Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՊԱՐՏՔ ՄՆԱՑԻՆ ԱՎՇԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Նոյեմբեր 28,2002 00:00

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՊԱՐՏՔ ՄՆԱՑԻՆ ԱՎՇԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Փաստաբան Արմեն Մանուկյանը երեկ տեղեկացրեց, որ բացարկ են հայտնել Արարատի մարզի առաջին ատյանի Վեդու նստավայրի դատավորին։ «Երբ մոտեցա «հակառակորդի» փաստաբաննե րին, ներկայացուցիչներին, որպեսզի ասենք, որ եթե լինեն սխալներ, մենք հայցադիմումով կհեռանանք, ինձ «Ավշար» գինու գործարանի տնօրենն առաջարկեց. «Համարենք, որ այս ամենը վերջացած է։ Երեւան գնալուց գործարանով անցեք, մի-երկու բլոկ ձեզ լավ օղի կտանք»։ Փաստաբանը թերթի միջոցով «հայտարարեց», որ «Արայիկ Գրիգորյանը փաստաբաններ Արմեն Մանուկյանին եւ Սամվել Միրզոյանին 2-3 բլոկ պարտք է»։ Սա՝ իբրեւ սկիզբ։ Երրորդ դատական նիստն է, ինչ Վեդու դատարանը (դատավոր՝ Ռազմիկ Հովհաննիսյան) քննության է դրել նոյեմբերի 17-ին թիվ 25 ընտրատարածքում կայացած գյուղապետի ընտրությունները, մասնավորապես թեկնածուներից մեկի՝ Վահագն Մկրտչյանի, հայցադիմումը։ Թեկնածուի լիազոր-ներկայացուցիչներն էին փաստաբաններ Արմեն Մանուկյանն ու Սամվել Միրզոյանը։ Վերջինիս կարծիքով. «խախտումները եղել են բացահայտ պարզ, հրապարակային։ Կան 3 տեսաերիզներ, յուրաքանչյուրը 1,5 ժամ, որոնք արտահայտում են ամբողջ իրականությունը, սկսած վստահված անձերին ահաբեկելուց, հանձնաժողովի անդամների իրավունքները սահմանափակելուց, նրանց ահաբեկելուց»։ Փաստաբանի գնահատմամբ, առկա են հատկապես «Ընտրական օրենսգրքի» 139, 58, 56, 53 հոդվածների խախտումները։ «Հակառակորդի» ուժեղ կողմը, ըստ հայցվորի, օրենսգրքի համահեղինակներից՝ Հրայր Թովմասյանի ներկայությունն է, որը «ոչ թե իրավաբանություն է բանեցնում, այլ՝ բանասիրություն»։ Սամվել Միրզոյանը տեղեկացրեց, որ դատարան են ներկայացրել 41 անուն-ազգանուն («էությունը ցուցակի քանակը չէր»), թեեւ ունեինք 350-ից ավելի տվյալներ։ Ըստ փաստաբան Ա. Մանուկյանի, իրենք դատարանի ստուգելու «հնարավորություններն» են հաշվի առել, տրամադրելով 41-ի ցուցակները։ Սակայն այս միջնորդությունը նույնպես մերժվել է, ինչպես դատարանի միջոցով ապացույցներ ձեռք բերելու միջնորդությունը։ «Մենք կասկածներ ունենք, որ ընտրությունները տեղի են ունեցել ակնհայտ սխալներով։ Մեր ասածները հիմնավորելու համար դատարանին ենք դիմել, որ ինչպես տեղամասային հանձնաժողովի որոշումները, նաեւ այդ տեղամասերում կատարված ընտրությունները անվավեր եւ չեղյալ համարվեն, ինչպես նաեւ թիվ 25 ընտրատարածքային հանձնաժողովի որոշումը եւ արձանագրությունը»,- շարունակեց փաստաբան Ս. Միրզոյանը, որն ասվածը հիմնավորելու համար վկայակոչել է ընտրական տեղամասերի արձանագրություններն ու ընտրողների ցուցակները, քվեաթերթիկները։ «Դատավորը ապացույցների ձեռքբերման հետ կապված պատճառաբանում է, թե մենք չենք կարող դրանք ձեռք բերել, քանի որ դա տարածքային ընտրական հանձնաժողովի մոտ է։ Իսկ ըստ Քաղաքացիական օրենսգրքի 49 հոդվածի, եթե կողմը չի կարողանում ապացույցներ ներկայացնել, ուրեմն նա միջնորդում է դատարանին եւ ինքն է ապահովում դա։ Դատավորը մերժեց, ասելով, որ մեր միտումն այն է, որ՝ դատարանին ընդգրկել եք ցանկանում ձեր վիճաբանության մեջ»։ Փաստաբան Ս. Միրզոյանի ասածից սկսեցինք կասկածել, թե կա՞ որեւէ դատարան, որը չի ընդգրկված կամ ընդգրկվում որեւէ վիճաբանության մեջ։ Դատարանի այլ գործառույթներին (ասենք, դատական վիճաբանությունների «համտեսման», դատական ճառերի էկոլոգիական պաշտպանության…) տեղյակ չէինք։ Համենայնդեպս, դատարանը, ըստ փաստաբանների, «խուսափել» է «կողմ» լինելուց, նրանց իսկ տրամաբանությամբ։ «Էլի ապացույց ձեռք բերող չես,- նկատեց փաստաբան Ա. Մանուկյանը,- բայց դու ապացույց չբերելով օժանդակում ես կողմին, որ այն ապացույցը ձեռք բերի, որ ինքը չի կարողանում ձեռք բերել»։ Հայցվորին նաեւ մեղադրել են ժամկետների խախտման մեջ։ Նա կարող էր դիմել դատարան նոյեմբերի 17-ի ընտրության արդյունքը «հայտնի» դառնալուց 2 օր հետո։ Ինչպես օրենսգրքով սահմանված է։ Իսկ օրենսդիրը հստակ չի ասել, թե այդ «հայտնիի» տակ ինչ է ինքը հասկացել. այն, որ հայտնի կարո՞ղ էր դառնալ պայմանական արդյունքը, այն, որ կարող էր հայտնի դառնալ որոշմա՞ն տեսքով, թե՞… ասենք, հաջորդ օրը, վստահված անձանց հետ զրուցելիս։ Տվյալ դեպքում, թեկնածու Վ. Մկրտչյանին այն հայտնի է դարձել… նոյեմբերի 18-ին, եւ նա էլ 20-ին դիմել է դատարան (հավանաբար ճիշտ կլիներ գրել. «հրապարակման պահից» արտահայտությունը- Ռ. Մ.)։ Ընդ որում, հանձնաժողովն էլ 20-ին է որոշում կայացրել։ Այսինքն, նույն հանձնաժողովին էլ է «հայտնի» դարձել… 20-ին։ Փաստաբանների հաջորդ միջնորդությունը՝ կապված Մարդու իրավունքների հայկական կենտրոնի 5 դիտորդներին որպես վկա դատակոչելու հետ, նույնպես մերժվել է, չնայած դիտորդները ՄԻՀԿ նախագահ Սմբատ Մարտիրոսյանի հետ դատարանում էին։ Բացարկի համար դատավորը սուրացել է Վեդիից Արտաշատ, սակայն նշանակված «ժամադրությունը» չի կայացել՝ դատավորի «ժամախախտության» պատճառով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել