Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՄԲԱՏՆ» ՈՒ «ՎՈԻՆԻ» ՇՏԱԲԸ

Նոյեմբեր 30,2002 00:00

«ԿՈՄԲԱՏՆ» ՈՒ «ՎՈԻՆԻ» ՇՏԱԲԸ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այս շաբաթ հայտարարեց, թե հայաստանյան օրենսդրության շրջանակներում ոչինչ չի խանգարում իրեն ստանձնել նախագահի նախընտրական շտաբի ղեկավարությունը: Ակնհայտ էր՝ նախարարը ոչինչ հենց այնպես չէր հայտարարի՝ առանց անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն ստանալու: Բայց ակնհայտ է նաեւ, որ ծանոթ լինելով մեր օրենսդրությանն ու ՀՀ Հիմնական օրենքին՝ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանն, այնուամենայնիվ, գնաց օրինախախտման ճանապարհով եւ 98-ի նախագահական ընտրություններում առաջադրեց իր թեկնածությունը: Հիմա, ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին: Այո, որեւէ օրենք չկա, որն ուղղակիորեն արգելում է պաշտպանության նախարարին ղեկավարել նախագահի թեկնածուի նախընտրական շտաբը: Հայ իրականության մեջ հանրահայտ ճշմարտություն է ներկայացվում այն, որ ուժային կառույցներն իրավունք չունեն միջամտել, խառնվել, մասնակցել քաղաքական գործընթացներին, որ մասնավորապես բանակի միակ խնդիրը երկիրն արտաքին թշնամիներից պաշտպանելն է: Բայց փորձիր այս ամենը տարածել պաշտպանության նախարարի վրա, որն, ի դեպ, «Պաշտպանության մասին» օրենքի հոդված 10-ով ամրագրված «Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնող» անձ է, հակափաստարկ է բերվում, թե, գիտեք, նա գեներալի ուսադիրներ չունի: Դե՛, եթե նրան ոչինչ չի խոչընդոտում բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչ լինելով՝ դառնալ նաեւ նախընտրական շտաբի ղեկավար, այդ դեպքում նախարարը կարող էր շատ հանգիստ նախարարի իր պաշտոնավարությունը համատեղել նախընտրական շտաբի ղեկավարման հետ եւ նույնիսկ չծռմռվել ու չարդարանալ, թե առաջիկա երեք ամիսների համար ինքն արձակուրդում կլինի: Պետք է ենթադրել, որ որոշակի ապահովագրության խնդիր, այնուամենայնիվ, կար: Ե՛վ ՀՀ Սահմանադրությունը, ե՛ւ ՀՀ Ընտրական օրենսգիրքը, եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, եւ «Պաշտպանության մասին» օրենքը ոչ ուղղակիորեն, բայց արգելում են այդ անել: Պաշտպանության նախարարը հայտարարում է, թե ինքը զինծառայող չէ, այլ՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ: «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հոդված 3-ի 1-ին կետի ժգ ենթակետով սահմանված է քաղաքական պաշտոն ասվածը՝ «Քաղաքական պաշտոն՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված կարգով ընտրովի կամ նշանակովի պաշտոն, որն զբաղեցնող պաշտոնատար անձը, ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ընդունում է քաղաքական որոշումներ եւ համակարգում դրանց կատարումը, փոփոխվում է քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում», իսկ ժդ կետով ամրագրված է՝ «Հայեցողական պաշտոն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակովի պաշտոն, որն զբաղեցնող պաշտոնատար անձը, ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ եւ համակարգում դրանց կատարումը, կարող է փոփոխվել քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում», իսկ նույն օրենքով քաղաքական են համարվում նախարարների պաշտոնները: Սա երկու բան է ենթադրում՝ ա. Սերժ Սարգսյանը որպես պաշտպանության նախարար կարող է նաեւ իր պաշտոնում չմնալ, եթե փոփոխվի քաղաքական ուժերի հարաբերակցությունը, բ. պաշտպանության նախարարը պետական պաշտոն է: Առաջինից ենթադրվում է, որ Ս.Սարգսյանը լինելով ուժային կառույցի ղեկավար եւ միաժամանակ գործող նախագահի նախընտրական շտաբի ղեկավար՝ շահագրգիռ անձ է եւ կարող է խոչընդոտել ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերի ներկայիս հարաբերակցության փոփոխությանը, որի պարագայում նա այդ պաշտոնում հնարավոր է, որ այլեւս չլինի: Հիշեցնենք նրա այն հայտարարությունը, թե ինչ իմաստ ունի նախընտրական շտաբը ղեկավարելու համար հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից, եթե Քոչարյանի ընտրության դեպքում ինքը, միեւնույն է, դարձյալ նշանակվելու է պաշտպանության նախարար: Իսկ եթե՝ ո՞չ: Երկրորդ. եթե ընդունում ենք, որ Ս.Սարգսյանը պետական պաշտոնյա է, ապա՝ «Ընտրական օրենսգրքի» հոդված 18-ի 4-րդ կետն է նրան արգելում ընդհանրապես միջամտել կամ մասնակցություն ունենալ որեւէ ընտրության, նախընտրական քարոզարշավի. «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել 1. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս»: Իսկ որեւէ թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարն ուղղակիորեն է իրականացնում եւ համակարգում նախընտրական քարոզչությունը: Իսկ թե ինչու նույն հոդվածի 2-րդ կետում ՍԴ անդամների, ՆԳ, ԱԱ, դատախազության, դատավորների ցանկում, որոնց ներկայացուցիչներին, ի դեպ, արգելվում է մասնակցել նախընտրական քարոզչությանը, չկա պաշտպանության նախարարությունը՝ դժվար է ասել: Իրոք, այս իմաստով Օրենսդրությունն անկատար է: Բայց բացի գրված օրենքներից յուրաքանչյուր հասարակության ներսում գործում են նաեւ չգրված օրենքներ, որոնք արդեն բարոյականության ոլորտից են: Ս.Սարգսյանն ամենաշատը հենց այդ տեսանկյունից իրավունք չունի ղեկավարել գործող նախագահի նախընտրական քարոզչությունը՝ նկատի ունենալով մեր իրականությունը. այն իրականությունը, որտեղ որեւէ ընտրության ժամանակ բանակը, ոստիկանությունն ու ազգային անվտանգության մարմինները ավելի քան որոշակի ներդրում եւ դերակատարություն են ունենում այդ ընտրությունների արդյունքների իմաստով: Պատկերացնո՞ւմ եք, եթե պաշտպանության նախարարը ղեկավարեր, ասենք, Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբը: Հասկանալի է, կարծում ենք, որ բանակն անմիջապես լծվելու էր Հայրիկյանի համար աշխատելու ծանր լծին: Մյուս կողմից՝ ստանձնելով Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավարումը, պաշտպանության նախարարն, ըստ էության, ընդունենք՝ նույնիսկ ակամա, հրահանգ է իջեցնում բանակին, զինծառայողներին՝ աշխատել, քվեարկել իր «շեֆի» համար: Ի վերջո, այնպես չէ, որ պաշտպանության նախարարը, ինչպես Ս.Սարգսյանն է ասում, «ոչ ձուկ է, ոչ միս»: Նա ԶՈՒ ներկայացուցիչ է, ուժային կառույցի ղեկավար, իսկ այդ դեպքում՝ անկախ ուսադիր ունենալ-չունենալու հանգամանքից, Ս.Սարգսյանը պարտավոր է ամենաքիչը գոնե ձեւական իմաստով լոյալ դիրք գրավել, ինչպես 98-ին փորձել էր անել նախկին նախարար Վազգեն Սարգսյանը, երբ դե ֆակտո ղեկավարելով Քոչարյանի նախընտրական շտաբը, դե յուրե դա թողել էր Վլադիմիր Մովսիսյանի վրա: Մյուս կողմից, եթե ԶՈՒ հրամկազմի ներկայացուցիչ նախարարին կարելի է պաշտոնազրկել քաղաքականությանը խառնվելու համար, ինչո՞ւ այդ ձեւակերպումը չի կարող տարածվել ԶՈՒ հրամկազմի մեկ այլ ներկայացուցչի վրա, նույնիսկ, եթե նա ուսադիրավոր չէ: Նրան նույնիսկ չի արդարացնում արձակուրդի մեջ լինելու հանգամանքը, որովհետեւ այդ դեպքում էլ նա չի դադարում լինել ուժային գերատեսչության ղեկավար: Մեկ հարցում կարելի է համաձայնել նախարարի հետ. նախընտրական շտաբի ղեկավարի դերը չպետք է գերագնահատել: Անկախ այն բանից, թե ով կստանձներ այդ գործը, կարծում ենք, հասկանալի է, որ ե՛ւ Ս.Սարգսյանը, ե՛ւ բանակն ու ուժային մյուս կառույցները գիտեն իրենցից ակնկալվողն ու իրենց անելիքները: Իսկ դրա փորձառությունը բանակն ու ինքը՝ Ս.Սարգսյանը, ձեռք են բերել դեռեւս 95, 96, 98թթ. ընտրությունների ընթացքում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել