Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի դեռ Եվրոպան մեկ պետության դեմքով չէ

Նոյեմբեր 28,2002 00:00

Քանի դեռ Եվրոպան մեկ պետության դեմքով չէ 1999-ին շրջանառության մեջ դնելով միասնական վճարային համակարգ՝ եվրոպական պետությունները մեկ գերխնդիր ունեին։ Այն է՝ աշխարհում իրեն տեր ու տիրական զգացող դոլարի «քիթը կոտրել», դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Եվրոն տարբեր ժամանակահատվածներում, տարբեր ցուցանիշներով գերակայություններ հաստատեց դոլարի նկատմամբ։ Մասնագետները դա բացատրում են տնտեսական գործոններով։ Կախված այդ երկրների տվյալ պահի տնտեսական ցուցանիշներից, եվրոն եւ դոլարը համապատասխանաբար սկսում են գերակայել մեկը մյուսի նկատմամբ։ Եվ այս ամենի արդյունքում, եվրոյի՝ դիրքերը պնդացնելու ներկայիս միտումը, ըստ մասնագետների, բացատրվում է ԱՄՆ-ի տնտեսական ոչ կայուն վիճակով (մասնավորապես ռազմական ծախսերով պայմանավորված)։ Զուտ տնտեսական տեսանկյունից, այս գուցեթե դրական միտումը, այնուամենայնիվ, այդ պետության վճարամիջոցի վրա, փաստորեն, իր բացասական ազդեցությունն է թողնում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրում եվրոյի հիմքերը համեմատաբար թույլ են։ Դա բացատրվում է նրանով, որ ապրանքները ներմուծվում են Դուբայից, Չինաստանից, որոնք տեղում դոլարով են գնվում եւ իրացումն այդ վճարամիջոցով, պարզապես, առավել հարմար է ներմուծողներին։ Եվրոպական ապրանքները առավել սակավ են հանդիպում, որոնց գնի դոլարային արտահայտությունը բավականին մեծ է։ Այս դեպքում, վաճառողի համար, ըստ էության, տարբերություն չկա՝ ապրանքը եվրոյո՞վ, թե՞ դոլարով կսպառվի։ Ըստ «Հայէկոնոմբանկի» դիլեր կենտրոնի գլխավոր դիլեր եւ տնօրեն Կարեն Տուրյանի, եվրո-դոլար հնարավոր որեւէ հարաբերակցություն մեր բնակչության վրա ազդեցություն չի ունենա։ Քանզի եվրոյով ավանդներ եզակի բանկեր են ընդունում, այն էլ բավականին ցածր տոկոսադրույքներով։ Մեծ հաշվով, մեր հանրապետությունում, այսպես կոչված՝ դոլարացումը շարունակում է բարձր մնալ։ Եվրոյի նկատմամբ մեր բանկային համակարգի «պասիվությունը» պարոն Տուրյանը բացատրում է հաճախորդների պասիվությամբ. «Հիմնական շարժը դոլարով է»։ Բայց, միաժամանակ. «Եվրոյով շարժը գնալով ավելանում է։ Եթե անցած կամ նախանցած տարի այդ շարժը տարեկան 100-200 հազար էր կազմում, ապա այժմ ամսական մեկից երկու միլիոնի է հասնում»։ Եվրոյով հիմնականում մեր երկրում աշխատում են խոշոր եւ ռուսական ընկերությունները։ Մանր եւ միջին ընկերությունները Եվրոպայի հետ համագործակցելու միջոց չունենալու պատճառով շարունակում են հավատարիմ մնալ դոլարին։ Առաջիկա 5-6 տարիների ընթացքում դոլարի՝ խաղից դուրս վիճակում հայտնվելը Կ. Տուրյանը քիչ հավանական է համարում։ Առավել եւս, որ դոլարը եվրոյին հավասարազոր արժույթ լինելով հանդերձ, մեկ առավելություն ունի՝ այն պատկանում է մեկ պետության։ Իսկ եվրոյի պարագայում, պետությունների փոքր տարաձայնություններն անգամ համապատասխան ազդեցություն են ունենում։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել