Լրահոս
Օրվա լրահոսը

Խեղդվողների փրկությունը խեղդվողների ձեռքի գործն է

Նոյեմբեր 30,2002 00:00

Խեղդվողների փրկությունը խեղդվողների ձեռքի գործն է Սերժ Սարգսյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը ղեկավարելու լուրը թերեւս շատերին է հիշեցրել հոդվածի վերնագիր ընտրված ասացվածքը։ Մինչեւ բոլորովին վերջերս, պաշտպանության նախարարը վստահեցնում էր, որ բանակը չի խառնվում քաղաքականությանը /ենթադրելի է՝ իրեն չբաժանելով բանակից/, իսկ այժմ այնպիսի քաղաքական ակտիվության է անցնում, ինչպիսին չի ցուցաբերել իր պետական պաշտոնավարության ողջ ընթացքում։ Անլուրջ է կարծել, թե Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնն է ապահովագրում ընտրությանը հաջորդող ժամանակաշրջանի համար. դա ըստ էության պետական քարոզչամեքենայի տեսիլքն է, թե Քոչարյանը մնալու է նախագահ։ Քոչարյանի քառամյա ձախավեր պաշտոնավարության արդյունքը եղավ այն, որ 2003-ի նախագահական ընտրություններում վերջինս թեկնածու առաջադրվեց քաղաքացիական նախաձեռնությամբ։ Քաղաքական ամենաբարձր պաշտոնին հավակնող անձը չի ներկայացնում քաղաքական ոչ մի ուժ։ Հետաքրքիր է՝ պատմության մեջ երբեւէ, ինչ-որ տեղ նման կազուս եղե՞լ է: Ճիշտ է, ինչ-որ կուսակցություններ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանեցին կամ պատրաստ են պաշտպանել, բայց ոչ Քոչարյանին առաջադրել։ Մյուս կողմից էլ, եթե ՀՅԴ-ն պաշտպանողի դերում էր, ոչ առաջադրողի, Քոչարյանի ճամբարում ի՞նչ կուսակցություն էր մնում, որի կողմից առաջադրվելը պատշաճ լիներ… Քոչարյանին մնում էր քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել: Այդտեղ էլ, գուցե անխուսափելիորեն, 1-2 տասնյակ հաստիքային քծնողներ են ընդգրկվել, որոնց ճարտասանությունն անգամ Քոչարյանին է զարմացրել. «Ինքս չէի կարծում, թե այդքան լավն եմ»։ Իսկ ի՜նչ քծնանք էր շաղ տրվել՝ Քոչարյանին վերագրելով մինչեւ իսկ «նրբանկատություն, զսպվածություն, հավասարակշռություն»։ Անհնար է դիմանալ գայթակղությանը եւ չշարունակել։ Ինչո՞ւ միայն «27»-ի բացահայտումը «ուչաստկովիի» վերապահելու նրբանկատություն, «ականջներ քաշելու» զսպվածություն, ուսադիրներից զրկելու հավասարակշռություն… հապա Նաիրի Հունանյանի հետ բանակցելու վարպետությո՞ւնը, պարտքի դիմաց ունեցվածք օտարելու պատասխանատվությո՞ւնը, բորդյուրներ փոխելու ազգաշեն գո՞րծը, սրճարաններում մարդ սպանելու ձեռնահասությո՞ւնը, ոսկեղենիկ հայերե՞նը՝ «Մինչեւ ինձ չբզեն…», արտասուք քամող անգլերենը՝ գլոբալիզեյշըն… Եթե ԳԱԱ նախագահությունում նիստ գումարողները լոկ Քոչարյանի նախաձեռնող խումբն են եղել, ապա ընդունելի է նրանց ցանկացած գնահատականը։ Բայց եթե նրանք հավակնում են իրենց գնահատականները իբրեւ մտավորականի խոսք ներկայացնել, մնում է հիշել ասույթը. «Միջակ քահանան այլանդակություն է», եւ ավելացնել՝ «Միջակ մտավորականը՝ առավել եւս»։ Բայց այժմ ե՛ւ այդ նախաձեռնողները, ե՛ւ կուսակցությունները, երկրորդական են, քանի որ Քոչարյանի ընտրարշավում առաջին ջութակն իր ձեռքն է վերցրել Սերժ Սարգսյանը։ Հետաքրքիր է՝ արդյո՞ք ճարահատյալ: Այն, որ Հայաստանը պտտվում էր եւ պտտվում է Սերժ Սարգսյանի շուրջ, ընկալելի էր եւ է գեթ ուշադիր մի հայացքից։ Տարօրինակը միայն այն է, թե ինչու Սերժ Սարգսյանին ավելի վաղ չվստահվեց հանրապետության վարչապետի պաշտոնը, որպեսզի նրա այսօրվա ակտիվությունը չհամատեղվեր ուժային պաշտոնի հետ եւ առնվազն վերապահությունների տեղիք տար։ Կամ Քոչարյանը վստահ չէր, որ կառաջադրվի, կամ չէր պատկերացնում, թե ինչ մասշտաբի վարչական ռեսուրսներ մոբիլիզացնելու կարիք կառաջանա։ Արդյո՞ք Քոչարյանը գիտակցեց, որ հասարակական կյանքը երկրում այնքան մեռյալ չէ, որ նույնիսկ Հովիկ Աբրահամյանը կարողանա նախընտրական արշավ կազմակերպել: Թե՞ արտերկրից Քոչարյանին ավելի կոշտ բացատրեցին, որ ինքը անցողիկ է, Եվրախորհրդի անհանդուրժողականությունը ընտրակեղծիքների հանդեպ՝ մնայուն: Ինչեւէ: Քոչարյանի՞ նախաձեռնությամբ, թե՞ իր սեփական, Սերժ Սարգսյանը անձամբ եկավ առաջնաբեմ, եւ դա նշանակում է, որ մարտի է նետված ծանր հրետանին: Ինչո՞ւ: Թերեւս թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական իրադրության ճնշմամբ։ Հնարավոր է, Հայաստանից արտաքին աշխարհը եւ ոչ միայն Եվրախորհուրդը, պահանջում է անձ, ով երաշխիքներ կտա ընտրությունների օրինականության: Մեկը, ով տիրապետում է իրավիճակին եւ ում հետ ընդհանրապես կարելի է խոսել, թե այն առումով, որ կատարող չլինի, թե գրավական ունենալով անցյալի շփումները: Իսկ Հայաստանում արտերկրին փոքրիշատե լուրջ թվացող անձն այս առումներով իհարկե լինելու էր Սերժ Սարգսյանը: Չի բացառվում՝ նրանից է պատասխանատվություն պահանջվում ընտրությունների օրինականության համար կամ նրան են բացատրվել օրինազանցությունների հետեւանքները, որպեսզի յուրայիններին էլ բացատրի իրենց հասկանալի լեզվով: Հետեւաբար Սարգսյանն էլ հարկադրված է անձամբ վերահսկել այն օղակը, որտեղից սպասվում են հանցանքներն ու կեղծիքները, դրանք նվազեցնելու համար: Նույնքան էլ հնարավոր է՝ ներքաղաքական իրադրությունն է ավելի հզոր ճնշում ստեղծել: Մի զրույցի ժամանակ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարներից մեկը, հիշում եմ, ասաց, թե այսօր Քոչարյանն ավելի սթափ է ընկալում իր հնարավորությունները նախագահական ընտրություններում, քան 96-ին Տեր-Պետրոսյանը: Որպես կանոն, բոլոր ընտրություններում նախընտրական շտաբների ղեկավարները եղել են երկրորդական անձինք: Եթե այժմ Սերժ Սարգսյանը խախտում է ավանդույթը, նշանակում է՝ իրավիճակն այնպիսին է, որ հնարավոր չէ խամաճիկներով գործել, ասել է թե՝ լուրջ է, քան երբեւէ: Իսկ Քոչարյանի չընտրվելը /առանձնակի տարակարծության տեղիք էլ չկա, թե այդ դեպքում ով է ընտրվելու/, վստահաբար, Սերժ Սարգսյանի համար էլ կնշանակի կարիերայի վերջաբան: Առնվազն եւ լավագույն դեպքում: Իսկ սեփական խեղդվել-չխեղդվելու հարցը չես թողնի այլոց հույսին: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել