Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոսուցիչները շտկումներն անում են առավել վարպետորեն

Նոյեմբեր 28,2002 00:00

Ոսուցիչները շտկումներն անում են առավել վարպետորեն Թե ինչպես ուսումնասիրությունը բարձրացրեց տնօրենների գիտակցությունը Քաղաքապետարանի կրթության վարչության՝ այս ուսումնական տարվա մինչեւ նոյեմբերի 10-ը անցկացրած ստուգումների արդյունքում արդեն երկու դպրոցի տնօրեն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Ճիշտ է, չորսն էլ պարգեւատրվել են: Բայց դրանից ամրապնդվում են միայն այդ չորս դպրոցների տնօրենների դիրքերը: Դա բնավ չի նշանակում, թե այդ դպրոցներում ավելի լավ են սովորեցնում կամ դաստիարակում: Ավելին, այս դպրոցներում սովորաբար առավել մասսայական բնույթ են կրում «կրկնուսուցումները», քանի որ սրանք որպես կանոն լինում են քաղաքում հեղինակություն վայելող դպրոցները, իսկ այստեղ էլ սովորում են ունեւոր շրջանակների երեխաներ: Հետեւաբար այստեղ էլ մեծանում են տնօրենների հնարավորությունները՝ լեզու գտնել վարչությունից ստուգման եկած տեսուչների եւ ավելի բարձր պաշտոնյաների հետ: Այն երկու տնօրենների՝ թիվ 93 եւ Թումանյանի անվան դպրոցների, ազատման դիմում գրելու պատճառները ոչ պաշտոնական շրջանակներում հաստատվում են իբրեւ ստուգումների արդյունք, «էլ ուրիշ ի՞նչ», իսկ պաշտոնական պատասխանները ինչպես միշտ նման են հեքիաթի, որտեղ միայն զուգադիպություններ են ու պատահականություններ: Քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Ս. Աչոյանը նախ մեզ հայտնեց, որ դրանք ոչ թե ստուգումներ էին, այլ ուսումնասիրություններ, եւ որ տնօրեններն աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել իրենց կամքով, «դա ուսումնասիրությունների արդյունքում արված եզրակացություն չէ, պարզապես նրանց որոշումը զուգադիպեց այդ ուսումնասիրություններին»: Եվ հենց այդ պահին նրանք հասկացան, որ այլեւս չեն կարող ղեկավարել դպրոցը: «Նրանք հասկացան, որ կրթադաստիարակչական աշխատանքներն իրենց մոտ լավ չեն ստացվում»,- ավելացնում է տիկին Աչոյանը: Վերոնշյալ 2 դպրոցները, պարզվում է, գտնվում են շատ անմխիթար վիճակում: Հայտնի է, որ դպրոցներին պետականորեն հատկացվող գումարները շատ քիչ են, որպեսզի ամեն տարի այնտեղ վերանորոգման աշխատանքներ տարվեն կամ գույք ավելացվի: Այդ միջոցները սովորաբար ձեռք են բերվում ծնողների գրպաններից: Իսկ այս դպրոցների ծնողներն ու տնօրեններն էլ այդքան «շնորհք չեն ունեցել» կազմակերպել բավարար չափով դրամահավաքություն: Դրդված էինք այս եզրակացությունն անել, քանի որ կոնկրետ օրինախախտում գրանցված չէ, եւ շեշտվում է միայն դպրոցների անմխիթար վիճակը: Եվ «ստուգում» բառն էլ փոխարինվում է «ուսումնասիրություն» բառով թերեւս այն պատճառով, որ ցանկացած դպրոցում էլ «անկեղծ» ստուգման արդյունքում խախտումներ կգտնվեն, այդ թվում եւ՝ պարգեւատրվածներում: Եվ այս հարցում էլ մեր «հմուտ մասնագետները» մի սողանցք թողնում են: Իսկ, ընդհանրապես, ի՞նչն են ստուգում դպրոց այցելող տեսուչները: Առաջին հերթին ստուգման թիրախ են դառնում մատյանները: Պարզվում է՝ մատյանի մեջ շտկումներ անելու անհագուրդ ցանկություն ունեն ոչ միայն աշակերտները, այլեւ հենց ուսուցիչները: Եվ շտկումները երկու դեպքում էլ գնահատականներին են վերաբերում: Եթե դասարանի ավագը մատյանը ուսուցչանոց հանձնելուց առաջ կարող է տրամադրել իր դասընկերներին՝ անցանկալի գնահատականները սրիչով մաքրելու ու փոխարինելու ավելի բարձր գնահատականներով՝ ծնողի մոտ ավելորդ անգամ չկարմրելու համար, ապա ուսուցիչների նպատակն ավելի գործնական է. նրանք նույն գործողությունն անում են շահադիտական նկատառումներով՝ այդ նույն ծնողի հետ գործարքի մեջ մտնելու համար: Ուսուցչի նմանատիպ գործողությունը կարող է չնկատվել, եթե մի գործարք էլ կազմակերպվի դպրոցի տնօրինության ու տեսուչների միջեւ: Ի դեպ, նախկին մի ուսուցչից տեղեկացանք, որ շտկումներ անելիս եթե պատահում է, որ մատյանի էջը շատ է կեղտոտվում, ուսուցիչները դրա ելքը գտնում են այն տպարանում, որտեղ տպվել է այդ մատյանը՝ այնտեղից մի զույգ էջ խնդրելով: Ովքեր այս հնարամտության մասին չգիտեին, թող այսուհետեւ օգտվեն դրանից, սակայն դպրոցում բազում այլ վիճարկելի եւ սակարկելի «գործողություններ» կան: Իսկ դեկտեմբերի սկզբից նախատեսվում են շարունակել ստուգումները, որոնք դադարեցվել էին՝ դպրոցական կանոնադրության հետ կապված խնդիրների կազմակերպման պատճառով: Դպրոցական խոհանոցից մի մասնավոր դեպքի կանդրադառնանք մեր առաջիկա համարներից մեկում: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել