Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ

Դեկտեմբեր 03,2002 00:00

ՀՀԿ-Ն ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ Անցած շաբաթ օրն անցկացված ՀՀԿ համագումարն իշխող կուսակցության համար անսովոր զուսպ եւ աշխատանքային էր, ուր չկային հրավիրյալների ողջույնի խոսքեր, եւ շուրջ 600 պատվիրակներից ելույթ ունեցան միայն 4-ը: «16»-ի միավորման կուսակցություններից 9-ի համագումարներում թեւածող ոգին՝ Լենինի հուշարձանի վերաբերյալ հուշերով, կարմիր դրոշներով, ՀԽՍՀ հիմնով ու զինանշանով, Հայաստանը վերստին Ռուսաստանի վասալը դարձնելու անթաքույց ծրագրերն էին պատճառը, որ այդ ֆոնին ՀՀԿ համագումարը պիտի շահեկանորեն առանձնանար առնվազն հետեւյալ առումով. ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանն իր զեկույցում հայտարարեց. «Ես այս օրերին ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեր պայքարը դեռ չի ավարտվել, որ այսօր էլ, երբ հայոց անկախ պետականության մեջ, որքան էլ տարօրինակ է, հաջորդ՝ 4-րդ հանրապետությունը հիմնելու մասին եւ այսօրինակ այլ բանդագուշանքներ են հնչում, քանի դեռ հազար ու մի ճղճիմ, նեղ անձնական, մանր կենցաղային, սոսկ կուսակցական հավակնություններով պայմանավորված՝ ոմանք անկախության գաղափարն են փորձում արժեզրկել»: Անդրանիկ Մարգարյանը նաեւ նշեց. «Սեփական երկրին տեր կանգնելու փոխարեն տեր փնտրողները՝ պատմության դատին հանձնվելով, մշտապես դատապարտվելու են: Սեփական արժանիքները չգիտակցելը, համաշխարհային գործընթացներում հայոց պետության արժանի տեղն ու դերը ճիշտ չպատկերացնելը, միջազգային հանրությանն ինտեգրման գործընթացներն անպայման խամաճիկ դառնալու հետ շփոթողները մերժելի են հայ հասարակության կողմից»: Արձանագրենք, որ իր այս դիրքորոշմամբ ՀՀԿ-ն հետեւողական է եւ սկզբունքային: Անդրանիկ Մարգարյանը զեկույցում փորձում էր այնպես մատուցել, թե դեռ 1998-ից հետեւողական են նաեւ Ռոբերտ Քոչարյանին սատարելու իրենց որոշման մեջ: Թեեւ կան նաեւ 1999-ի հոկտեմբերի 27-ին հաջորդող ամիսները, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ տեղավորել այդ «սատարման» շրջանակում: Սակայն հիշեցվեցին ոչ այդ շրջանի հայտարարությունները, այլ ՀՀԿ 5-րդ համագումարում Վազգեն Սարգսյանի խոսքերը, թե ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ կապված է ճակատագրով, մտերիմ ընկերներ են եւ այլն: Հիշեցնենք, որ նույն խոսքերն այդ համագումարում Վազգեն Սարգսյանն ասել էր նաեւ Վանո Սիրադեղյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Բաբկեն Արարքցյանի մասին: Ինչեւէ, ի տարբերություն ՀՌԱԿ-ի, «Հաղթանակի» եւ ՀՅԴ-ի, որոնք մինչեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնապես առաջադրվելն էին պաշտպանել նրա թեկնածությունը՝ ՀՀԿ-ն դա արեց ժամանակին: «Այսօր որեւէ փաստ չկա, որ նախագահի հետ մեր հռչակած ընդհանուր սկզբունքներից շեղում արձանագրի, որը հիմք կհանդիսանար հանրապետականների համար վերանայել իր վերաբերմունքը»,- ասաց պրն Մարգարյանը: Ավելի ուշ լրագրողներին նաեւ ասաց. «Եթե փորձեինք մեր թեկնածուին առաջադրել կամ այլ թեկնածուի պաշտպանել՝ ես ուղղակի բարոյական իրավունք չպետք է ունենայի վարչապետ աշխատել եւ պետք է հրաժարական տայի»: Եթե հաշվի չառնենք ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի խոսքը, որը մասնավորապես նշեց՝ «ՀՀԿ-ն իր փորձով համոզվեց, թե ինչ լուրջ բարդություններ կան համագործակցության հարթությունում», եւ բացահայտեց, որ միայն իրենք են կրում լիարժեք պատասխանատվությունը կառավարության գործունեության համար՝ այսքանն էին քաղաքական ելույթները: ՀՀԿ կանանց կազմակերպության ղեկավարը խոսեց «Կանանց դերը մեր նոր հասարակական-քաղաքական կյանքում» թեմայով, նշելով, թե խորհրդային տարիներին «կնոջ դերը շատ ավելի հանգիստ էր, գիտեին, թե ինչ էին անում», թեեւ այժմ էլ կանայք կարողանում են օգտակար լինել «հասարակությանը եւ ընտանիքին»: Իսկ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի քույրը՝ տիկին Հասմիկը, ելույթն առիթ դարձրեց եղբոր անունով 2 տարի առաջ գրանցված բարեգործական հիմնադրամի օգտին միջոցներ հանգանակելու համար: Համագումարի ավարտից հետո «Առավոտն» Անդրանիկ Մարգարյանի ուշադրությունը հրավիրեց հետեւյալ հանգամանքի վրա՝ գործող նախագահի թեկնածությունը պաշտպանող 4 կուսակցություններից 3-ը (բացառությամբ ՀՅԴ-ի) 1996-ին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցն էին: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ ինչպես եւ ՀՌԱԿ-ը, ՀՀԿ-ն էլ է ընտրել մշտապես ուժեղի կողքին լինելու մարտավարությունը՝ մեր այս հարցադրմանն ի պատասխան պրն Մարգարյանն ասաց. «Ոչ: Եթե հիշում եք, «Հանրապետություն» դաշինքի կազմման ժամանակ մենք որոշակի խնդիրներ էինք առաջ քաշել եւ համախմբվել էինք այդ խնդիրների ու գաղափարների շուրջ: Մեր պայմանավորվածության բաղադրիչներից մեկը, ըստ մեր գնահատման, խախտվեց 1998-ին՝ Արցախի խնդրի հարցն էր: Եվ ՀՀԿ-ն դուրս եկավ «Հանրապետությունից» ու միացավ այն քաղաքական ուժերին, որոնք ընտրել էին այլ լուծում: 1998-ից մինչ այժմ հանրապետության առաջին նախագահի վարած քաղաքականության մնացած բոլոր հարցերին, «Հանրապետություն» միավորման կատարած աշխատանքներին մենք բացասական գնահատականներ չենք տվել, այսինքն՝ չենք ասում, որ այդ բոլորը սեւ էր, վերացնում ենք, ջնջում եւ նորից ենք սկսում զրոյից: Մենք մեր անցած ճանապարհին տեր ենք եղել եւ այսօր էլ ենք տեր: Գտնում ենք, որ պետականության եւ կառավարությունների հաջորդականություն պետք է լինի: Եվ անկախ պետությունն ամեն մի նոր նախագահի ընտրվելուց հետո զրոյից չի սկսվում: 1990,1991-ից սկսվել է, եւ մենք պարտավոր ենք մինչեւ վերջ տանել այդ ամենը: Համաձայն չլինելով որոշակի քայլերի՝ արտահայտել ենք մեր դիրքորոշումները: Դա ուժեղի կողքին կանգնելու մոտեցում չէ՝ 1998-ին չգիտեինք, թե ով է լինելու ուժեղը, մենք ինքներս որոշեցինք եւ մասնակցեցինք ուժեղի որոշմանը»: Իսկ արդյոք Ռոբերտ Քոչարյանն իրականացրե՞ց այն ամենը, ինչ նախընտրական փուլում խոստանում էր Ղարաբաղի խնդրի լուծման վերաբերյալ, մեր այս հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց, թե հռչակված մոտեցումներից շեղումներ չկան. «Այն, ինչ առաջարկվում էր 1997-1998-ին՝ անընդունելի էր մեզ համար: Այս 5 տարիների ընթացքում հետընթաց չի եղել ոչ մի փաստաթղթով կամ գործողությունով: Եվ ընդհակառակն՝ մենք ե՛ւ կարողացել ենք պահպանել այն, ինչ ձեռք էինք բերել, ե՛ւ կարողացել ենք նպաստել Արցախի հետագա զարգացմանը: Այսինքն, առնվազն՝ միջազգային փաստաթղթերով կամ գործողություններով չի եղել հետընթաց: Իսկ լուծումը չի լինում միանգամից»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել