Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ ՈՒՄ ՊԱՐԻՆ Է ԾԱՓ ՏԱԼԻՍ

Նոյեմբեր 29,2002 00:00

ՈՎ ՈՒՄ ՊԱՐԻՆ Է ԾԱՓ ՏԱԼԻՍ Ըստ Գալուստ Սահակյանի՝ Գեղամյանն այլընտրանք չունի «16»-ի միավորումը դեռ չէր հասցրել դաշինք դառնալ, երբ «Սոցիալիստական Հայաստան» միավորման համագումարում Արտաշես Գեղամյանը շտապեց հայտարարել մեկ ուրիշ դաշինքի մասին՝ իր, Վլ. Դարբինյանի եւ Աշոտ Մանուչարյանի միջեւ։ Թերեւս, դժվար է սա համարել լուրջ, երկար-բարակ մտածված եւ գաղափարական հենքի վրա ստեղծված դաշինք։ Սրա հենքն ուրիշ բան է, որն ավելի ուշ է պայթելու, քան կբացվեն ձնծաղիկները։ Միակ լուրջ բանը, որ կա այս դաշինքում՝ հեռանկարն է։ Նկատի ունենանք, թե ինչպիսի խառնվածք եւ սովորություններ ունի Աշոտ Մանուչարյանը, ինչպիսի ակնկալիքներ ունի Արտաշես Գեղամյանը, եւ այս երկուսը միասին, հանուն իրենց անձնական ամբիցիաների, մինչեւ ուր կարող են հասնել։ Ըստ ամենայնի, «16»-ի միավորման մյուս ուժերը պետք է որեւէ կերպ վերաբերմունք դրսեւորեն այս «դաշինքի» հանդեպ, սակայն առայժմ զարմանալի լռություն է, բացի մեկ-երկու գրեթե ոչինչ չասող որակումներից։ Ընկեր Դարբինյանի անձը միտումնավոր շրջանցեցինք, որովհետեւ վերջինս այլեւս դադարել է կատարել քայլեր, որոնք անսպասելի են։ Չմոռանանք, որ երբ Արտաշես Գեղամյանը համագումարի ամբիոնից հայտարարություն արեց դաշինքի մասին, ոչ մի կոմունիստ չկար դահլիճում, այդ թվում՝ նաեւ Վլադիմիր Դարբինյանը։ Մենք պարզապես կարող ենք ենթադրել, թե ինչ է տեղի ունեցել նախորդ օրը։ Հավանաբար, Արտաշես Գեղամյանն ու Վլ. Դարբինյանը տաք-տաք զրուցել են, ապագա հաղթանակի կենացն են մի քիչ չարաշահել ու ընկեր Դարբինյանը բանավոր ինչ-որ խոստում է տվել ինչ-որ դաշինքի մասին։ «Ազգային միաբանության» նախագահն էլ, խոստումը լուրջ ընդունելով, շտապել է հայտարարություն անել։ Իսկ թե ի՞նչ է արել Վլադիմիր Սերգեեւիչը, հայտնի է, հին, փորձված տրյուկ՝ շտապել է հիվանդանոց։ ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանի հերքումը, թե Կենտկոմի բյուրոն նման որեւէ հարց չի քննարկել եւ որեւէ դաշինքի մեջ մտնելու որոշում չի կայացրել, գալիս է ապացուցելու մեր ենթադրությունները եւ Վլ. Դարբինյանի «հիվանդությունը»։ Այս ամենն այսպես է, կամ՝ մոտավորապես այսպես, բայց թե ինչո՞ւ ո՛չ «Հանրապետությունը», ո՛չ ՀԺԿ-ն կամ էլ Վազգեն Մանուկյանը, Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանն ու մյուսները առավել կտրուկ միջոցների չեն դիմում եւ «կարգազանցներին» չեն պատժում, անհասկանալի է։ Ակնհայտ է, որ նրանք Աշոտ Մանուչարյանի եւ Արտաշես Գեղամյանի պարը չեն պարելու, ուրեմն ի՞նչն է նրանց խանգարում ավելի խիստ լինել։ Թերեւս՝ կպարզվի։ Սակայն վերջիններիս փոխարեն՝ իշխող կուսակցությունը ներկայացնող, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ մեզ հետ զրույցում որոշ բաներ ասաց, որոնց արժե անդրադառնալ։ Եվ այսպես. ըստ Գալուստ Սահակյանի՝ ահա թե ինչ է ստացվում. «Կարծում եմ, որ ընդդիմադիր թեկնածուներն իրենց մրցապայքարն արդեն ավարտեցին։ Արտաշես Գեղամյանը կարողացավ հստակ ձեւով ընդդիմադիր դաշտում կայանալ որպես նախագահի թեկնածու։ Եվ հաջողությունն այդտեղ այն է, որ համենայնդեպս, դաշտը վերցրեցին (թեպետ, ըստ լրագրության կանոնների՝ չենք կարող միջամտել, սակայն հարցն ինքնըստինքյան է ծնվում՝ ո՞ւմ հաջողության մասին է խոսքը, եւ ինչո՞ւ է ընդդիմադիրի «հաջողության» համար այսքան ուրախ իշխող կուսակցություններից մեկի անդամը.- Մ. Ե.), բայց որպես հանրապետության նախագահի թեկնածու (Ա. Գեղամյանին նկատի ունի.- Մ. Ե.), կարծում եմ, բնականաբար, ոչ միայն անձով, այլ նաեւ այսօրվա քաղաքական դաշտով, եւ վերջին տարիների կամ վերջին տարում հանրագումարի բերված մեր պետության ներսում զարգացումները՝ տնտեսական եւ քաղաքական բնագավառներում, դարձավ միակ թեկնածուն, ինչպես ամիսներ առաջ ասում էին, այլընտրանք չունեցող թեկնածու։ Համենայնդեպս, կարծում եմ, այս թոհուբոհում, նախագահական ընտրություններից հետո կձեւավորվի բավականին մշակութային, կառուցողական ընդդիմադիր դաշտ»։ Արդյո՞ք տարօրինակ եւ զարմանալի բաներ չի ասում Գալուստ Սահակյանը։ Հենց իրեն էլ ուղղեցինք հարցը։ Մեծամասնության ղեկավարը չհերքեց. «այո, որովհետեւ, փաստորեն, ընդդիմադիր դաշտում մրցապայքարի արդյունքներն այս եզրակացության բերեցին, որ խնդիրն այդ հարթության վրա է դրված։ Եվ դա նաեւ նպաստելու է, որպեսզի առանց լարվածությունների, բավականին օրինական, բաց ընտրություններ տեղի ունենան մեր պետության ներսում»։ Գալուստ Սահակյանի հետ զրույցի ընթացքում զուգահեռ, ակամա հիշեցի ամիսներ առաջ «16»-ի միավորման ստեղծման հետ կապված նախագահ Քոչարյանի «ոգեւորությունը», երբ գործող նախագահը հայտարարեց, թե ինքը կարող է նույնիսկ աջակցել միասնական թեկնածուի ստեղծմանը։ Սա՝ ի դեպ, իսկ իրականությունն այլ է՝ ընդդիմադիր դաշտը դեռեւս չի հայտարարել, թե ունի միասնական թեկնածու։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել