Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնապետության դեմքը

Նոյեմբեր 29,2002 00:00

Բռնապետության դեմքը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միայնակ բռնապետություն հաստատել չի կարող, նրան օգնում են ծառայամիտ պետական պաշտոնյաներ, չինովնիկներ, նաեւ կուսակցություններ: ՀՅԴ-ն գաղտնի գերագույն ժողով հրավիրեց եւ որոշեց պաշտպանել Ռ.Քոչարյանի թեկնածությունը: Արտաքուստ արդեն նկատելի է ՀՅԴ-Ռ.Քոչարյան օրգանական կապը. առաջինը՝ ի հեճուկս ՀՀ Սահմանադրության, գաղտնի ժողով է անում, երկրորդը՝ ի հեճուկս ՀՀ Սահմանադրության, առաջադրում է իր թեկնածությունը: Կարելի է ասել, որ ՀՅԴ-ին խորթ էին Երրորդ Հանրապետության արժեքները: 1994-ին իշխանությունների կողմից ՀՅԴ-ին հասցեագրվեցին մի շարք մեղադրանքներ, եւ այդ կուսակցության գործունեությունը Հայաստանում արգելվեց: 1998-ին Ռ.Քոչարյանի ջանքերով ՀՅԴ գործունեությունը վերստին օրինականացվեց, սակայն չհերքվեցին կասկածներն այն մասին, որ հակառակ ՀՀ Oրենսդրության պահանջներին՝ կուսակցության ղեկավար մարմինը գտնվում է արտերկրում կամ՝ որ ՀՅԴ-ն ֆինանսավորվում է դրսից: Ավելին՝ ՀՅԴ ազատազրկված անդամները ազատության մեջ հայտնվեցին ոչ այն բանի շնորհիվ, որ դատարաններում հիմնավորեցին իրենց մեղսակցության բացակայությունն այս կամ այն ահաբեկչական գործողությանը: ՀՅԴ-ին լեգիտիմիզացրեց ոչ լեգիտիմ Քոչարյանը: ՀՅԴ-ն սիրում է կրկնել, թե ինքն անմասն է ընտրական կեղծիքներից: Իրականում ակնհայտ է, որ այդ կուսակցությունն անմիջական մասնակցություն է ունեցել 1998-ի ողջ պրոցեսին: Անշուշտ, ՀՅԴ-ին հատուցել են. կառավարության երեք անդամ դաշնակցական է, դրան գումարած՝ նախագահի աշխատակազմի ղեկավարն ու մեկ մարզպետ: Էլ չհաշվենք փոխնախարարներին, վարչության պետերին եւ մյուս բացահայտ ու ծպտյալ ընկերներին: Իհարկե, իշխանությունում «ընկերների» թիվը կարող է աճել, եթե «Առագաստ»-ի գազանությունը կրկնվի, եւ ՀՅԴ-ն «բազառ» անելու նոր շանս ստանա: Սակայն դաշնակցական կամ նախկին դաշնակցական են ոչ միայն գործադիր իշխանության որոշ ներկայացուցիչներ: ՀՅԴ նախկին անդամներ են նաեւ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունն անմիջականորեն իրականացրած հինգ մարդասպաններից երեքը: Այս հանգամանքը, ինչպես նաեւ՝ ՀՅԴ հակասական կեցվածքն ու դաշնակցականամետ ԶԼՄ-ների սուբյեկտիվ գնահատականները «Հոկտեմբերի 27»-ին, հասարակական միջավայրում կասկածներ ծնեցին ավանդական կուսակցության հանդեպ: ՀՅԴ-ի առաջարկած հուշագիրը՝ «ազատ, արդար ընտրություններ» կարգախոսով, ընդամենը հասարակության աչքին թոզ փչելու փորձ էր, որովհետեւ ՀՅԴ-ն իրականում չի ձգտում օրինական ընտրությունների: Թեկուզեւ միայն այն պատճառով, որ պաշտպանում է նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք չունեցող Ռ.Քոչարյանին: Հավանաբար ՀՅԴ-ն լուրջ պրոբլեմներ ունի ՀՀ Օրենսդրության հետ եւ իրեն կարող է ապահով զգալ միայն այն դեպքում, երբ երկրում իշխում է անօրինական նախագահ: www.hanrapetutyun.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել