Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԱՄՈՒԿ՝ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Նոյեմբեր 30,2002 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԱՄՈՒԿ՝ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ Հեռուստահաճախականությունների չկայացած վերջին մրցույթից հետո ստեղծվել է մի իրավիճակ, որն անհեթեթ զարգացումներ է ստանում: «Նոյյան Տապանի» վերջին քայլերն ակնհայտորեն երկարաձգում են եթերում ««Ա1+»» հեռուստաընկերության կոլեկտիվի պարապուրդը: Գործակալության նախաձեռնած դատավարությունն աշխատում է ի վնաս «Ա1+»-ի: Վերջինս հերթական անգամ հարված է ստանում, բայց այս անգամ գործընկերոջ կողմից: Հայտնի է, որ «Նոյյան Տապանը» փորձում է բանակցությունների մեջ ներքաշել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին: Մենք կարծում ենք, որ եթե այդ բանակցությունները կայանան եւ հաջող ելք ունենան, այսինքն, գործակալությունը հետ վերցնի իր հայցը, հանձնաժողովն ամեն ինչ կանի, որ մրցույթային առաջարկներն այս անգամ ընդունի ոչ թե միանգամից բոլոր հաճախականությունների համար, այլ ամեն հաճախականության համար առանձին: Իսկ եթե «Նոյյան Տապանը» համաձայնի խաղալ հանձնաժողովի խաղի կանոններով, եթե համաձայն է նշել կոնկրետ հաճախականությունը, ապա ի՞նչ իմաստ ուներ գործակալության վերջին դատական հայցը: Դա չի՞ նշանակում, որ «Նոյյան Տապանը» ակամա հանձնաժողովի խաղն է խաղում: Փաստորեն սա իր հերթին չի՞ նշանակում, որ մեր գործընկերը ապագա մրցույթում ակամա հանդես կգա իբրեւ «Շարմ»: Հիշեցնենք, որ չկայացած մրցույթում «Ա1+»-ը մրցույթային առաջարկներ էր ներկայացրել միանգամից չորս հաճախականության վրա, իսկ «Նոյյան Տապանը» ներկայացրել էր միայն մեկ մրցույթային առաջարկ: Հակված ենք կարծելու, որ հանձնաժողովը կստեղծի մի իրավիճակ, երբ «Նոյյան Տապան» եւ «Ա1+» հեռուստաընկերությունները ստիպված կլինեն միասին պայքարել միայն մեկ հաճախականությանը տիրանալու համար: Իշխանությունները «Նոյյան Տապանին» «Շարմ» ընկերության վիճակի մեջ դնելու խնդիր ունեն: Արդեն իսկ ստացվել է այնպես, որ «Նոյյան Տապանը» հաճախականություն վերցնելու գործընթացում կամա թե ակամա միջամտեց «Ա1+»-ի ռազմավարական քայլերին: Առաջիկայում իշխանությունները կփորձեն խորացնել այդ միջամտությունը: Երկու գործընկերների պառակտումն ուրիշ կերպ չի կարող լինել: Այս մեթոդն իշխանություններն արդեն փորձել են ոչ լրատվական բնագավառում: Իբրեւ պառակտումը խորացնելու մեկ քայլ, հնարավոր է, բանակցությունների հաջող ավարտից հետո հայտարարված նոր մրցույթում իշխանությունները հասնեն նրան, որ «Նոյյան Տապանը» «Ա1+»-ի նման մասնակցի բոլոր հաճախականությունների մրցույթին: Այսօր իշխանությունները «Նոյյան Տապան» գործակալությանը գցել են ծուղակի մեջ: Մի դեպքում՝ գործակալությունը պարզապես խանգարել է հաճախականությունների մրցույթին «Ա1+»-ի մասնակցությանը, մյուս դեպքում՝ հետեւողականորեն դառնում է իշխանության գործիք: www.a1plus.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել