Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԳԱՆՔԸ՝ ՄԻ «ՍՏՐԻԺԿԱ»

Նոյեմբեր 29,2002 00:00

ՏՈՒԳԱՆՔԸ՝ ՄԻ «ՍՏՐԻԺԿԱ» Վարսավիրանոցների ու գեղեցկության սրահների դեֆիցիտ Երեւանը կարծես չունի։ Օրեցօր նորանոր գեղեցիկ ու շքեղ սրահներ են բացվում, իսկ ծայրամասերում բացվածներն, ընդհակառակը, հեռու են սահմանված չափանիշներին համապատասխանելուց։ Բավական է գրանցվել, տեղավորվել փոքրիկ կրպակում, նրա ճակատին էլ տեգոր կամ եղբոր՝ գեղարվեստի ուսումնարան ավարտած տղայի ձեռքով խզմզել «Գեղեցկության սրահ» եւ վերջ՝ կարող ես սկսել հարդարիչ գործունեությունդ։ Չնայած դա էլ է քիչ։ Մոռացանք մյուս անհրաժեշտությունների մասին՝ մի քրտնած-խամրած հայելի, անպայման ներկից կարմրած պլաստմասսայե բաժակ՝ սանրերով, մկրատ, ֆեն եւ սինթետիկ գործվածքի ներկոտ կտոր՝ հաճախորդի պարանոցին փաթաթելու համար։ Մնում է միայն այցելուի ցանկությունը՝ եւ «միլիրովկան», «ֆիլիրովկան», կտրում-ներկումը, մանիկյուր-պեդիկյուրը պատրաստ է։ Իսկ համապատասխան «գործիքների» ախտահանումը, մաքրում-լվացումը, բնականաբար, կասկածների տեղիք է տալիս։ Նախ, գեղեցկության սրահներից շատերում նորմալ ջրամատակարարում չկա, եւ հետո ո՞ր վարսահարդարն ու մանիկյուր անողը իր «կլիենտների» շարանը թողած՝ խարտոց-մկրատ կախտահանի ու կլվա։ Իսկ ըստ որոշ տեղեկությունների, քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ գեղեցկության սրահներից սնկային հիվանդություն են ժառանգում։ Առողջապահության նախարարության Հիգիենիկ եւ համաճարակային տեսչության պետի տեղակալ Մարիետա Բասիլիսյանից տեղեկացանք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում տարբեր խախտումների համար 147 տուգանք է սահմանվել եւ նման օբյեկտների գործունեության դադարեցման 11 որոշում է կայացվել։ Թվերն, ինչ խոսք, խոսուն են, բայց այստեղ նաեւ զավեշտ կա. գեղեցկության սրահների, վարսավիրանոցների պատասխանատուների նկատմամբ կիրառվող ընդունված պատժամիջոցը ընդամենը 1000-1200 դրամ տուգանքն է։ Այսինքն, ճիշտ այնքան, որքան մեկ հոգին վճարում է մազերը կտրելու համար։ Ըստ Բասիլիսյանի, այդ «տույժաչափը» առաջիկայում գուցե կհասնի մինչեւ 100 հազար դրամի։ Բայց դա այն ժամանակ, երբ առողջության անվտանգության պահպանման խնդիրները սահմանող նորմատիվ բազան վերանայվի, արդիականացվի եւ տեսչությունը «վերջապես ստանա գրանցված նորմատիվ հայկական դաշտը»։ Ի դեպ, Մ. Բասիլիսյանը չբացառեց վրիպումները վարսավիրանոցների հիգիենիկ իրավիճակի վերահսկման ընթացքում, ինչը արդարացրեց «Ստուգումների մասին» օրենքով եւ իրենց մասնագետների խիստ զբաղվածությամբ։ «Ստուգումները կատարվում են «Ստուգումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Մենք ամեն օր ամեն օբյեկտում չենք կարող լինել, դրա համար էլ ընտրանքային ուսումնասիրություն ենք կատարում։ Բացի այդ, ամեն տարածքին մեկ, լավագույն դեպքում՝ 2 բժիշկ է կցված, որը, բացի վարսավիրանոցների հիգիենիկ վիճակը վերահսկելուց, նաեւ պետք է բուժկանխարգելիչ հիմնարկների նկատմամբ հսկողություն իրականացնի, շրջակա միջավայրի ջրամատակարարման հարցերով զբաղվի եւ այլն»,- պարզաբանեց տեսչության պետի տեղակալը։ Այսինքն, նա անուղղակիորեն հաստատեց, որ, իսկապես, վարսավիրանոցները ակամա բարձիթողի վիճակում են հայտնվել, իսկ առաջիկայում, ըստ նրա, հեղաշրջում չի սպասվում, թեեւ տեսչության կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման ու որոշ փոփոխությունների խոստում տվեց։ Մ. Բասիլիսյանը չմոռացավ նաեւ բնակչությանը (հատկապես նրա կրթված եւ ուսյալ մասին) կոչ անել՝ անձամբ պաշտպանել սեփական առողջության իրավունքը եւ թույլ չտալ, որ չախտահանված ու անմաքուր գործիքներով նպաստեն իրենց գեղեցկանալուն։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել