Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նրանք խախտումներ գտել են ամեն տեղ

Նոյեմբեր 30,2002 00:00

Նրանք խախտումներ գտել են ամեն տեղ Այս տարվա (10 ամիսների) ընթացքում պետական եւ բյուջետային հիմնարկներում հայտնաբերվել են 11,6 միլիարդի ֆինանսական խախտումներ՝ 175 ստուգման արդյունքում։ Եթե նկատի ունենանք, որ այս թիվը հնարավոր խախտումների ամենեւին էլ ոչ ամբողջական պատկերն է արտացոլում, ապա դրանից վերականգնված շուրջ 2 միլիարդը՝ մեկ վեցերորդը, մեծ բան չէ։ Այս կարծիքին է նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության պետ Լեւոն Շահինյանը, որը երեկ պատասխանեց լրագրողների հարցերին։ Նրա ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն, փաստորեն, մեծացել են առանձին խախտումների ծավալները։ Բայց ֆինանսների նախարարության այս ստորաբաժանումը լավագույն ապացույցն է այն պնդումների, թե զանազան արատների՝ կոռուպցիա, հովանավորչություն, կաշառակերություն եւ այլն, դեմ տարբեր մարմիններ ստեղծելով կամ դրանց թիվը մեծացնելով չէ, որ պիտի պայքարես։ Պարզվում է, վարչությունը էապես կրճատել է իր ապարատը՝ լուծարելով մարզային կառույցները, էապես պակասեցրել է ստուգումների թիվը, բայց, այնուամենայնիվ, ցույց է տվել անհամեմատ ավելի լավ արդյունք, քան, ասենք, անցած տարի։ Իսկ վերականգնված գումարների ցածր ցուցանիշը պարոն Շահինյանը բացատրում է նրանով, որ «արձանագրված գումարների մեծ մասի վերաբերյալ տվյալներն ուղարկվել են դատախազություն եւ քննության փուլում են»։ Անցած տարիների վերաբերյալ էլ մեկնաբանություն չունի մի տարօրինակ բացատրությամբ. «Քիչ ժամանակ է, ինչ աշխատում եմ այդ պաշտոնին, բայց երեւի նույն վիճակն է»։ Վարչությունը բյուջետային հիմնարկներում «հետախուզում» է գերածախսված, կասկածելի ծագումով գումարների շարժն ու գոյությունը։ Կասկածելի ծագումով գումարներն, ըստ նրա, մեր երկրում հիմնականում առաջանում են հարկումից խուսափած կազմակերպությունների եւ քաղաքացիների եկամտից։ Ընդհանրապես, բավականին հիմնավորված տեսակետ կա, թե մեր երկիրը այն վիճակում չէ, որ տնտեսությունում ներդրվող գումարների ծագումն առանձնապես հաշվի առնենք, որի հետ, ինչպես երկրի պաշտոնական տեսակետը հայտնողները, այնպես էլ պարոն Շահինյանը, իհարկե, համաձայն չեն. «Հայաստանը շահագրգռված չի այդպիսի ներդրումների հարցում»։ Ըստ վարչության պետի, «տեղ չկա, որ ստուգենք՝ խախտում չհայտնաբերենք»։ Նրանք ստուգել են ու խախտումներ են հայտնաբերել անգամ պաշտպանության նախարարությունում, «Հայկական ավիաուղիներում», «Զվարթնոցում», «Հայէներգոյում», «Հրազդան» ՋԷԿ-ում։ Պատրաստ էին անգամ որոշ բանկեր ստուգել, բայց ինչպես հիշում ենք, դա նրանց թույլ չտրվեց։ Նման արդյունավետությունը կարելի է բացատրել մի քանի հանգամանքներով. բարձրորակ կադրեր, չարաշահված գումարներ հետախուզելու իրական ցանկություն, լայն լիազորություններ, որոնք, սակայն, երբեմն դեմ են առնում «հասարակությանը լրացուցիչ անհանգստություն չպատճառելու» պարզ նպատակից ծագած երկրի բարձրագույն իշխանությունների «վետոյին»։ Հայաստանում շուրջ 4500 բյուջետային հիմնարկ կա, որոնք «տարեկան գոնե 2-3 անգամ պետք է ստուգվեն։ Իսկ վարչարարության մակարդակը բարձրացնելու նպատակով ստեղծվում է ներքին աուդիտի ստորաբաժանում»։ Իսկ «պետությունից փող կորզելու ձեւերը քիչ են», հիմնականում գերածախս են անում պետական հիմնարկները՝ քիչ փող ունենալով՝ շատ են ծախսում։ Սա, ըստ պարոն Շահինյանի, իր պատճառներն ունի եւ միշտ չէ, որ գերածախսը հանցավոր համաձայնության արդյունք է։ Օրինակ, ինչպես խեղճ ֆինանսների, այնպես էլ մի շարք այլ նախարարությունների աշխատակիցների ծառայողական ավտոմեքենաների համար օրական նախատեսված է ընդամենը 4 լիտր բենզին։ Սա ինչպե՞ս հերիքացնեն սովետական վառելիքածախսատար վոլգաները։ Ամեն դեպքում, անկախ ծավալներից, «Հայաստանի համար խախտումների ցանկացած չափն էլ լուրջ է», ուստի այդ եւ ոչ թե «նորաձեւությանը հետեւելու» նպատակով շրջանառության մեջ է դրվել համապատասխան օրինագիծ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել