Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼԱՎ ՇՏԱԲԻ ՊԵՏ ԿԼԻՆԻ»

Նոյեմբեր 30,2002 00:00

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼԱՎ ՇՏԱԲԻ ՊԵՏ ԿԼԻՆԻ» Վստահ է Վազգեն Մանուկյանը «Զուտ կազմակերպչական տեսանկյունից (եթե Սերժ Սարգսյանի անձը վերցնենք, ոչ թե պաշտոնը), ես կարծում եմ, Սերժ Սարգսյանը լավ շտաբի պետ կլինի։ Սերժ Սարգսյանի հետ աշխատել եմ, երբ ես պաշտպանության նախարար էի Հայաստանում, ինքը՝ Ղարաբաղում։ Աշխատանքի մեջ ես բավականին բարձր էի գնահատում իր կազմակերպչական ունակությունները։ Այդ տեսակետից որպես անձ, ինքը լավ կկարողանա ղեկավարել։ Ուղղակի, միաժամանակ ինքը պաշտպանության նախարար պիտի չլինի»,- ՄԱԱ-ի երեկվա հյուրը՝ ԱԺՄ նախագահ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսպես բնութագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, չմոռանալով հավելել, որ ինքը դեմ է, երբ պաշտպանության նախարարն է գլխավորում այս կամ այն թեկնածուի (այս դեպքում՝ գործող նախագահի) նախընտրական շտաբը. «ինչ վերաբերում է բանակի միջամտությանը, ցավոք սրտի, այս կամ այն ձեւով դա միշտ էլ տեղի է ունեցել»։ «16»-ի միավորման անդամ՝ ԱԺՄ նախագահը միավորման մասին հետեւյալ կարծիքին է. «16»-ը միասնական քաղաքական ուժ չի։ Դա ավելի շատ կոնսուլտատիվ մարմին է, մեխանիկական սկզբունքով ձեւավորված։ Այն մեծ սպասումները, որ նրանք (ինչո՞ւ է Վ. Մանուկյանն ասում «նրանք», երբ ինքն էլ դեռ միավորման մեջ է.- Մ. Ե.) միասնական թեկնածուով կգնան, ի սկզբանե շատերս ասում էինք, որ դրա հավանականությունը շատ չնչին է։ Ինչքան գնում է, դրա հավանականությունն ավելի ու ավելի չնչին է դառնում եւ ճիշտ չի լինի, եթե հասարակությունը երկրի փոփոխության հիմնական հույսը կապի դրա հետ»։ Միավորման մեջ «ծայրահեղ ձախ թեւի» միավորումը Վ. Մանուկյանը բնական է համարում, մյուս կողմից գտնելով, որ «կենտրոն, կենտրոնից դեպի աջ գտնվող ուժերի, ժամանակակից պետություն ստեղծելու ձգտող ուժերի մեջ բավականին անորոշություններ կան։ Կարծում եմ, մոտակա ժամանակներում այդտեղ կձեւավորվեն ավելի հստակ թիմեր»։ Վ. Մանուկյանը եւս չի սպասում, որ ընտրությունները կլինեն «մաքուր, արդար, բայց խոսքը հետեւյալն է՝ եթե հասարակությանն առաջադրվի թեկնածու, թիմ, քաղաքական նպատակներ, որոնք ոգեւորեն ժողովրդին, ինչպես դա տեղի ունեցավ 90-ականների սկզբին, 96-ին, այդ դեպքում այդ ուժը կարող է ստանալ 70-80 տոկոս ձայն։ Կեղծիք, իհարկե, կլինի, բայց այս դեպքում կեղծիքը հնարավորություն չի տա օգտվել այդ կեղծիքի արդյունքից։ Դա պետք է լինի հույսը»։ Հերոսական որեւէ բանի վրա հույս դնել հարկավոր չէ, հասարակությունը պետք է ձեւավորի այն նպատակները, որի մեջ իրավունք ունի գործել իշխանությունը։ Մամուլի ազգային ակումբն արդեն սկսել է նախագահի թեկնածուների հետ հանդիպումների շարքը։ Վազգեն Մանուկյանն առաջին հյուրի իրավունքն էր ստացել, թեպետ դեռեւս ԿԸՀ չի ներկայացրել թեկնածուական փաստաթղթերը։ «16»-ի միավորման որեւէ միասնական թեկնածուի օգտին Վազգեն Մանուկյանն ակնհայտորեն չի զիջի. «Զուտ միայն միասնությունն ինձ քիչ է հետաքրքրում, առայժմ ես չեմ տեսնում, թե հանուն ո՞ւմ կարող եմ իմ թեկնածությունը հանել։ Բայց եթե տեսնեմ այդպիսի բան, հեշտությամբ ես այդ հարցը կլուծեմ»։ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ ընտրությունների ընթացքի եւ ելքի հետ կապված «բազմաթիվ սցենարներ կան, եւ այդ սցենարներից ո՞րը կիրականացվի, ես կանխագուշակել չէի ուզի»։ Լրագրողներից մեկի հարցին՝ ՀՅԴ-ն կարո՞ղ է դառնալ միակ եւ անփոխարինելի ուժը ընտրությունների արդյունքում, պրն Մանուկյանն այսպես պատասխանեց. «Դաշնակցությունն այդպիսին չի եղել նախորդ տարիների ընթացքում, այդպիսին չի այժմ, եւ առավել եւս այդպիսին դառնալ չի կարող խորհրդարանական ընտրություններում, անկախ նրանից, թե նախագահական ընտրություններն ինչպես կվերջանան։ Այդ ճամբարում այնպիսի ուժեր կան իրար դեմ պայքարող, որ Դաշնակցությունը շատ ու շատ պիտի պայքարի, որպեսզի մի կարեւոր տեղ զբաղեցնի»։ Ունի՞ այլընտրանք Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ Վազգեն Մանուկյանի՝ «այլընտրանք»-ը կարելի է տարբեր իմաստներով ընկալել. «որպես մարդ՝ իր ընդունակություններով Ռ. Քոչարյանը բազմաթիվ այլընտրանքներ ունի, որպես քաղաքական ուղղություն՝ էլի կան այլընտրանքներ, որպես քաղաքական ուժ (քանի որ Հայաստանում պետական լծակները նաեւ քաղաքական ուժ են)՝ իր ուժը հիմա շատ մեծ է»։ Այսինքն՝ որպես քաղաքական ուժ Ռոբերտ Քոչարյանն այլընտրանք չունի։ Եթե դիմացը ձեւավորվի այնպիսի ուժ, ինչպիսին ձեւավորվեց 96-ին, դա արդեն ուրիշ հարց է։ Բնականաբար, նախընտրական շրջանում, այսպես թե այնպես, շոշափվելու է նաեւ «Հոկտեմբերի 27»-ը, բոլորն են հիշում, թե ինչպես ոճրագործության հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, Վազգեն Մանուկյանը հայտարարեց, թե ոճրագործները մի խումբ ֆանատիկոսներ են։ «Առավոտին» հետաքրքրում էր՝ փոխվե՞լ է Վազգեն Մանուկյանի գնահատականը, եւ ի՞նչ է մտածում նա «27»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Պրն Մանուկյանն ասաց. «իսկապես, ես գտնում եմ, որ այդ հնգյակը ոչ թե քիլլերներ էին, որոնց փող էին տվել, որ գային, դա անեին, այլ իրենք ֆանատներ էին, իրենց արածը դրական էին գնահատում։ Դա զգացվում էր իրենց ամբողջ պահվածքից։ Ուրիշ հարց է առաջանում՝ իրենց ֆանատիզմն ինչ-որ մեկն օգտագործե՞լ է, թե՞ ոչ։ Այս հնգյակի ետեւում կա՞ն մարդիկ, որոնք օգտվելով նրանց ֆանատիզմից, իրենց խոսակցություններով դրդել են նրանց այդ քայլին, թե՞ ոչ, մինչեւ հիմա հայտնի չէ։ Բայց ես գիտեմ, որ այդպիսի բաները շատ դժվար է իմանալ, որովհետեւ ֆանատիկոսներն էլ նույնիսկ եթե գիտակցում են, որ մեկն իրենց դրդել է, աշխատում են դրա մասին չխոսել, որովհետեւ հակառակ դեպքում իրենք իրենց քիլլեր կզգան։ Այդպիսի բաները շատ դժվար են բացահայտվում։ Ինչ վերաբերում է դատավարությանը, դատավարության ժամանակ իսկապես որոշ տարօրինակ բաներ կան, բայց ես չեմ կարողանա մեկնաբանել, թե դա ինչ է նշանակում»։ «Առավոտի» հաջորդ հարցը՝ ընտրությունների առիթով «կռիվ- կռիվ»-ի կամ քաղաքացիական պատերազմի հնարավորությունը որքանո՞վ է ռեալ, ըստ Վազգեն Մանուկյանի։ Նա չի տեսնում այնպիսի իրավիճակ, որը կբերի քաղաքացիական պատերազմի. «ֆիզիկական ճանապարհով իշխանություն փոխելը ոչ մի լավ բանի չի բերի։ 96 թվի համար ինձ շատ են մեղադրում, թե ինչո՞ւ մինչեւ վերջ չգնացի, այսինքն՝ անզեն ժողովրդին ինչո՞ւ չտարա զինված ջոկատների եւ բանակի դեմ։ Ես կարծում եմ, որ եթե դա կատարվեր, մեր պետությունը կգլորվեր հետ եւ ոչ թե առաջ։ Եվ այն մարդիկ, որոնք չեն հասկանում դա, այս պետության գլխին կարող են մի օյինբազություն բերել։ Բայց մյուս կողմից էլ ես կարծում եմ, որ այդ հայտարարությունների մեջ ավելի շատ հռետորիկա է, քան՝ գործողությունների ծրագիր»։ Նարինե Մկրտչյանի հարցը կանխեց իմը՝ «Բայց համագումարում հայտարարեցիք, թե այս անգամ մինչեւ վերջ եք գնալու»։ Վազգեն Մանուկյանը փորձեց բացատրել. «մինչեւ վերջ»-ը չի նշանակում՝ գնալ քաղաքացիական պատերազմի, չի նշանակում՝ անզեն մարդկանց ուղարկել զինված մարդկանց դեմ։ «Մինչեւ վերջ»-ը նշանակում է՝ կամք, վճռականություն, հետեւողականություն»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել