Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՎԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է

Նոյեմբեր 29,2002 00:00

ՀՐԱՎԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է ՀՀՇ-ն ժամանակին չէր ընդունել ԱԺՄ եւ ՀԺԿ համագումարներին մասնակցելու հրավերը, ուստի զարմանալի չէր, որ Ստեփան Դեմիրճյանն էլ իր հերթին չէր արձագանքել ՀՀՇ համագումարին ներկա լինելու հրավերին: Ի դեպ, հրավեր ուղարկվել էր միայն ՀԺԿ նախագահին եւ «Հանրապետության» առաջնորդին: Արամ Սարգսյանն էլ դարձավ այդ համագումարի միակ հյուրը, եթե հաշվի չառնենք ՀՀՇ-ից սերած կուսակցությունների ղեկավարներին: Երբ համագումարի սկզբում պարզվեց, որ չկան ողջույնի խոսքով հանդես գալու ցանկություն ունեցողներ, «Առավոտը» դիմեց նրան՝ պարզելու, թե արդյո՞ք լռելու պատճառն այն չէր, որ զգուշանում էր, թե այն կդառնա քաղաքական շահարկումների առարկա: «Բացարձակապե՛ս: Եթե զգուշանայի՝ չէի գա համագումարին»,- պատասխանեց պրն Սարգսյանը: Մեր մյուս հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ թեեւ ինքը չէր բացառել, թե «Հանրապետությունը» կարող է պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը՝ առաջին նախագահն, այնուամենայնիվ, որոշեց ձեռնպահ մնալ առաջադրումից, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարող հիմա ասել՝ ինքը որոշե՞լ է, թե՞ չի որոշել: Երբ հստակ որոշած կլինի, որ չի մասնակցելու՝ այն ժամանակ կասեմ կարծիքս»: Լրագրողների խնդրանքով գնահատելով ՀՀՇ-ի՝ որպես քաղաքական ուժի դերակատարությունը, պրն Սարգսյանն ասաց. «Կարծում եմ՝ ՀՀՇ-ն Երրորդ Հանրապետության ստեղծման գործում կարեւորագույն դեր ունի, եթե չասենք, որ հիմնադիրներից է: Կցանկանայի, որ ներկա քաղաքական դաշտում լինեին ավելի ակտիվ»: Նաեւ ասաց. «Չեմ տեսնում որեւէ պատճառ, որի համար ես պիտի համագումարի հրավերը չընդունեի»: Մեր հարցին, թե արդյո՞ք նման պատճառ չէ «16»-ի կուսակցությունների զգալի մասի ընդգծված անհանդուրժողականությունը ՀՀՇ-ի հանդեպ, որը ստիպեց անգամ նրանց վերջին համագումարներն անցկացնել ոչ այնքան գործող, որքան նախկին իշխանությանը քննադատելով, պրն Սարգսյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր մոտեցումը: Մեր կուսակցությունը չունի նման մոտեցում, եւ «Հանրապետության» համագումարներում չեն հնչում նման բաներ»: Սակայն ընտրություններին «Հանրապետության», ՀԺԿ-ի եւ ՀՀՇ-ի համագործակցաբար մասնակցելու հեռանկարն Արամ Սարգսյանը համարեց անհնարին: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել