Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է՝ ՏԱՆՏԵՐ

Նոյեմբեր 30,2002 00:00

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է՝ ՏԱՆՏԵՐ Տարիներ ի վեր արեւմտյան, վերջերս նաեւ ԱՊՀ երկրներից մեր հայրենակիցներին երբեմն առանձին, երբեմն խմբերով «լցնում» են ինքնաթիռ եւ վտարում իրենց պետությունից։ Մեր ա՛յն հայրենակիցներին, որոնք դրսում անօրինական են ապրում։ Նրանց մեծ մասը, ոտքը հայրենի հողին դնելով, մտածում է վերադառնալու մասին։ Ընդ որում՝ ամեն գնով, ցանկացած ճանապարհով։ Արդյունքում անօրինական միգրանտը հաճախ հայտնվում է այն երկրում, որտեղից իրեն վտարել են։ Եվ հնարավոր է, որ այդ պետությունը նորից գումարներ ծախսի՝ նրա տունդարձի ճանապարհածախսը ապահովելու համար։ Այստեղ մնացողներն էլ դժվարությամբ են հաշտվում այն սոցիալ-տնտեսական պայմանների հետ, որոնցից մեկ անգամ հաջողացրել էին «ազատվել»։ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստակաների վարչության միգրանտների սպասարկման կենտրոնի (ՄՍԿ) տնօրեն Արգամ Պապոյանից տեղեկացանք, որ ՀՀ կառավարությունը Շվեյցարիայի հետ համաձայնագիր է ստորագրել՝ այնտեղից վերադարձի ենթակա ՀՀ քաղաքացիներին օժանդակելու վերաբերյալ։ Շվեյցարիան տարիներ ի վեր իրականացնում է, այսպես կոչված, կամավոր վերադարձի ծրագրեր։ Եթե այնտեղ անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացին ցանկություն է հայտնում իր երկիր վերադառնալու, շվեյցարական կողմն ապահովում է ոչ միայն վերադարձի տոմսը, այլեւ վերադարձողի ընտանիքի անդամների թվով որոշակի գումար, աշխատանքի միջոցներ, կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման կուրսեր եւ այլն։ «Մեր դեպքում անհատական վերադարձի ծրագրերը զուգորդվելու են խմբային վերադարձի ծրագրերով»,- ասում է պրն Պապոյանը եւ պարզաբանում, թե ինչ ասել է այդ օժանդակությունը։ Բացի վերը թվարկված միջոցառումներից, վերոնշյալ ծրագիրը իր մեջ ներառում է վերադարձող ընտանիքի անչափահաս անդամների համար ուսումնական ծրագրեր։ Նաեւ՝ եթե վերադարձողը համապատասխան հատկություններով օժտված մարդ է, կարող է իր բիզնես ծրագիրը մշակել եւ ներկայացնել, նրան վարկավորում է տրվում, որը նախատեսվում է փոքր բիզնեսի խթանման ծրագրով։ Սրանով վերադարձողը հայրենիքում աշխատանքով ապահովում է ոչ միայն իրեն եւ իր ընտանիքի անդամներին, այլեւ լրացուցիչ աշխատատեղեր է բացում եւ պարտավոր է աշխատանքի վերցնել իր վիճակում գտնվող այլ քաղաքացիների։ Փոքր բիզնեսի խթանման ծրագիրը Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից վաղուց է արվում՝ բնակչության տարբեր խմբերի մեջ։ Միգրացիայի եւ փախստականների վարչության խնդիրն է եղել շվեյցարական կողմի հետ փոխադարձ համաձայնությամբ այնտեղից հետ ուղարկվող մեր քաղաքացիներին ընդգրկել այդ ծրագրում, իսկ նրանց տրվող ցածր տոկոսով կամ անտոկոս վարկը տրամադրելու է շվեյցարական կողմը։ Համապատասխան կարողությունների բացակայության դեպքում քաղաքացուն այստեղ տրվելու է վճարվող աշխատանք։ Մշակման փուլում է նաեւ ծրագրի մի կետ, որը նախատեսում է մարզերում բնակվել ցանկացող միգրանտների համար ֆերմերային տնտեսությունների զարգացման ծրագիր։ Համաձայնագիրը նախաստորագրվել է բոլորովին վերջերս, իսկ վերոնշյալ ծրագիրը դրա կիրարկման ձեւերից կլինի։ Այն կմեկնարկի 2003-ի սկզբին եւ նախատեսված է մարդկանց 50-100-անոց խմբի համար։ Եվ, ըստ պրն Պապոյանի, եթե այդ ծրագիրը հաջողությամբ իրականացվի, այն կդառնա փորձնական, նախեւառաջ Շվեյցարիայում բնակվող բոլոր 690 անօրինական միգրանտ ՀՀ քաղաքացիների համար այն շարունակական դարձնելու համար։ «Շվեյցարիայի հետ հաջող փորձը փորձառություն կլինի մեզ համար եւ նախահիմք՝ մյուս պետությունների հետ նման հարցերի շուրջ աշխատելու։ Նաեւ օրինակ՝ կովկասյան եւ այլ երկրների հետ աշխատելու համար»,- ասաց Ա. Պապոյանը։ «Հաջողություն» ասվածը, պրն Պապոյանի բնորոշմամբ, կերեւա, երբ համընկնեն երեք կողմերի՝ վերադարձնող, ընդունող երկրների եւ վերադարձող քաղաքացիների շահերը։ Վերադարձողի շահերի կապակցությամբ ՄՍԿ տնօրենը վերապահում արեց. «Եթե վերադարձն անխուսափելի է, եթե պետությունը որոշում է կայացրել այդ միգրանտին վերադարձնելու մասին, այո՛, նրա շահերից է բխում, որ վերադառնա ծրագրով, ոչ թե առանց ծրագրի»։ Սակայն ծրագիրը բացառապես կամավորության սկզբունքներով է գործելու։ Ի դեպ, պրն Պապոյանը հերքեց այն ընդունված կարծիքը, թե ներկայումս ամենաշատը ՀՀ քաղաքացիները Գերմանիայում են ապաստանում։ Պարզվում է, այնտեղ խստացվել է ապաստան հայցելու կարգը, դրական պատասխան քիչ է լինում։ Տեղյակ լինելով դրան՝ մարդիկ էլ քիչ են դիմում նման հայցով։ Իսկ, օրինակ, Ավստրիայում, Չեխիայում՝ հակառակը, կարգը հեշտացել է, դրա համար էլ շատ են դիմում։ Ինչքանով է մեր պետությանն այսօր ձեռնտու իր քաղաքացիների վերադարձը հարցին ի պատասխան, պրն Պապոյանը այլ ասելիք ուներ. «Հարցն այդպես չի դրվում, այլ. եթե քաղաքացին այդ պետության անձնագիրը ունի, նա իրավունք ունի հետ վերադառնալու, եւ պետությունն էլ նրա նկատմամբ պարտավորություններ ունի։ Մասնավորապես, նրան հետ ընդունելու։ Բացի այդ, Հայաստանը գերբնակեցվածության խնդիր չունի»։ Ինչքանով է երկիրը պատրաստ ընդունելու իր քաղաքացիներին՝ այլ հարց է. «Մեր մտահոգությունն այն է, որ դրսում տրվող նպաստը՝ թեկուզ ապաստան հայցողների, փախստականների, նրանց հնարավորություն է տալիս ապահովելու կյանքի այնպիսի պայմաններ, որ նրանց համար շատ դժվար պետք է լինի հետո հարմարվել այստեղի կենսամակարդակին»,- ասաց Ա. Պապոյանը։ Այստեղ քիչ թե շատ բավարար համարվող 100 դոլար աշխատավարձը հաստատ «այն կյանքը» չի ապահովելու նրանց համար։ Ուրեմն, նման ծրագրերի իրագործումից հետո հայրենիք վերադարձված միգրանտին մնում է ինքն իր վրա աշխատել՝ իր ներսում այս իրականության հետ հարմարվելու։ Ի վերջո, ավելի լավ է տանտեր՝ քո խրճիթում, քան տնվոր՝ ուրիշի պալատում։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել