Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՏՎԵՐՆԵՐԻ ՄԱՆԵՔԵՆ

Նոյեմբեր 30,2002 00:00

ՍՏՎԵՐՆԵՐԻ ՄԱՆԵՔԵՆ Լեւոն Ներսիսյանի հիշատակին – Քեզ՝ վիսկի, ինձ՝ կոնյակ,- եւ լցրեց բաժակները,- չեմ սիրում հարբեցողներին, դու էլ չես սիրում, աչքերիցդ երեւում է, որ դու էլ չես սիրում, բայց դու իմ մասին ոչինչ չգիտես, ի՞նչ իմանաս, ես ինչ գիտեմ, որ դու իմանաս, ով գիտի, որեւէ մեկը ինչ գիտի իր մասին։ Բաժակները խփեց իրար, կում արեց, պահեց լույսի տակ, հիացավ կոնյակի գույնով. – Գույնի համար էլ սիրում եմ այս խմիչքը, ազնիվ, ձեռքը վերցնելու է, հարբեցողների համար չէ, օրը ընտիր սկսելու համար է, որ գեղեցիկ բացվի, ոնց ծաղիկը, տեսե՞լ ես ինչպես է բացվում ծաղիկը, նայիր մատներիս, այ այսպես՝ դանդաղ ու գեղեցիկ, չէ, հետո է միանգամից բացվում, գուցե թվում է, թե միանգամից է բացվում, երբ քնած ենք լինում կամ ինչ-որ բանով տարված, բայց, ինչ իմանաս, թե ոնց է ծաղիկը բացվում, ինքը հո չի՞ պատմում, ինքը բացվում է, մենք նկատում կամ չենք նկատում։ Վիսկիի բաժակը դանդաղ հրեց սեղանի մյուս ծայրը։ – Դու խմիր քո վիսկին։ Շատ բան սկսվում է մեռյալությունից հետո, մենք ինչ գիտենք, թե մեռյալությունից հետո չի սկսվում ամեն բան, ինչ գիտենք, թե գիշերից չի ծագում լույսը, ինչպես որ մարդը, երբ քնած է եւ համարյա մեռյալ, բայց լույսի հետ բացվում է ոնց ծաղիկը։ Այդ ժամանակ, լուսաբացին պիտի ունենաս սրտիդ ուզածը, ինչ-որ փափագում ես, եթե նույնիսկ չունես, պետք է երեւակայությամբ ստեղծես, պատկերացնես, թե ունես, հասկանո՞ւմ ես, կարեւորը գաղափարն է, ունենալու, բացվելու գաղափարը։ Դիմացի աթոռը քիչ մոտեցրեց. – Առավոտյան պետք է ունենաս ընտիր սուրճ, ընտիր սիգարետ եւ լավ խմիչք, կոնյակ կամ վիսկի, կարեւոր չէ, բայց ընտիրը, որովհետեւ այդ պահին ինքդ քեզ ես գնահատում, ինքդ քեզ սիրելի ես դարձնում աշխարհին եւ մի գավաթ սուրճը պետք է ընտիր լինի, եւ կոնյակը, եւ սիգարետը, ինքդ քեզ սիրելով պիտի արարես եւ կարեւորություն չտաս,- բարձրացավ տեղից եւ ցուցամատն ու միջնամատը մեկնեց առաջ,- ամենակարեւորը, որ կարող ես անել, ինքդ քեզ արարելն է, ամեն ինչ կստեղծվի, բայց որեւէ մեկը չի կարող քեզ ստեղծել, անհնար է։ Մի սիգարետը վառեց մյուսով, մոտեցավ դիմացի աթոռին, ձեռքը թափ տվեց ու ետ դարձավ. – Ասենք, դու ինչ գիտես, դեռ ինչքան պիտի ապրես, որ ինչ իմանաս… Դուրս ես, չէ՞, գալիս առավոտյան, գնում ես, ես ինչ գիտեմ՝ ո՞ւր, ինչ-որ մեկը կհանդիպի ճանապարհին, կարեւոր չէ՝ ով. եթե չես բացվել, ի՞նչ ես անելու, պիտի տաս քեզ, քո հայացքը, դու քայլում ես, եւ նա պիտի զգա, որ առավոտյան դու ունեիր մի գավաթ սուրճ, սիգարետ եւ լավ խմիչք, այսինքն՝ ամեն ինչ, ինչ-որ մարդ կարող է երազել առավոտյան… Ա՜աա, տխրեցի՞ր։ Լավ, դու խմիր վիսկին, քեզ դուր կգա, թունդ չէ, բացվելու համար է, գեղեցիկ բացվելու… Հետո նայեց խեթ-հարցական. – Որտեղի՞ց եկար, նայում ես ուղիղ աչքերիս։ Աչքերին չեն նայում մեղավորները, երկչոտները, հա, քեզ պես ներամփոփները, բայց դու նայում ես, ուզում ես խոսել, աչքերով ուզում ես խոսել, բառերից ես վախենում։ Հայացքդ կարող ես ետ վերցնել, բառերը չես կարող, վախենում ես տալ, նվիրվել, ինքդ քեզնից ես վախենում, վստահ չես, վախենում ես սիրել, հա, սիրել ես վախենում, ինչ պիտի անես, թե սերդ անպատասխան մնա, բայց ցանկություն է, ծնվել է, ու չգիտես ինչ անել, իսկ ես քեզ ունեմ, հա, հա, այդ թույլ հեգնանքը ծածկում է ուրախությունդ, ինչ կա որ, բայց դու արդեն իմն ես, ուզես թե չուզես, որեւէ մեկը չի կարող ինձնից քեզ խլել, դու էլ չես կարող, առավել եւս՝ դու չես կարող։ Խմեց սուրճի վերջին ումպը եւ անմիջապես նորից սուրճ պատրաստեց, այս անգամ՝ միայն իր համար, կիսաթեքվեց, բայց մեջքով դեպի զրուցակիցը. – Հիմա ուզում ես վեր կենալ ու գնալ, բայց չես կարող, էս փոսից ո՞նց դուրս գաս, որեւէ մեկը քեզ չի կարող տանել էս փոսից, հա, իբր տուն է, բայց իրականում փոս է, ես ու դու նեղ փոսի մեջ ի՞նչ պիտի անենք, գունատվեցիր… Քայլեց սենյակի լայնքով ու երկայնքով, ձեռքերը բարձրացրեց վեր, կանգնեց ոտքերը լայն բացած, նայեց ցածր պատուհանին. – Տունը պետք է համապատասխանի քո արյան կարգին, շապիկի պես քո հագով լինի, պատերը մերվեն քո էությանը, քո արքայական էությանը, քո քմահաճույքին, բայց ես ու դու պատկերացնում ենք, չէ՞, այդ տունը, ունենք այդ տան գաղափարը, ուրեմն այդ տունը ինձ ու քեզ համար արդեն կա։ Կոնյակի բաժակը դրեց սեղանին ու հակվեց առաջ. – Ականջդ բեր՝ ասեմ, չէ, չեմ համբուրում, ուզում եմ ասել, որ մեռնեմ, գերեզման էլ չունեմ, բայց դա ինչ կարեւոր է, ես ոչ թե դրա համար չեմ մեռնում, այլ քեզ համար, որ դու այս փոսի մեջ մենակ չմնաս, ախր, առանց ինձ շատ կտխրես,- ետ-ետ գնաց, ուշադրությունը լարեց։- Լսո՞ւմ ես, ինչ-որ մեկը հռհռում է, լսիր, լսիր, ծիծաղում են, ինչ-որ մեկը երգում է, վերեւո՞ւմ, ներքեւում, ինչ-որ տեղ, կապ չունի, որեւէ կապ չունի մեզ հետ, որեւէ մեկը չի լրացնում մեր մենակությունը, չի մտնում նրա մեջ եւ նրանից էլ դուրս չէ, այնպես, գաղափար է, ինչ-որ մեկի գաղափարը, բայց մենք՝ ես ու դու արդեն գիտենք։ Աթոռը մի քիչ էլ առաջ բերեց, խոր նստեց բազկաթոռին, մի քիչ լռեց, հետո ասաց ցածր, առանց մեղադրանքի. – Դու, որ քո բաժին վիսկին չես խմում, ո՞վ պիտի խմի, նույնիսկ մոխրամանը, որ արդեն լիքն է, չես դատարկում,- ու ձեռքով իսկույն նստելու նշան արեց,- չէ, դու մնա, շատերը գնացին, բայց դու մնա, մոխրամանը կարեւոր չէ, հենց այնպես ասացի։ Ես, ախր, սիրում եմ քեզ, քո մազերը, աչքերը, կապույտ զգեստը, քո լռությունն եմ սիրում, ուզում եմ շոշափել, ունենալ քո քնքշությունը, հիմա, երբ արեւի շողը քո ուսի վրա է, իսկ երեկոյան, գիշերը…,- վեր կացավ, ձեռքերը բռունցք արեց գլխից վեր, աչքերը ոլորեց,- ուզում եմ փշրել քո գանգը, ցրիվ-ցրիվ տալ, քո գեղեցիկ, թովչային կերպարանքը կասկածելի արյունազրկվում է խավարի մեջ եւ դու դառնում ես այն, ինչ կաս, ոչնչից ստեղծված գաղափար, ստվերների մանեքեն, ու սարսռում եմ քեզնից, բայց հետո հիշում եմ, որ առավոտյան, ախր, շատ գեղեցիկ ես, եւ ես դատապարտված եմ քեզ ունենալ, ինչպես որ մի գավաթ սուրճը, սիգարետն ու ընտիր կոնյակը, կաս թե չկաս, կարեւոր չէ, պիտի խմեմ քո բաժին վիսկին, պիտի ապրեմ քեզ իմ կյանքի ու մահվան մեջ… ԷԼԵՈՆՈՐԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել