Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամերիկյան կովբոյը» սաթե սենյակում

Նոյեմբեր 30,2002 00:00

«Ամերիկյան կովբոյը» սաթե սենյակում Նախագահ Բուշը առաջինն էր, ում ցուցադրվեց համարյա վերականգնված հանրահայտ սաթե սենյակը։ Եկատերինյան պալատում Պուտինի հետ շրջելիս, Բուշը չէր թաքցնում հիացմունքը եւ անընդհատ կրկնում էր՝ «Բյութիֆլ, բյութիֆլ»։ Իսկ մամլո ասուլիսի ժամանակ նա մի «չուկչիական» արտահայտություն արեց. «Իմ ընկեր Վլադիմիրը ինձ միշտ շատ լավ է ընդունում, գեղեցիկ սենյակներ է ցույց տալիս»։ Իհարկե, ԱՄՆ-ում, որտեղ երբեք մոնարխիա չի եղել, չկան նման շքեղության շինություններ։ Զուր չէ, որ մի քանի դարի ընթացքում Ռուսաստանի թագավորական ընտանիքը համարվում էր ամենահարուստը աշխարհում։ Բուշն ու Պուտինը մոտեցրին իրենց դիրքորոշումները համարյա բոլոր քննարկված հարցերում։ Բուշը հավասարեցրեց չեչեն գրոհայիններին Ալ Քաիդայի ահաբեկիչների հետ, ինչը չէր կարող չառաջացնել Պուտինի գոհունակությունը։ Սակայն Իրաքի հարցում տարաձայնություններ մնացին։ ԱՄՆ-ի նախագահը անգամ մամլո ասուլիսի ժամանակ փորձեց ասել, որ երկու կողմերի կարծիքով Իրաքին պետք է շտապ զինաթափել, բայց ուշադիր Պուտինը միանգամից ճշտեց, որ Ռուսաստանի կարծիքով, կարեւոր է պարզել՝ ունի՞ Իրաքը մասսայական ոչնչացման սպառազինություններ, թե՞ ոչ եւ դրանից հետո միայն որեւէ գործողություն իրականացնել։ Նոյեմբերի 27-ին միջազգային տեսուչների խումբը սկսեց առաջին ստուգումները Իրաքի ռազմական գործարաններում։ Իրաքի պաշտոնյաների պնդմամբ՝ ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել։ Ըստ ՄԱԿ-ի վերջին բանաձեւի, տեսուչները իրավունք ունեն առանց նախազգուշացման ստուգել ցանկացած օբյեկտ, ներառյալ Սադամ Հուսեյնի պալատները։ Նրանք զինված են ամենաժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս գտնել այն տեղերը, որտեղ անգամ մի քանի ամիս առաջ պահվել են քիմիական կամ ռադիոակտիվ նյութեր։ Մյուս կողմից էլ, տեսուչների ղեկավար պրն Բլիքսը հայտարարեց, որ Իրաքն ինքը պետք է ներկայացնի խմբին համոզիչ ապացույցներ, որ իր տարածքում զանգվածային ոչնչացման զենքեր չեն պատրաստվում։ Դա, կարծես, չի բխում ՄԱԿ-ի բանաձեւից եւ, հնարավոր է, հող է նախապատրաստում հետագա արհեստական իրավիճակի սրման համար։ Թվում է, որ տեսուչները ծրագրված են անպայմանորեն որեւէ խախտում գտնել։ Միաժամանակ, ԱՄՆ-ն ակտիվորեն շարունակում է նախապատրաստությունները Իրաք ներխուժման համար։ Վերջին հարցումների համաձայն, ԱՄՆ-ի բնակչության 58%-ը համաձայն է պատերազմ սկսելուն, իսկ 93%-ը համոզված է, որ Իրաքն ունի զանգվածային ոչնչացման սպառազինություններ։ Նույն նոյեմբերի 27-ին Մոսկվա ժամանեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։ Դեռ երկու շաբաթ առաջ նա կոչ էր անում իր կառավարությանը գործ չունենալ Ռուսաստանի հետ եւ զարգացնել հարաբերությունները արեւմտյան երկրների հետ։ Բայց երբ Եվրոպան եւ ԱՄՆ-ն Ալեքսանդր Գրիգորեւիչին անգամ մուտքի վիզա չտվեցին, նա իրեն բնորոշ «անմիջականությամբ» հայտարարեց, որ կուրսը դեպի ինտեգրացիան Ռուսաստանի հետ մնում է անփոփոխ։ Ահա այսպիսին է նախկին սովխոզի նախագահը։ Պուտինի հետ բանակցությունները պսակվեցին մի շարք տնտեսական համաձայնություններով եւ, ամենակարեւորը՝ ստեղծվեց միասնական հանձնաժողով, որը կմշակի Ռուսաստանի եւ Բելառուսի միության սահմանադրության նախագիծը։ Լուկաշենկոն էլ հայտարարեց, որ խոչընդոտներ չի տեսնում միասնական պետության ձեւավորման ճանապարհին։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել