Թուլություն, անունդ փաստաբան է «Առավոտում» օրեր առաջ տպագրվեց Փաստաբանների միջազգային միության կոլեգիայի 09.11.02թ. հայտարարությունը։ ՓՄՄ-ն հայտնում էր, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից տեղափոխվելով Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան, խախտվել են ՀՀ քրդատօրի 47, 49-50 հոդվածները։ Բացի այդ, Ն. Բաղդասարյանի պաշտպան, ՓՄՄ անդամ Ռիմա Պողոսովային թույլ չէին տվել ծանոթանալ քրեական գործի նյութերին։ Հիշեցնենք, որ քրգործի հիմքում դրված է եղել դատավորին Նիկոլայի կողմից հասցված բառը՝ «անգրագետ»։ Հավանաբար, դատավորը վախեցել է, թե միակ «իրեղեն» ապացույցը՝ «անգրագետ» բառը հանկարծ կվնասվի կամ էլ փաստաբան Ռ. Պողոսովայի կողմից «կառեւանգվի»։ 80-ից ավելի փաստաբաններ հայտարարել են, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ից ձեռնպահ են մնալու Ավան եւ Նոր Նորք համայնքների 1-ին ատյանի դատարանի դատավոր Մարտին Կարապետյանի կողմից վարույթ ընդունված գործերով դատական քննություններին մասնակցելուց։ Հավանաբար, թիվն ավելանա եւ փաստաբանական այսօրինակ անհնազանդությունը դաս դառնա, օրինակ, Արդարադատության խորհրդի, արդարադատության նախարարի եւ դատարանների համար։ Ուսումնասիրելով մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտների ծրագրերը (միջազգային կազմակերպությունների), մենք տեսնում ենք, որ (լինեն ֆիլմեր, թե թոք-շոուներ) այնտեղ են գտնում հիմնականում բանտարկյալներին, փախստականներին, զինվորներին, կանանց, երեխաներին, ազգային եւ կրոնական փոքրամասնություններին, վարորդներին եւ նրանց իրավունքների պաշտպանությանը միտված ծրագրերը։ Հայաստանի փաստաբաններն այսօր կարիք ունեն պաշտպանության, քանզի նրանց իրավունքները նույնպես ոտնահարվում են եւ նրանք, ինչպես լրագրողները, զրկված են լինում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելուց։ Այսօր ՀՀ-ում կա 2 փաստաբանական միություն՝ Հայաստանի եւ փաստաբանների միջազգային։ ՓՄՄ-ն մինչ այդ երկու մասի էր բաժանված, որոնք հայտնի էին Ջանոյանի եւ Տեր-Եսայանի միություններ անվամբ։ Երկու միություններից միայն առաջինը՝ պայմանական ընդունված է ՓԱՄ (Փիլիպոսյանի անվան միություն), ունի իր վարքագծի կանոնագիրքը, իսկ վերջինն առաջնորդվում է «Փաստաբանական գործունեության մասին» օրենքով, քանզի վարքագծի միացյալ՝ ՓՄՄ-ական տարբերակը շուտով կգործի։ Այս ամենով հանդերձ, 100 քաղաքացիներ մեր հարցմանը՝ «Օգտվո՞ւմ եք փաստաբանների ծառայություններից», պատասխանեցին այսպես. ա) գումար չունեն, չեն օգտվում՝ 65, բ) չեն վստահում, չեն օգտվում՝ 27, գ) օգտվում են՝ 8։ Չնայած «Փաստաբանական գործունեության մասին» օրենքով սահմանված է, որ «նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է պետությունը», սակայն գաղտնիք չէ, որ գրպանն անգամ ծակ քաղաքացին, որքան էլ մկներն իրենց նախընտրական համագումարները հրավիրեն, անվճար իրավաբանական օգնություն չի ստանում։ Նկատի ունենք որակյալ իրավաբանական օգնությունը, որի պատճառով էլ սկսվում է մի հեքիաթ (հեղինակ՝ «Հոկտեմբերի 27» գործով էքս-պաշտպան), որը հայտնի է «Բենիկի եւ նրա մի զույգ ծակ կոշիկի մասին» անվամբ։ Պետպատվերով փաստաբանը, ըստ այդ իրապատում-հեքիաթի, կոշիկ չունի, որ ՓԱՄ-ից գար հարակից դատարան։ «Փաստաբանական գործունեության մասին» օրենքով փաստաբանը պարտավոր էր վստահորդի շահերին հակասող որեւէ գործողություն չկատարել, առավել եւս, «չընդունել դիրոքորոշում՝ առանց նրա հետ համաձայնեցնելու, հակառակ պաշտպանյալի դիրքորոշման, չընդունել դեպքի հետ նրա առնչությունը եւ մեղավորությունը»։ Միանշանակ կարող ենք պնդել, որ փաստաբանը հաճախ է դուրս գալիս իր վարքագծի կանոնագրքի սահմաններից եւ խաղում, ասենք, մեղադրողի կամ դատավորի մարզազգեստով։ Այս փաստաբաններն իրենց անվանումն ունեն. «գրպանային» կամ «կլանային»։ Մեր զրուցակից փաստաբաններն իրենց «տպավորությունները» կիսեցին այս կերպ (խնդրելով «չհրապարակել իրենց անունները» պայմանով). – Պետպատվերով պաշտպանությունը պարան է։ Փաստաբանին կարող են ամիսներով աշխատեցնել եւ գումար չտալ, պատճառաբանելով, որ միություն փողը չի հասել։ – Կոռումպացված շղթայում՝ մեղադրող-դատավոր, հնարավոր չէ զբաղվել արդարադատության իրականացման խնդրով։ Մեր պաշտպանյալին այնքան են քամում, որ մենք ստիպված պաշտպանություն ենք իրականացնում անվճար։ – Ոչ մի միջնորդություն չի հարգվում։ Մենք «իրավապաշտպան» վարագույրի դեր ենք խաղում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ