափած անձանց վրա։ Արդյունքում, համաներումից օգտվելու համար ներկայացել են 100-ից մի փոքր ավելի մարդիկ։ Սա այն դեպքում, երբ գումարային փոխհատուցման մասին խոսք չի էլ եղել։ Այս ֆոնի վրա պարզապես անհասկանալի է «1991 թ. սեպտեմբերի 21-ից մինչեւ սույն օրենքի ընդունումը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից պարտադիր վճար գանձելու մասին» օրենքի նախագիծը եւ օրենքի նախագծի հեղինակների շտապողականությունը եւ լավատեսությունը, թե օրենքն ընդունելուց հետո զինծառայությունից այս կամ այն պատճառով խուսափած անձանցից 5 կամ 6 հազարը կներկայանան, գումարներ կվճարեն եւ կազատվեն զինծառայությունից։ Խնդիրը լուծելու միակ օրինական ճանապարհն այն է, որ նախագահը մեկ անգամ եւս համաներում հայտարարի, ինչպես ԱԺ դահլիճում, օրենքի նախագիծը քննարկելու ընթացքում, առաջարկեցին Վիկտոր Դալլաքյանն ու Շավարշ Քոչարյանը։ Վիկտոր Դալլաքյանը երեկ հայտարարեց, որ օրենքին ինքը դեմ է, սակայն պատրաստ է իրավական աջակցություն ցուցաբերել հեղինակներին։ Ներկայացնենք իրավական հակասությունները. «Ներկայացված օրենքի նախագիծը հակասում է Սահմանադրության 42 հոդվածի 5-րդ մասի պահանջներին, համաձայն որի, պատասխանատվություն սահմանող օրենքները հետադարձ ուժ չունեն։ Իսկ օրենքի նախագծով սահմանված վճարը նյութական պատասխանատվության միջոց է։ Հաջորդ հակասությունը. նախագիծը հակասում է Քրդատավարության օրենսգրքի 35 հոդվածին, որտեղ սպառիչ ամրագրված են այն բոլոր հիմքերը, որոնց առկայության դեպքում հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ Նշված հոդվածի ոչ մի մասում չի սահմանվում այնպիսի դրույթ, որի համաձայն, որոշակի վճար գանձելու հիմքով կարող է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել»։ Հակասություն է նաեւ հետեւյալը՝ զինծառայությունից խուսափածներից ստացված գումարը, ըստ օրենքի նախագծի, պետք է փոխանցվի պաշտպանության նախարարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին։ Սակայն ըստ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի, արտաբյուջետային որեւէ միջոց չի կարող անցնել որեւէ կոնկրետ (այս դեպքում՝ ՊՆ) համակարգի բյուջե, այլ կարող է անցնել պետական բյուջե։ Հետո կառավարությունը կորոշի՝ ինչպես տնօրինել։ Անհասկանալի է նաեւ, թե տվյալ օրենքի ընդունման դեպքում այն որքան ժամանակ կարող է գործուն լինել, այսինքն՝ նախագծում գրված է, որ օրենքը տարածվում է 91-ից մինչեւ օրենքի ընդունման պահը զինծառայությունից խուսափողների վրա։ Սակայն պարզ չէ, թե որքան ժամանակ է տարածվում՝ մե՞կ տարի, թե՞ 100 տարի. «սա մեկանգամյա օգտագործման օրենք է, այսինքն՝ հեղինակները պետք է գրեն՝ զինծառայողը եթե 6 ամսվա ընթացքում դիմեց, ուրեմն դիմեց, եթե ոչ՝ վեց ամսից օրենքը չի գործելու։ Հակառակ դեպքում սա անվերջ պրոցես կդառնա։ Սա ե՛ւ բարոյական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ անվտանգության խնդիր է։ Օրենքը համաներման տարրեր է պարունակում, իսկ համաներման իրավունք միայն երկրի նախագահն ունի»,- մեզ հետ զրույցում ասաց Վիկտոր Դալլաքյանը։ Ինչո՞ւ են օրենքի նախագծի հեղինակները շահագրգռված, որ օրենքն ընդունվի այս պահին եւ այս կերպ։ Ենթադրությունները կարող են մի քանիսը լինել՝ ասենք հետեւյալը՝ պաշտպանության նախարարությանը փող հասցնել։ Հաջորդը՝ այս ամենը եթե դիտվում է նախընտրական տրամադրությունների մեջ, որոշ բաներ եւս բացատրելի են դառնում։ Երեկ, ՊՆ, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ կառավարության կարծիքը օրենքի նախագծի վերաբերյալ դրական է, եւ կանխավ ներկայացվածը, թե գնահատականը բացասական է, վրիպակ է։ Իրականում կառավարությունը դեռեւս 2000 թ. նոյեմբերի 23-ի իր գնահատականում, ինչպես օրենքի նախագծի հարակից զեկուցող, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հատուկ շեշտել է. «Ներկայացված օրենքի նախագիծը համարում է անընդունելի»։ Ըստ ամենայնի, տեղի է ունեցել մասնավոր զրույց՝ պաշտպանության նախարարի եւ վարչապետի միջեւ, եւ կառավարությունը ստիպված է եղել փոխել հարակից զեկուցողին, այսինքն՝ կարծիքը։ Այժմ հարակից զեկուցողը, հիշեցնեմ, պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանն է։ Մ. ԵՍԱՅԱՆ