Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգովին շաբաթօրյա՛կ են անում»

Նոյեմբեր 29,2002 00:00

«Ազգովին շաբաթօրյա՛կ են անում» Այսպես արձագանքեց Էդուարդ Աղաջանովը, «Սոցիալական մոնիտորինգի եւ վերլուծության համակարգի ստեղծումը» ՄԱԶԾ եւ ՀՀ կառավարության ծրագրերից մեկի համակարգող Աստղիկ Միրզախանյանի հետեւյալ մտքին՝ «աղքատությունն ազգային խնդիր է, եւ ժողովուրդը պատրաստ է այն ազգովին լուծել եւ ծրագիրն էլ ազգովին կազմել»։ Իսկ հանդիպման առիթը նշված ծրագրի ղեկավարների եւ «Վարկած» վերլուծական-ինֆորմացիոն կենտրոն» հասարակական կազմակերպության՝ «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) քաղաքական վերլուծություն եւ ԱՀՌԾ-ի իրագործումը տարածաշրջանային գործընթացների հեռանկարների ու հիմնահարցերի նոր աշխարհաքաղաքական պայմաններում» թեմայով հրավիրված քննարկումներն էին։ «Վարկած» կենտրոնի ներկայացուցիչ Էդուարդ Սիմոնյանցը նկատեց. «Ծրագիրն այն է, որտեղ վերջնական նպատակ է դրվում ու դա անպայման պետք է բխի երկրի սոցիալ-տնտեսական զարգացումից»։ Հիմնավորելով ծրագրի իրագործման համար որդեգրած սկզբունքները, Աստղիկ Միրզախանյանը, ի հեճուկս այդ մտքի, հետեւյալ կարծիքը հայտնեց. «Աշխարհը մի քիչ փոխվել է եւ շուկայական տնտեսության մեջ լինելով՝ մեր ծրագրերը չեն կարող խորհրդային շրջանից ժառանգություն ստացած այսպիսի մտածելակերպին համահունչ լինել։ Հնարավոր չէ սոցիալական եւ տնտեսական ոլորտների զարգացումը պլանավորել մինչեւ վերջ, քանզի դրանք հիմնականում մասնավորի ձեռքում են, եւ պետությունը ադմինիստրատիվ լծակներ չունի»։ Այս ամենով, փորձ է արվել «գոնե նշմարել զարգացման որոշակի ուղղություններ»։ Գերնպատակն, ըստ տիկին Միրզախանյանի, աղքատության հաղթահարումն է, որին ծառայեցվել են ողջ սոցիալ-տնտեսական եւ այլ ուղիները։ «Խնդիրը ձեւափոխել ենք»՝ տիկնոջ դիտարկմանը «Սխալն այդ է եղել» ռեպլիկը նետեց Էդ. Աղաջանովը։ Եվ ստացավ «Եթե սխալ է եղել, մինչ այդ մեր պետությունն ունեցել է սոցիալ-տնտեսական զարգացման պլան, որը 1996-ին Սահմանադրությամբ հանեցիք՝ ինչո՞ւ» պատասխանը։ «Եթե յուրաքանչյուր անձ՝ թե՛ իբրեւ քաղաքացի, թե՛ ի պաշտոնե, սկզբունքորեն կանգնի այս խնդրի լուծմանը՝ ամեն ինչ կհաջողվի»,- համոզված է Աստղիկ Միրզախանյանը։ «Աղքատությունը հետեւանք է եւ ոչ թե պատճառ»,- իր ելույթի հիմնաքարը, ըստ Էդուարդ Աղաջանովի, պետք է ԱՀՌԾ-ի հիմքում էլ լինի։ «Աղքատությունը մեր տնտեսական իրավիճակի հետեւանք է, եւ մեր դժբախտությունն այն է, որ խոսում ենք մանր եւ միջին բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլնի զարգացման մասին՝ տնտեսական ու քաղաքական ծրագրերից դուրս։ Այդպես էլ ցանկանում ենք աղքատությունը հաղթահարել՝ մեր տնտեսական իրականությունից դուրս։ Մինչդեռ տնտեսությունը մեզ պետք է թույլ տա աղքատություն հաղթահարել, դրա հիմքում կոնկրետ տնտեսական ծրագիր պետք է լինի, ինչը մեր պետությունը չունի։ Մենք ռեսուրսներ չունենք, ուստի պետք է այնպիսի մոդել ներդնենք, որը ի վիճակի է աղքատությունը հաղթահարել։ Դա պետք է երկրի սոցիալ-տնտեսական ծրագրի մի մասը կազմի, ոչ թե հակառակը, որն այսօր ներկայացվում է»,- կարծում է տնտեսագետ Էդ. Աղաջանովը։ Վիճծառայության նախկին պետի (Աղաջանով) եւ նախկինում իր տեղակալի (Միրզախանյան) այս սկզբունքային մասնագիտական վեճին միջամտեց ԱՀՌԾ աշխատանքային խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը. «Աղքատությունը միայն տնտեսական խնդիր չէ։ Հայաստանում դրա պատճառներից մեկը օրինականության ցածր մակարդակն է, կառավարման, գրագիտության դեֆիցիտը։ Մեր երկիրը աղքատ չէ, ավելին, հարուստ է, նույնիսկ հազվագյուտ ռեսուրսներով (ջուր, արեւ)։ Այս ծրագրում մենք մոտեցումներ ենք ամրագրել, այո՛, կոնկրետ ծրագրեր չկան եւ նման քննարկումների նպատակը դրանք պարզաբանելն է»։ Ներկայիս փաստաթղթում, ըստ Լ. Ալավերդյանի, մի դրական փաստ է առկա. «Հասարակությունը ստիպել է Համաշխարհային բանկին, վերջինս էլ վերանայել է իր խաղի կանոնները ՀՀ կառավարության հետ»։ «Մենք այսօր պատրաստ չենք զարգացման ծրագիր տալ,- խոստովանեց տիկինը,- բայց գոյատեւման մոտեցումներից պե՛տք է անցնենք զարգացման, եւ այդ հնարավորությունները պետք է կառավարությունը տա»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել