Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ

Նոյեմբեր 30,2002 00:00

ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ Տնտեսական շահագրգռություն ԱՄՆ-ի դեմ իրականացված ահաբեկչական հարձակումից գրեթե մեկ տարի անց Սպիտակ տունը հայտարարեց ազգային անվտանգության նոր դոկտրինը։ Դրա հիմքում այն մտահոգությունն է, որ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար հայտնվել է միանգամայն նոր սպառնալիք՝ միջազգային ահաբեկչությունը։ Նոր ռազմավարությունում նշվում է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ դեր ունենա համաշխարհային քաղաքականությունում, պետք է ոչ թե արձագանքի իրադարձություններին, այլ կանխի դրանց անցանկալի զարգացումները։ Այլ խոսքով, ԱՄՆ քաղաքականության նոր դոկտրինի գլխավոր սկզբունքը հնարավոր ագրեսիայի դեպքում նախահարձակությունն է։ Այսինքն, ռազմական գործողություն, որը կիրականացվի որոշակի սահմանափակ ժամանակահատվածում, սահմանափակ տարածքում, հստակ մշակված նպատակներով։ Ներկայումս մնալով, ըստ էության, միակ գերտերությունը, ԱՄՆ-ը, կամա թե ակամա, ստացել է միջազգային կարգուկանոն պահպանողի դեր։ Թեպետ Սպիտակ տունը հռչակում է, թե ձգտում է դաշնակիցների ու գործընկերների հետ սերտ համագործակցության, բայց նշում է նաեւ, որ հարկ եղած դեպքում կգործի միայնակ էլ։ Վաշինգթոնն, այսուհանդերձ, առանձնակի կարեւորում է հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ, ընդունելով այդ երկրների ունեցած դրական դերն արդի աշխարհում։ Մասնավորապես, արձանագրվում է էական առաջընթաց ռուս -ամերիկյան հարաբերություններում։ Առանձնացվում են ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքեր։ Ի դեպ, ռուս-ամերիկյան հարաբերություններում ներկայումս էական գործոն է երկուստեք տնտեսական շահագրգռությունը՝ Իրաքի դեմ հնարավոր պատերազմի պատկերի վրա։ Բանն այն է, որ Մերձավոր Արեւելքում, հատկապես՝ Պարսից ծոցի տարածաշրջանում, պատերազմի հավանականությունը շատ մեծ է։ Ու եթե դա տեղի ունենա, ապա Արեւմուտքի եւ, մասնավորապես, ԱՄՆ-ի համար Ռուսաստանի դերը բավական կաճի։ Նախ՝ այն պատճառով, որ հնարավոր վառելիքաէներգետիկ ճգնաժամի դեպքում Ռուսաստանն ի վիճակի է բավարար քանակությամբ վառելիք մատակարարել, երկրորդ՝ որպես Մերձավոր Արեւելքում բավականաչափ ազդեցություն ունեցող երկիր։ Եվ երրորդ՝ միջազգային ասպարեզում Մոսկվան կարող է ԱՄՆ-ին լուրջ գաղափարական աջակցություն ցուցաբերել։ Մի խոսքով, ամենեւին էլ վերացական չէ Ռուսաստանի կարեւորությունը ԱՄՆ-ի համար։ Ռուսական չորս խոշորագույն՝ «Լուկօյլ», «Յուկօս», «Սիբնավթ» եւ «ՏՆԿ», նավթային ընկերություններն օրերս Մոսկվայում ստորագրել են համաձայնագիր՝ Մուրմանսկի մերձակայքում արտահանման հսկա նավթապահեստ կառուցելու վերաբերյալ։ Դա հնարավորություն կտա Արեւմտյան Եվրոպա եւ ԱՄՆ արտահանել ավելի քան 500 միլիոն տակառ նավթ։ Ըստ փորձագետների, արդյունքում ԱՄՆ-ը կստանա հում նավթի տարեկան սպառման 10-րդ մասը։ Մինչդեռ ներկայումս ռուսական էներգակրի չափաբաժինը կազմում է ԱՄՆ ներկրումների ընդամենը մեկ տոկոսը։ Եվ ուշագրավ է, որ վերոհիշյալ համաձայնագիրը ստորագրվել է հենց այն ժամանակ, երբ Վաշինգթոնը նավթի մատակարարման նոր աղբյուրներ է փնտրում, որպեսզի ձերբազատվի Մերձավոր Արեւելքի շուկաների մեծ կախվածությունից։ Ռուսաստանում ներկայումս արդյունահանվում է օրական 7 միլիոն տակառ նավթ։ Դա Սաուդյան Արաբիայից հետո երկրորդ ցուցանիշն է աշխարհում։ Մերձկասպյան երկրները, առաջին հերթին՝ Ղազախստանն ու Ադրբեջանը, արդյունահանում են օրական 2 միլիոն տակառ։ Եվ նախատեսվում է, որ Ռուսաստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի նավթարդյունահանումը 2010 թվականին միասին կհասնի օրական 13 միլիոն տակառի։ Բայց, օրինակ. ըստ «Նյու Յորք թայմս»-ի, նույնիսկ հպանցիկ վերլուծությունն առանձնակի լավատեսություն չի ներշնչում։ Քանի որ Ռուսաստանի նավթային պաշարների զգալի մասը Սիբիրի ծայր հյուսիսում է։ Իսկ էներգակիրների տեղափոխման առկա ինֆրակառուցվածքները պարզունակ են։ Հետեւաբար, նավթի տեղափոխումն ըստ «Նյու Յորք թայմս»-ի՝ այլ կերպ, քան մղձավանջ, չես անվանի։ Ներկայումս Ռուսաստանն ի վիճակի է արտահանել երկրում արտահանվող նավթի ընդամենը կեսը։ Բայց նույնիսկ դա էլ մի քանի անգամ գերազանցում է մերձկասպյան երկրների արտահանումը։ Բացի այդ, ըստ փորձագետների, մերձկասպյան երկրների (Ղազախստան, Ադրբեջան) նավթային պաշարների գնահատականներն էլ ծայրաստիճան չափազանցված են։ Իրաքի դեմ ռազմական գործողություններն էներգակիրների մատակարարման ձեւավորված եւ առայժմ գործող ինֆրակառույցների ու շուկաների վերաձեւավորման ու վերաբաշխման հրամայական կստեղծի։ Պարսից ծոցի երկրներում արդյունահանվող նավթն ամբողջովին ապահովում է ասիական շուկայի պահանջները։ Ու եթե Ռուսաստանը փորձի դուրս մղել Պարսից ծոցի նավթը Եվրոպայից ու Ամերիկայից, ապա արաբական նավթը կուղղվի գլխավորապես դեպի Ասիա՝ թեկուզ աշխարհագրական դիրքի նպատակահարմարության տեսակետից։ Ռուսաստանն ասիական տարածաշրջանում մրցակցել չի կարող։ Որոշ բացառություն կարող է կազմել Հյուսիսային Չինաստանի սահմանափակ շուկան։ Այժմ հենց այդ ուղղությամբ Ռուսաստանից նավթամուղ է կառուցվում։ Մոսկվայի համար հեռանկարայինը միայն Եվրոպան ու Ամերիկան են։ Հենց այդ հեռանկարի նպատակն էլ հետապնդում է Մուրմանսկի մերձակայքում կառուցվելիք արտահանման հսկա նավթապահեստը։ Քանի որ Մուրմանսկից դեպի Եվրոպա եւ Ամերիկա նավթի արտահանումն ամենակարճ ու արդյունավետ ճանապարհն է։ Այդ ուղին տնտեսապես ավելի շահավետ է եվրոպական ու ամերիկյան ներկրողների համար, քան փոխադրումները Մերձավոր Արեւելքից։ Այսպիսով, ապագայում եվրոպական շուկայում ռուսական նավթը բավական մրցունակ կլինի այնքանով, ինչքանով Եվրոպան կավելացնի նավթի սպառումը։ Կա եւս մի գործոն. Հյուսիսային ծովում արդյունահանվող նավթի բնական պաշարների սպառումը։ Բնականաբար, ինքնըստինքյան Եվրոպայում կառաջանա նավթի լրացուցիչ ներկրումների պահանջ։ Ուստի, նույնիսկ տնտեսական շահերից ելնելով, Ռուսաստանը, որ հանդես է գալիս Իրաքի դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների միակողմանի ռազմական գործողությունների դեմ, պատերազմի դեպքում, այնուամենայնիվ, կբավարարվի ընդամենը ափսոսանք, առավելագույնը՝ վրդովմունք, արտահայտելով։ Որովհետեւ Արեւմուտքի հետ տնտեսական շահերն ավելի կարեւոր են Մոսկվայի համար, քան Իրաքը։ Զ. ԱՀԱՐՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել