Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՊ ՉՈՒՆԻ՝ ՈՎ է ՆԱԽԱԳԱՀԸ»

Նոյեմբեր 30,2002 00:00

«ԿԱՊ ՉՈՒՆԻ՝ ՈՎ է ՆԱԽԱԳԱՀԸ» Ամեն ինչ անում ենք Հայաստանի համար, ոչ թե նախագահի Oրերս դարձյալ Երեւանում էր Ռուսաստանի հայերի միության նախագահ, խոշոր գործարար Արա Աբրահամյանը: Այս այցի նպատակը, սակայն, իր ներկայացմամբ՝ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը չէր, որի գործընթացներում Ա. Աբրահամյանը մեծ դեր ունեցավ: – «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի իրականացման ժամանակ նշվեց, որ դուք եք իրականացնելու դրանց կառավարումը: – Դա դեռ հարց է, եթե ուրիշները կհամաձայնեն, ես մեծ ուրախությամբ… Իմ դերը նրանում էր, որ այս գործարքը կատարվեր եւ շահավետ լիներ թե՛8217 Հայաստանի, թե՛8217 Ռուսաստանի համար: Այդ ամենը մնալու է Հայաստանում, ռուսական ներդրումները կավելանան, մարդիկ կաշխատեն: Ամենակարեւորը, որ հիմա պիտի լինի պատասխանատու մարդ, որ իր վրա վերցնի այս գործը, ինչպես այս էտապում ես վերցրի ինձ վրա: Գործարքում մութ մասեր չկային, թափանցիկ էր: Կա գործարքի երկրորդ՝ փակ մասը, ու ստորագրել են երկու երկրների Անվտանգության կոմիտեները եւ վարչապետերը: Միջազգային օրենքով փակ պայմանագրեր են ստորագրում, որը, իմ իմանալով, շատ շահավետ էր Հայաստանի համար: Հետագայում կիմանանք, թե ինչ պատմական քայլ կատարեցինք մենք: Փոխշահավետ գործարք էր: Հայաստանը ստացավ Ռուսաստանի կողմից ներդրում, Ռուսաստանի հետ ամրապնդեց տնտեսական կապերը: Քաղաքական, ռազմական կապեր կային Հայաստանի հետ, բայց տնտեսական կապ չկար: Կբացվեն աշխատատեղեր: Բիզնեսը կստիպի, որպեսզի տրանսպորտային կապերը աշխատեն, որ Վրաստանը նման գներ չվերցնի, բացի երկաթուղին, ներդրումներ լինեն: Բացի այն, որ սա մեծ ներդրում է, մեկ է, այդ պարտքը պետք է տայինք: Հիմա շատ կարեւոր է այդ գործարաններն աշխատեցնելը, որը, ճիշտ է, Ռուսաստանի խնդիրն է, բայց Հայաստանի դերը մեծ է: – «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի պայմանագրերի կնքման ժամանակ ՌԴ ՊՆ փոխնախարարը եւ ՀՀ պաշտպանության նախարարը կնքեցին նաեւ մի քանի պայմանագրեր, որոնց բովանդակությունը գաղտնի է պահվում, ի՞նչ էին դրանք: – Եթե մի բան գաղտնիք է, ուրեմն գաղտնի պիտի մնա: – Պարտքերի մարման այս ձեւը վատ նախադեպ չի՞ դառնա. օրինակ Համաշխարհային բանկին էլ պարտքեր ունենք, ինչո՞վ ենք մարելու, ի՞նչն ենք տալու: – Հարցի նման ձեւակերպմանը համաձայն չեմ: Եթե այս պարտքը չփակեինք, ՀԲ-ին առաջարկեինք այս գործարանները եւ գումար էլ ավելացնեինք, դարձյալ չէր վերցնի: Եվ սա չի նշանակում, որ եթե այս պարտքը այս ձեւով ենք մարել, ուրեմն մնացած գործարքներն էլ նույն ձեւով պիտի կատարվեն: Հո ինկուբատո՞ր չի: Ամեն ինչին ինդիվիդուալ մոտեցում պետք է լինի, խորապես ուսումնասիրվի: Նման գործարաններ Ռուսաստանում տասնյակ հարյուրներով կան, դրանցից կարող են գնել 100-150 հազար դոլարով: Նորիլսկի նիկելի գործարանը, որ 18 մլն քմ է՝ գետնի տակ կառուցված, գնել եմ 80 մլն դոլարով, ուրեմն պատկերացրեք, թե Հայաստան-Ռուսաստանինը ինչ փոխշահավետ գործարք է: Եվ, վերջապես, այս գործարանները գնելու համար մարդիկ հերթ չէին կանգնել, ու մենք տվեցինք Ռուսաստանին: Պարտք վերցնելուց առաջ պետք է դրա մարման պլանն ունենալ: Սա Հայաստանի համար միայն պարտքի մարում չէ, այլ սա նաեւ նշանակում է, որ Հայաստանը նոր պարտքեր կարող է վերցնել՝ իբրեւ պարտաճանաչ պարտքեր մարող երկիր: Խնդիրը Ռուսաստանը չէ, համաշխարհային պրակտիկայով, եթե Հայաստանն այս պարտքը չմարեր, ՀԲ-ն էլ իրեն փող չէր տա, քանզի մյուսին չի տալիս: – Ռուսաստանի հայերի միությունը ի՞նչ միջամտություն է ունենալու ՀՀ նախագահական ընտրություններում: Լուրերի համաձայն՝ գործող նախագահի թեկնածությունն եք պաշտպանելու: – Բոլորս ՌԴ քաղաքացիներ ենք, ընտրություններին չենք մասնակցելու: Միայն կարող ենք ունենալ ցանկություններ: Առայժմ ոչ մի թեկնածուի ծրագրին ծանոթ չեմ, որ կարծիք հայտնեմ: Ամենակարեւորը, որ թափանցիկ, խաղաղ ու արդար ընտրություններ լինեն: Մենք մի մարդու, նախագահի համար չենք աշխատում, այլ ժողովրդի: Հայերի միությունը ռեալ ուժ է թե՛8217 Ռուսաստանում, թե՛8217 Հայաստանում, բայց որոշում չենք կայացրել, թե կոնկրետ որ թեկնածուին ենք պաշտպանելու: Ում կընտրեն ՀՀ քաղաքացիները, նրա հետ էլ կաշխատենք, մեր գլխի վրա տեղ կունենա: Մենք իրավունք չունենք ՀՀ նախագահի հետ չաշխատելու: – Ինչպես միշտ, փոքր երկրների ճակատագիրը որոշում են մեծ տերությունները: Այս դեպքում ՀՀ բախտն ու նախագահի ով լինելը կախված է Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: – Միշտ այդպես է, փոքր երկրների վրա մեծ տերություններն ունենում են ազդեցություններ: Կարեւորն այն է, որ փոքր տերություններն իրենց հստակ տեղն ունենան, որ ուրիշները մեր փոխարեն որոշումներ չկայացնեն: Եթե Հայաստանը կարողանա իր ուրույն տեղն ունենալ համաշխարհային գործընթացներում, թեկուզ փոքր, բայց իր ուրույն տեղը՝ իր չափով… Իսկ դա բխում է նախագահի ճիշտ կառավարման մեթոդներից եւ օրենքներից: Բիզնեսում էլ նույնն է: Պետք է շատ ճկուն լինել: Մենք ամեն ինչ անում ենք Հայաստանի համար, երկու ժամ պետք կլինի մեր այստեղ կատարած գործերը թվելու համար, սկսած՝ համալսարանից, աշխատատեղերից, տարբեր բնագավառների աջակցումից: Դա անում ենք ու ավելին ենք անելու: Մենք անում ենք Հայաստանի համար: – Հայտնի է, որ մտադիր եք ստեղծել նաեւ Համաշխարհային հայերի միություն: Ինչպե՞ս կվերաբերվեն դրան ՀՀ իշխանությունները: – Այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ ենք կատարում: Հայերի միության օրերին այստեղ էինք եւ տպավորությունն այնպիսին էր, որ ամեն օր Երեւանում նման հավաքներ են լինում, ու ոչ ոքի պետք չի: Մոսկվայի մեր կոնֆերանսին 40 երկրից մարդիկ կային, ստեղծվեց կազմկոմիտե, որպեսզի հայերի համաշխարհային մի կառույց ստեղծվի: Կազմկոմիտեի նախագահ ինձ են ընտրել, մենք դա անպայման կստեղծենք: Սա նոր մոդել է, մենք ո՛չ փող ենք հավաքելու ժողովրդից, ո՛չ էլ դեմ ենք բոլորին: Սա կմիացնի ու կուժեղացնի հայությանը: Աշխարհում մենք շատ հարցերից ենք հետ ընկել մեր բացակայությամբ: Մի այլ ցեղասպանություն ենք ապրել՝ իրարից տեղյակ չլինելով: Այս միության ստեղծումը մեծ պատասխանատվություն է: Դա քաղաքական, տնտեսական ու մշակութային մեծ ուժ կլինի: Դա մեծ ուժ կդառնա՝ ուղղված Հայաստանի ապագային: Միասնական ուժերով կարող ենք միջազգային ատյաններում հանդես գալ: Շատերն ասում են՝ դեռ ժամանակը չի: Իրենց ձեռնտու չի կամ խելքներին չի հասնում, դրա համար են ասում: Վախենում են, որովհետեւ մեծ ուժ է դառնալու: – Վախենում են, որ հետո քաղաքականությո՞ւն կարող է թելադրել: – Չի կարող քաղաքականությամբ չզբաղվել: Ես այսօր ռեալ ուժ եմ ներկայացնում իմ երկրի մեջ, կարող եմ նախագահ ընտրել կամ չընտրել, գուբերնատոր ընտրել-չընտրել, Կրասնոդարի ընտրություններն են, եւ մենք էլ մեր թեկնածուն ունենք, հույս ունենք, որ առաջին անգամ մեր դեպուտատները կունենանք այնտեղ: Այսօր ՌԴ նախագահն էլ չի կարող մեզ հետ հաշվի չնստել. մենք ՌԴ քաղաքացի ենք, ապա՝ հայ ենք: Թող լինի մի մեծ, հզոր եւս մի ուժ, դա վա՞տ կլինի: Եթե մեկը որոշում է, որ դա վատ է, դա իր խնդիրն է, եւ մեկ անձով չի որոշվում, ժողովուրդը կորոշի: Հոկտեմբերին համաշխարհային հայության համագումարն է լինելու, ինչպես կորոշվի՝ այնպես էլ կլինի: Սա անկախ է լինելու: – ՀՀ իշխանությունները դե՞մ են: – Այսօր չեմ կարող ասել, թե դեմ են. Հայաստանից մեր կոնֆերանսին մի շարք պետական այրեր էին մասնակցում: Այս առիթով շուտով այց եմ կազմակերպելու, նախագահի հետ էլ պետք է խոսեմ, ինձ թվում է՝ նորմալ կընկալվի: Առողջ ուժը չի կարող չզգալ նման հզոր ուժի անհրաժեշտությունը: Այժմ հայերի միությունը դարձյալ մեծ ուժ է, տեղյակ եք երեւի, թե Կրասնոդարի հայտնի դեպքերի ժամանակ ինչ դեր խաղաց: Գուբերնատորի, քաղաքապետի հետ քննարկում ենք՝ ինչպես անել: Ամեն օր աշխատում ենք, որ հաշվի առնեն մեր ուժը, բարձրացնենք հայերի հեղինակությունը: Հայերի միությունն այսօր 140 մասնաճյուղեր ունի քաղաքներում, 67՝ մարզերում, մենք ներկայացում ենք 2,5 մլն հայություն, ամեն հայ մեզ համար հայ է: Մոտ 150000 հայեր ունենք այնտեղ, որ չգիտեն ինչպես գտնել իրենց տեղը: Մոտ 300 հազար հայեր կան, որ քաղաքացիության խնդիրներ ունեն: Այս 300 հազարը նրանք են, որ ապրել են Ռուսաստանում, գրանցված են, բայց չեն կարողանում անձնագրերը փոխել… Մեր միությունն այնտեղ շատ խնդիրներ է լուծում հայերի համար: Այս ամենը մենք անում ենք բոլո՛ր հայերի համար: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել