Լրահոս
Օրվա լրահոսը

Ա՛ր-շա՛կ, նա՛-խա՛-գա՛հ

Նոյեմբեր 30,2002 00:00

Ա՛ր-շա՛կ, նա՛-խա՛-գա՛հ Արձանագրենք՝ Արշակ Սադոյանը եւս կառաջադրվի հանրապետության նախագահի թեկնածու։ Այդ լրջագույն, հայ քաղաքական գործընթացների վրա ծանրակշիռ ազդեցության իրադարձությունը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 14-ին, Արշակ Սադոյանի՝ Ազգային ժողովրդավարական դաշինք կուսակցության համագումարում. «ի՞նչ է եղել որ, բոլորն իրար հետ կկռվեն, ես կանցնեմ», երեկ հրավիրված մամուլի ասուլիսից հետո, արդեն մասնավոր զրույցում անկեղծացավ Արշակ Սադոյանը։ Սակայն կա մի նուրբ հարց՝ փողն ո՞վ է տալու, միայն դատարկ գրանցման համար 10 հազար դոլար, պլյուս-մինուս՝ բազմաթիվ մեծ ու փոքր ծախսեր։ Ժամանակին Գալուստ Սահակյանն էր խոստացել, թե նախաձեռնության գումարը, հատուկ Արշակ Սադոյանի համար, ինքը կնվիրաբերի, հայտնի է, որ մի քանի նախարարներ եւս կեսլուրջ-կեսկատակ այստեղ-այնտեղ հայտարարել են, թե աջակցելու եւ պաշտպանելու են Արշակ Սադոյանին։ Ուրեմն հավանական է, որ փողն ինքն իրեն կհոսի դեպի թեկնածուի նախընտրական հաշիվ։ Թեպետ պրն Սադոյանը համեստ է եւ մեծ գումար չի ակնկալում, ամեն մեկը «մի չնչին, 100-200 դոլար» որ տրամադրի, մնացածը տեխնիկայի հարց է։ Դե ինչ, մնում է նախագահացուների հիթ-շքերթում հայտնված հերթական թեկնածուին եւս հաջողություններ մաղթել եւ նաեւ ներկայացնել, թե ուրիշ ինչի մասին խոսեց Արշակ Սադոյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ։ Ըստ պրն Սադոյանի, մինչ այժմ փորձ է արվում ներկայացնել, որ ընդդիմություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի, որ ընդդիմությունը չի էլ կարողանում գալ համաձայնության եւ, հետեւաբար, օրինաչափ կլինի գործող նախագահի հաղթանակը եւ դա չի լինի կեղծիքներով. «բնական է, այսպիսի միամիտ, պարզունակ մոտեցումը, ցավոք սրտի, մեծ արձագանք գտավ նույնիսկ ԶԼՄ-ների կողմից։ Ո՞ւմ համար պարզ չէր, որ տրամագծորեն հակառակ կողմնորոշում ունեցող, տարբեր գաղափարներով առաջնորդվող քաղաքական ուժերը չեն կարող գալ միասնական ծրագրի, միասնական թեկնածուի։ Կարող են ընդամենը գալ ընդհանուր մի համաձայնության, որը բոլորին ձեռնտու է»։ Արշակ Սադոյանը շատ թափանցիկ ակնարկ արեց ընդդիմության ներսում եղած ականների եւ ականապատողի մասին. «հետ վերադարձ թեկուզ նախապես ներսում դրված ականների ականապատողին, այլեւս հնարավոր չի։ Եվ հիմա, արդյունքում ստացվել է այսպես՝ բոլորը ստիպված պայքարելու են չարիքի դեմ։ Բոլորը ստիպված պայքարելու են, որպեսզի զանգվածային կեղծիքներ չլինեն»։ Ըստ Ա. Սադոյանի՝ բնական ու ճիշտ կլինի հետեւյալ մոտեցումը. «կան գաղափարական տարաձայնություններ, կան անձեր, որոնցից ամեն մեկը մտածում է (կրկնեմ վարչապետի խոսքերը), որ ինքը փիղ է։ Եվ թող ժողովուրդը որոշի՝ ընտրե՞լ երկու փուլանոց մարտավարություն։ Առաջին փուլը թող համարվի համաժողովրդական հարցում, երկրորդ փուլը թող լինի փոխադարձ պարտավորությունների փուլ։ Եվ, բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ կամուրջներն այրել են, պարտավորվում են, որ ժողովուրդը որ ուժին որ առավելություն է տվել առաջին փուլում, մնացած բոլորը երկրորդ փուլում պարտավորվում են մաքսիմալ աջակցել։ Եվ համար առաջին խնդիրը լինելու է իրար չփնովելը, ինտրիգների ջրաղացին ջուր չլցնելը։ Երկրորդ խնդիրը, որը մեր բոլորի առջեւ ծագում է եւ առաջին խնդիր է համարվում, հետեւյալն է՝ պայքարել զանգվածային կեղծիքների դեմ։ Պայքարել, որ 300 հազար ձայն չկեղծվի հօգուտ Ռ. Քոչարյանի»։ Սա է ամենապարզ մեխանիզմը ըստ Արշակ Սադոյանի, եւ նա կարծում է, որ սա հնարավոր է իրականացնել։ Պարզապես «16»-ը պետք է կարողանա ձեւավորել կեղծիքների դեմ պայքարողների խմբեր, այս դեպքում՝ «խնդիր չկա, որովհետեւ Ռ. Քոչարյանը բնական իր ձայները չունի, շատ քիչ ունի՝ 7-12 տոկոս, եթե նույնիսկ իշխանական ռեսուրսներն էլ ավելացնենք՝ 20-ից այն կողմ չի անցնում։ Մնում է մի բան՝ պայքարել այլանդակ կեղծիքների դեմ, փափուկ կեղծիքները թող ներվեն»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել