Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՄՆԱՑ ԱՆՇԱՐԺ

Նոյեմբեր 29,2002 00:00

ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՄՆԱՑ ԱՆՇԱՐԺ Եթե մինչ այժմ տեղի ունեցած համագումարների առանցքն ապագա նախագահական ընտրություններում կուսակցությունների դիրքորոշումներն էին՝ ՀՀՇ 13-րդ համագումարում առավել երեւակվեցին ներկուսակցական խնդիրները: ՀՀՇ վարչության արդեն իսկ նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյանն իր զեկուցման մեջ շեշտեց, որ «միայն եւ միայն իշխանափոխության միջոցով» կարելի է Հայաստանը վերադարձնել իր զարգացման բնականոն հունին, «որը դադարեցվեց պետական հեղաշրջման միջոցով 1998-ին»: Համագումարի ընդունած բանաձեւում արձանագրված էր. «ՀՀՇ-ի ամենաանհաշտ ընդդիմադիր ուժերն անգամ բարձրաձայն խոստովանում են, որ առաջիկա ընտրությունները քաղաքական բնույթ կունենան եւ պայքարը գաղափարական հիմքի վրա կտեղափոխվի միայն ընտրություններին ՀՀՇ-ի ակտիվ մասնակցության դեպքում»: Սակայն արդյոք ՀՀՇ-ն փորձելո՞ւ է հասնել իշխանափոխության, նախագահական ընտրություններին ներկայանալո՞ւ է սեփական թեկնածուով. այս (ի դեպ, համագումարի օրակարգում չընդգրկված) հարցերի պատասխաններն Ալեքսանդր Արզումանյանի զեկուցման մեջ շրջանցվեցին. «Մենք դեռ ունենք մեկ շաբաթ՝ նախագահական ընտրություններում մեր մասնակցության ձեւը եւ պրոցեդուրան որոշելու համար: Ցայսօր ՀՀՇ-ն դեռեւս վերջնականապես չի կողմնորոշվել նախագահի թեկնածություն առաջադրելու կամ այս կամ այն առաջադրված նախագահի թեկնածությունը պաշտպանելու հարցում: Դա բացատրվում է ոչ նրանով, որ համապատասխան որակներ ունեցող թեկնածուներ ՀՀՇ-ի կազմում չկան. փառք Աստծո, կարծում եմ, դահլիճի առնվազն կեսը կարող է հավակնել հանրապետության նախագահի պաշտոնին, եթե համեմատության մեջ դնենք այս դահլիճի որակը թե՛ ինտելեկտուալ, թե՛ փորձի, եւ թե՛ պետություն կառավարելու առումով այսօր առաջադրվող մի շարք թեկնածուների հետ: Այնպես որ, խնդիրն այդ չէ, այլ այն, թե ինչքանո՞վ այս առաջադրումների շարքը կարող է աշխատել Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանությունից կառչած մնալու գործընթացի օգտին»: Ալեքսանդր Արզումանյանը մի հարցադրում էլ ներկայացրեց. «Պատրա՞ստ ենք մենք արդյոք թեկնածու դնելով եւ վստահ չլինելով, որ Քոչարյանը կհեռանա՝ ցուցաբերել նման արկածախնդրական մոտեցում»: Նաեւ հիշեցրեց, որ ՀՀՇ կանոնադրության համաձայն՝ թեկնածու առաջադրելու կամ պաշտպանելու որոշում կայացնելը վերապահված է վարչությանը: Իհարկե, կարեւոր կլիներ լսել այս խնդիրների վերաբերյալ ՀՀՇ թեկնածուի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, կարծիքը: Սակայն թեեւ համագումարի շուրջ 400 պատվիրակներից բազմաթիվ ելույթ ունեցողներն անընդհատ խնդրում էին առաջին նախագահին, որ արտահայտվի՝ մուսալեռցու համառությամբ նա շարունակում էր լռել: Աշոտ Բլեյանն անգամ «սպառնում» էր, թե կդիմի դատարան, որ դատարանը վերականգնի ընտրելու իր իրավունքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ճանաչելով պատասխանող. «Տեսնեմ այդ ժամանակ ո՞նց չի խոսելու»: Թեեւ նաեւ վստահ էր, որ դատարանը մի 2 ամիս կձգձգի գործի քննությունը՝ մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը: Այս համագումարի առանձնահատկությունը սակայն դարձավ այն, որ ոչ վաղուց ՀՀՇ-ին վերաձուլված «21-րդ դար» կուսակցության ներկայացուցիչները, «Արմատում» հանգրվանած ՀՀՇ-ականները, անգամ ՀՀՇ-ի կազմից վաղուց դուրս եկած կազմակերպությունների ղեկավարները խիստ քննադատության ենթարկեցին ՀՀՇ վարչության վերջին տարիների գործունեությունը: Առաջինը նման ելույթով հանդես եկավ Երջանիկ Աբգարյանը՝ նշելով, թե ՀՀՇ-ն պիտի գործեր ավելի ակտիվ. «Այն իրադրության մեջ, երբ երկրի իշխանությունն անցել է այնպիսի քաղաքական ուժերի ձեռքը, որոնք ամեն օր կանխատեսելի սխալներ են թույլ տալիս՝ մեր պասիվությունն արդարացված չէ. պետք է ընթանայինք ակտիվ եւ մարտնչող ուղղությամբ: Դժբախտաբար, ստիպված եմ արձանագրել, որ դա այդպես չեղավ»: Նա պնդեց, թե նորընտիր վարչությունը պետք է վերանայի գործելակերպը. «Պետք է անմիջապես արձագանքել երեւույթներին: Դժբախտաբար, Աստված տվել՝ չի խնայել, Քոչարյանի համակարգն ամեն օր թույլ է տալիս հազար ու մի սխալներ ու անբարոյականություններ: Ժողովրդի քվեն նորից ստանալու համար մենք այս պասիվ, անատամ քայլերով չենք հասնի ոչնչի»: Ի դեպ, Արտաշատի ՀՀՇ կազմակերպության ներկայացուցիչ Լեւոն Ավետյանին է պատկանում «Հայոց Համազգային Շարժումն այսօր բառիս բուն իմաստով անշարժ է» արտահայտության հեղինակային իրավունքը: Հաջորդ քննադատական ելույթը Դավիթ Շահնազարյանինն էր: Առաջ անցնելով նշենք, որ նա ստացավ Արարատ Զուրաբյանից 3 անգամ պակաս ձայն եւ չընտրվեց ՀՀՇ վարչության նախագահ: Ուստի այժմ արդեն հետաքրքիր են նրա ելույթի այն հատվածները, որոնք վկայում են, թե ինչ է պատրաստվում անել պրն Շահնազարյանը: Նա նախ նույնպես քննադատեց ՀՀՇ վարչությանը. «Այսօր մենք եկել ենք համագումարի՝ ըստ էության, չունենալով որոշում հանրապետությանը, մեր քաղաքացիներին հուզող ամենակարեւոր, հուզող հարցի վերաբերյալ: Խոսքը նախագահական ընտրություններում մեր դիրքորոշման եւ թեկնածու ունենալու մասին է: Եվ հստակ ուզում եմ ասել, որ մեր համագումարը ժամանակավրեպ էր: Կարելի էր համագումարն անել 2-3 շաբաթ հետո…8230Կարելի էր լավ պատրաստվել՝ նոր անցկացնել այս համագումարը: Ավելի՛ն: Իմ կարծիքով, մեր այս համագումարը դանդաղեցրեց, եթե չասենք՝ կասեցրեց, մի շատ դրական գործընթաց, որը ծավալվել էր հանրապետությունում. քաղաքացիական նախաձեռնության ապաքաղաքական եւ լայն թափ ստացող գործընթացը»: Սակայն եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր համաձայնելու առաջադրել իր թեկնածությունը՝ ճի՞շտ չէր, որ ավելի շուտ կասեցվեր այդ գործընթացը՝ մեր այս հարցադրմանը պրն Շահնազարյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ: «Կուսակցության ղեկավար մարմինն իր բարձրության վրա չէր,- համագումարում հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:- Եվ ընդհանրապես՝ կուսակցության խնդիրը քաղաքականությամբ զբաղվելն է, այլ ոչ թե ձեւ անելը, թե զբաղվում են քաղաքականությամբ: Առայժմ մենք ձեւ ենք անում»: Ըստ նրա՝ «Ամենամեծ օժանդակությունը, որ ունեն ներկա իշխանությունները՝ մեր պասիվությունն է»: Նաեւ հայտնեց, թե կցանկանար ՀՀՇ-ն տեսնել այնպիսին, ինչպես իշխանությունները մտածում են այդ կուսակցության մասին. «Այն հզոր ներուժը, որ մենք ունենք՝ ուղղակի վատնում եւ փոշիացնում ենք»: Սակայն չհամաձայնեց Երջանիկ Աբգարյանի դիտարկմանը, թե ՀՀՇ-ն պետք է արձագանքի ներքաղաքական բոլոր իրադարձություններին. «Ո՛չ, պետք է թելադրի՛ քաղաքականություն, եւ նրա՛նք պետք է փորձեն քարշ գալ այդ քաղաքականության հետեւից: Արձագանքային քաղաքականությամբ մենք չենք հասնի ոչնչի»: Դավիթ Շահնազարյանը բացահայտեց, թե կուսակցության ներսում կան տարաձայնություններ, որոնք համարեց բնականոն. «Բայց քանի որ այդ տարաձայնությունները չեն քննարկվում եւ գտնում իրենց լուծումները, ապա անհրաժեշտ է, եւ ես դա նախաձեռնում եմ. կուսակցության ներսում ստեղծել ֆրակցիա, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր գտնում են, թե կուսակցությունը պետք է ակտիվ աշխատի, եւ անցյալ վարչության գործելակերպը վերարտադրելը անընդունելի է՝ բոլոր այդ մարդկանց առաջարկում եմ՝ համատեղ որոշենք, թե ինչ պետք է անենք: Դա միայն կուժեղացնի մեր կուսակցությունը»: Նա վկայեց, որ Հայաստանում կուսակցությունների ներսում խմբակցություն ստեղծելու նախադեպ չի եղել, թեեւ հիշում ենք, որ ժամանակին նման առաջարկ արել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը Էդվարդ Եգորյանին: Ալեքսանդր Արզումանյանը չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել իր գլխավորած վարչության անգործության վերաբերյալ մեղադրանքները: Դրանց պատասխանեց նախ՝ Արամ Մանուկյանը, որն ակնարկեց, թե այս համագումարը ժամանակավրեպ չէր եւ ուներ ոգեշնչելու խնդիր, հետո՝ Հովհաննես Իգիթյանը. «Համաձայն չեմ, թե մենք պասիվ էինք: Մենք պասիվ էինք, բայց մեր գոյությունն անգամ առաջացնում է սարսափ իշխանությունների համար»: Իսկ ամենահանգամանալից պատասխանն Անդրանիկ Հովակիմյանինն էր. «Վստահ եմ, որ համագումարը եւ նրա ժամկետն ընտրված էին չափազանց ճիշտ: Նախաձեռնող խմբերին խոչընդոտ չենք հանդիսացել եւ դրանում երեւի մենք բոլորս ենք համոզված: Ես վստահ եմ, որ զգացմունքային ելույթներով քաղաքականություն չի արվում: Քաղաքականությունն առաջին հերթին իրատեսություն, հաշվարկ է (…): Այո՛, մենք պետք է սովորենք գործել մեր հնարավորության սահմաններում: Մեր ամենամեծ սխալն այն է, որ միշտ փորձել ենք գլուխ բերել մեր հնարավորություններից ավելի մեծ գործեր»: Դավիթ Շահնազարյանը պնդել էր, թե ՀՀՇ-ի համար կարեւորագույն խնդիրը մնում է իր շուրջ աջ ազատական գաղափարախոսությունը կրող բոլոր ուժերի համախմբումը: Նման ուժերից մեկը՝ «Նոր ուղու» ղեկավարը, տարակուսեց, որ եթե ՀՀՇ-ում անշարժ եւ անգործ են՝ ի՞նչ պիտի տա կուսակցությանը, եթե նրան միավորվեն այլ կազմակերպություններ էլ: Հենց Ա. Բլեյանն էլ առաջարկեց, որ այդ խմբակցությունը ստեղծվի ոչ թե ՀՀՇ-ում, այլ ԱԺ-ում՝ առաջիկա ընտրությունների միջոցով: Ո՛չ Բաբկեն Արարքցյանը կամ «Արմատի» այլ գործիչները, ո՛չ Ալեքսանդր Արզումանյանն ու Տիգրան Հակոբյանը չհամաձայնեցին, որ իրենց թեկնածությունն առաջադրվի ՀՀՇ նոր վարչությունում: ՀՀՇ վարչության անդամներից ամենաշատ ձայները ստացավ Վանո Սիրադեղյանը: Իսկ Դավիթ Շահնազարյանը շնորհավորեց Արարատ Զուրաբյանին՝ ընտրվելու համար: Զարմանալի կուսակցություն է ՀՀՇ-ն: Ասում են, որ ժողովուրդն ատում է այս կուսակցությունը, բայց միայն «Կենտրոն» համայնքում 10 հազար հոգի իր ձայնը տալիս է ՀՀՇ փոխնախագահին (այսուհետ՝ նաեւ նախագահին): Ասում են, թե ՀՀՇ-ն այլեւս ոչ եւս է, բայց այս կուսակցությունն անգամ այժմ ցույց է տալիս պառակտման նշաններ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել