ՄՕԿ-Ը ԿՈՐՈՇԻ ԻՆՉ ՄԱՐԶԱՁԵՎ ՀԱՆԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ Այս օրերին Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմն աշխատում է Մեքսիկայի մայրաքաղաքում։ Գործկոմի եռօրյա նիստերը նախորդում են նոյեմբերի 28-29-ին Մեխիկոյում կայանալիք ՄՕԿ-ի 114-րդ համաժողովին։ Հենց այդ ժամանակ էլ, ինչպես սպասվում է, որոշումներ կկայացվեն՝ կապված ապագա Խաղերի ծրագրի ու կազմակերպման հետ։ Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ գործկոմի աշխատանքային առաջին օրվա ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարվել է, որ ապագա օլիմպիական խաղերի ծրագրից որոշ մարզաձեւեր հանելու հետ կապված վճիռը կայացվելու է նոյեմբերի 29-ին՝ ՄՕԿ-ի համաժողովի վերջին օրը։ Թե որ մարզաձեւերին է սպասվում «օտարման» վտանգը, հայտնի կդառնա վաղը, սակայն, ըստ նախնական տվյալների, խոսքն առաջին հերթին վերաբերում է բեյսբոլին, սոֆթբոլին, մարզական քայլքին, բայդարկաներով եւ կանոեներով թիավարության միաձուլությանը, ձիասպորտին եւ ժամանակակից հնգամարտին։ Ասուլիսում նշվել է նաեւ, որ այս դիսցիպլինների ներկայացուցիչները ՄՕԿ-ի գործկոմի 15 անդամների արդեն ծանոթացրել են իրենց մարզաձեւերը օլիմպիական խաղերի ծրագրում թողնելու անհրաժեշտությունն ապացուցող հիմնավորումներին։ Միեւնույն ժամանակ, օլիմպիական ծրագրում ընդգրկվելու ավելի շատ հավանականություն ունեն գոլֆը եւ ռեգբին։ Ամեն դեպքում, ինչպես հայտարարվել է ասուլիսում, յոթնամյա ժամկետ է նախատեսված, որպեսզի համապատասխան բոլոր որոշումները մտցվեն օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ